Տնտեսություն 

Հայաստանի էներգետիկայի նախարար. «ՀայՌուսգազարդը» կարող է գնել նաև ոչ ռուսական գազ

analitik.am

«ՀայՌուսգազարդը»  կարող է գնել նաեւ ոչ ռուսական գազ: Այդ մասին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:


Նրա խոսքով՝ թեև այժմ «ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմին», սակայն Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը շարունակում է որոշել կառավարությունը: «ՀայՌուսգազարդի» արտոնագրի պայմաններից մեկի համաձայն՝ այն պետք է ավելի էժան գազ ձեռք բերի, եթե այդպիսին կգտնվի», - նշել է նախարարը: Նա նշել է նաև, որ մոտ ապագայում պատրաստվում է հանդիպել Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ և հստակեցնել, արդյոք Թեհրանը ցանկանում է Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ առաջարկել և ինչ պայմաններով: «Ես կապվել եմ պարոն Ռեիսիի հետ, մամուլի առջև ունեցած ելույթից անմիջապես հետո: Դրանից հետո նա մեկնեց Իրան, և նրա ժամանումից հետ մտադիր եմ հանդիպել նրան», - հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանը կարող է բարեկամ երկրներին, այդ թվում նաև Հայաստանին,  ավելի արտոնյալ պայմաններով գազ մատակարարել, իսկ մանրամասները կարելի է հստակեցնել բանակցությունների ընթացքում:


Այնուամենայնիվ, նախարարը հավելել է, որ իրանական կողմը ռուսականից էժան գին չի առաջարկել: «2010թ. - ին Իրանի գազի ազգային ընկերությունը  մեզ հայտնեց, որ փոխանակման սխեման ՝ 3 կՎտ ժամ էլեկտրաէներգիան 1 խմ գազի դիմաց,  այլևս ձեռնտու չէ իրենց, և առաջարկեց մեծացնել այն  1-ից մինչև 5: Տեխնիկապես իրականացնել դա անհնար էր, ինչը հասկանում էին նաև մեր գործընկերները: Մեկ տարում, մինչև 2012թ. մայիս, ես հինգ հանդիպում եմ ունեցել Իրանում բարձր մակարդակում, այդ թվում արտաքին գործերի նախարարի, նավթի և գազի նախարարի, փոխնախարարի, նույն ինքը Իրանի գազի ազգային ընկերության ղեկավարի հետ: Նրանք ասում էին, որ Իրանը մեծ հաճույքով դուրս կգար «1-ը 3-ի դիմաց» ռեժիմից ու գազը կվաճառեր  փողի դիմաց: Իսկ Հայաստանի հետ այլ սկզբունքներով աշխատանքը, ինչպիսիք որ մյուս հարեւանների դեպքում է, կազդեր երկրի արտաքին հեղինակության վրա»,- պարզաբանել է Մովսիսյանը:


Ինչ վերաբերում է դրամական պայմաններին, ապա իրանական կողմը չկարողացավ Հայաստանին 440 դոլարից ցածր գին առաջարկել, ինչը ոչ մի կերպ էժան չի ռուսական 189 դոլարից, նշել է նախարարը: «Իհարկե, մենք կգնենք նրանից, ով ավելի էժան է առաջարկում: Եթե Իրանը ցանկանա Հայաստանի համար հարմար պայմաններով բանակցություններ վարել, մենք պատրաստ ենք»,- հայտարարել է նախարարը:

Նույն շարքից