Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ընդդեմ ՌԴ-ի ձևավորված կոալիցիան կարող է քանդվել. Նյարդապարալիտիկ նյութի աղբյուրն անհայտ է

analitik.am

Ռազմական լաբորատորիան չի կարողացել հաստատել, որ Սոլսբերիում օգտագործված նյարդապարալիտիկ նյութը պատրաստվել է Ռուսաստանում: Պաշտպանական գիտա-տեխնիկական լաբորատորիայի ղեկավար Գերի Էյտկենհեդը խոստովանել է, որ թույնի իրական աղբյուրն անհայտ է: Նա նաև ասել է, որ իր լաբորատորիան ընդամենը հայտնել է, որ օգտագործվել է  «Նովիչոկ» տեսակի  նյարդապարալիտիկ նյութ, որն էլ կարող էր օգտագործվել միայն պետության կողմից: Այս մասին գրում է The Times-ը:

Նշվում է նաև, որ Թերեզա Մեյը, մեղադրելով ՌԴ-ին, հիմնվել է ոչ միայն գիտական հետազոտության արդյունքների, այլ նաև բազմակողմանի հետախուզական գնահատականների վրա: Ըստ թերթի, հնարավոր է, որ Մեյի ձևավորած կոալիցիան  ընդդեմ ՌԴ-ի քանդվի:

Գերմանիայի իշխող կուսակցության անդամ Արմին Լաշերն իր  Twitter-յան էջում գրել էր. «Եթե ստիպում ես ՆԱՏՕ անդամ բոլոր երկրներին սոլիդարություն դրսևորել, մի՞թե չպետք է վստահելի ապացույցներ ունենաս: Անկախ նրանից, թե ով ինչ է մտածում Ռուսաստանի մասին, միջազգային իրավունքի ուսումնասիրման իմ փորձն ինձ սովորեցրել է այլ մեթոդներով շփվել ուրիշ պետությունների հետ»:

Պուտինն էլ իր հերթին հայտարարել էր, որ միջազգային փորձագետների տվյալների համաձայն, այդ նյարդապարալիտիկ նյութը կարող է պատրաստվել մոտ 20 երկրում, ինչպես նաև նշել, որ ՌԴ-ն Քիմիական զենքն արգելող կազամկերպության նիստի ժամանակ 20 հարց կներկայացնի:

Բրիտանական կառավարության մամուլի խոսնակն էլ նշել է, որ միայն գիտական հետազոտությունների վրա չպետք է հիմնվել և այդ ստոր քայլի հեղինակը ՌԴ-ն է, ինչում միջազգային հանրությունը համակարծիք է, այլ արժանահավատ բացատրություն չկա:

Թերթը նաև նշում է, որ ռուսական կողմից փորձեր եղան մեղադրել Մեծ Բրիտանիային Սկրիպալի թունավորման մեջ, ինչը ոչ միայն աբսուրդ է, այլ նաև վկայում է այն մասին, որ Մոսկվան մտահոգվում է նրանով, որ այս հարցը  կարող է պատժամիջոցների կիառմամբ  չավարտվել և գուցե նրան ստիպեն բացել իր փորձագիտական լաբորատորիաները:  Հեղինակն ավարտում է այն մտքով, որ չպետք է պետությունը, որը Պուտինի օրոք բազմաթիվ միջազգային նորմեր է խախտել, զարմանա, թե ինչու է կորցրել վստահությունը:

Le Monde-ն էլ գրում է, որ Սկրիպալի դեպքը ցույց տվեց, որ արդեն ժամանակն է, որպեսզի Պուտինի շրջապատի օլիգարխները, քաղաքական գործիչներն ու ընդդիմադիրները, ինչպես նաև աքսորի մեջ գտնվող ռուս օլիգարխներն ավելի զուսպ դառնան. Ռուսները գալիս են Լոնդոն, որովհետև սա տեղ է, որը հեշտությամբ ընդունում է կեղտոտ փողերը: Լոնդոնի ճանապարհը ցույց է տվել Բորիս Բերեզովսկին՝ դեռևս 2001 թվականին:

Թերթի հետ զրույցում Բերեզովսկու մահից հետո ռուս քաղաքական փախստականների փոքրիկ համայնքի ամենաազդեցիկ մարդը դարձած Միխաիլ Խոդորովսկին ասել է. «Անվտանգության տեսանկյունից ամենահուսալի վայրերը Շվեյցարիան և Իսրայելն են, բայց Լոնդոնը պրակտիկ է՝ և՛ ռուսերենի իմացությամբ աշխատակիցներ գտնելու տեսանկյունից, և՛ նրանով, որ օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքական գործունեության ֆինանսավորում»:

Սկրիպալի դեպքից հետո Լոնդոնում գտնվող ռուսներն ավելի զգոնացան, սակայն սա չի նշանակում, որ Մեծ Բրիտանիան համատարած կասկած է տածում բոլոր ռուսների նկատմամբ: Ճիշտ է, Մեյը հայտարարել է այն մասին, որ ստուգվելու են Լոնդոնում գտնվող ռուսների եկամուտները՝  կեղտոտ փողեր հայտնաբերելու նպատակով, բայց սրանք դեռևս խոսակցություններ են:

 

Նույն շարքից