Բարի օր Տնտեսություն 

Paypal վճարային համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ-ում՝ որպես առցանց առևտրի զարգացման խթան

analitik.am

Ինչպես գիտենք, Հայաստանում փորձում է  զարգանալ առցանց առևտրի ոլորտը, սակայն կան մի շարք բացեր, որոնք խանգարում են ոլորտի կայուն զարգացմանն ու առաջընթացին: Հիմնական խնդիրներից մեկն առցանց և աշխարհում  տարածված վճարային համակարգերի ոչ լիարժեք գործարկումն է:  Paypal վճարման համակարգը ոչ լիարժեք է կիրառվում Հայաստանում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում առցանց առևտրով զբաղվող և առցանց  գործարքներ կատարող  կազմակերպությունների և մարդկանց համար: Այս հարցի հետ կապված Analitik.am-ի թղթակիցը նախ զրուցեց  առցանց առևտրով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ՝ հասկանալու համար, թե ինչքանո՞ վ է նրանց անհրաժեշտ Paypal վճարման համակարգի ամբողջական գարծարկումը ՀՀ-ում:

Onex Online Express կազմակերպությունից ասացին, որ ներկայումս իրենց  միջոցով օգտատերերը կատարում են բազմաթիվ  գնումներ արտերկրից և այդ գործընթացում կարևոր տեղ է զբաղեցնում  Paypal  վճարային համակարգը : Այն հնարավորություն է տալիս վճարումներ կատարել , սակայն թույլ չի տալիս ընդունել վճարումներ արտերկրից, ինչպես նաև ՀՀ-ից  լիցքավորել  Paypal հաշիվը.«ՀՀ -ում  Paypal  վճարային համակարգի ներդրումը հնարավորություն կտար հայ արտադրողին վաճառել ապրանքներն արտերկրում և ստանալ դրանց դիմաց վճարումները  Paypal-ի միջոցով : Նման վստահելի համակարգի ներդրումը ՀՀ-ում կխթանի հայկական շուկայի զարգացումը և հայկական արտադրանքի արտահանումն այլ երկրներ»:

Eli.am-ի  տնօրեն Տիգրան Ճորոխյանն էլ նշեց, որ  տրամաբանական չի, որ որևէ օնլայն առևտրով զբաղվող կազմակերպություն հրաժարվի այդ համակարգից. «Խոսքը վերաբերում է հանրության համար վստահելի վճարային համակարգին: Օգուտի մասին խոսելիս՝ կարող եմ ասել, որ ոչ թե կարող է օգուտ տալ, այլ պարտադիր օգուտ կտա: Վերջին շրջանում փորձը ցույց է տալիս, որ Paypal-ի նման վստահելիություն վայելով այլ վճարային համակարգ չկա: Paypal-ի հիմնական առավելություններից մեկն այն է, որ դրա միջոցով գնում կատարելիս՝ ապրանքը չհավանելու կամ անսարք լինելու դեպքում, ապրանքի դիմաց կատարված վճարը միանգամից վերադարձվում է: Օնլայն առևտրով զբաղվող կազմակերպություններն ունեն վճարային համակարգեր, որպեսզի ընդունեն վճարներ՝  օրինակ պլաստիկ քարտերից կամ այլ վճարային համակարգերից, ինչպիսինն են՝Idram-ը, հայկական Mobi-dram ունենք, սրանք բավական տարածված են, բայց սրանցից ոչ մեկը չունի այն հեղինակությունն ու վստահելիությունը, որը հանրության շրջանում հնարավորություն կտա ընդլայնել օնլայն գնումների քանակը: Մարդիկ հիմնականում չեն վստահում առևտրային և վճարային համակարգերին, դրա համար չեն անում առևտուր: Մեր երկրի ներսում ունենք վստահելիության խնդիր. Օրինակ՝ մարդիկ Eli.am -ից չեն օգտվել, չգիտեն որակյալ սպասարկում ունի,  թե չէ, կվերադարձնի, թե չի վերադարձնի, օրենքը կպահպանի, թե կխախտի` ասելով  իմ գործը չի, առել ես, ինչ ուզում ես արա, ոնց որ սովորաբար տեղի է ունենում Հայաստանում: Մարդուն ասում ես՝ օրենք գոյություն ունի, ասում է այդ օրենքն ինձ չի հետաքրքրում: Կան հանրության լայն շերտեր, որոնք իրազեկման խնդիր ունեն և այդ իրազեկման խնդիրը, որ պետք է կառավարությունն անի՝  օնլայն առևտրի  խրախուսման համար, չի անում տարբեր պատճառներով: Ավելի լայն են այն շերտերը, որոնք  տեղյակ չեն օնլայն առևտրի առավելություններից, քան այն շերտերը, որոնք տեղյակ են և օգտվում են դրա հնարավորությունից: Հայաստանում հենց միջնորդների բացակայությունը թույլ չի տալիս օնլայն առևտուրը հասցնել թռիչքային աճի տեմպերի » :

Jin.am –ից էլ նշեցին, որ իրենց համար  Paypal վճարային համակարգի օգնությամբ արտասահմանից  գնումներն ավելի կհեշտանան. «Առանց Paypal-ի ամբողջական գործարկման հիմնական խնդիրը հանդիսանում է այն, որ Globbing-ի պես միջնորդ ընկերություններից ենք հաճախ ստիպված լինում օգտվել»:

Mediamarket.am – ն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ առանց Paypal-ի ամբողջական գործարկման հիմնական խնդիրը դրսի հետ առևտրի ոչ մատչելի լինելն է. «Դրսից գնումներ կատարելիս հարցնում են Paypal վճարման համակարգ ունե՞ք: Խնդիրը ներկայումս այնքանով է, որ արտասահմանյան Master Card-ով առևտուր անելիս տոկոս է պահվում, իսկ կոնկրետ Paypal-ում այդ տոկոսը չկա: Այս համակարգը հիմնականում դրսից առևտուր անող մարդկանց համար ավելի հարմար կլինի»:

Մենք զրուցեցինք մի շարք այլ կազմակերպությունների հետ, որոնք առցանց գործարքներ են կատարում և նրանք նույնպես պնդեցին, որ Paypal համակարգի ամբողջական գործարկումը ոչ միայն Հայաստանում կզարգացնի առցանց առևտրի ոլորտը, այլ նաև մարդկանց թույլ կտա ավելի հարմար և շահավետ գործարքներ կատարել, ուստի չեն հասկանում, թե ինչու կառավարությունը չի կարգավորում այս հարցը:

Analitik.am-ը հարցում արեց ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պարզելու համար, թե ինչն է պատճառը, որ Հայաստանում չի գործարկվում Paypal վճարային համակարգի ամբողջական տարբերակը, որին ի պատասխան մեզ հայտնեցին, որ դա դուրս է վերոնշյալ նախարարության լիազորությունների տիրույթից:

Նշենք, որ մենք հարցումներ ենք կատարել մի շարք այլ մարմիններ, ուստի առաջիկայում կներկայացնենք ամբողջական հոդված այդ մասին,  ինչպես նաև այն մասին, թե ինչ քայլեր պետք է արվի Հայաստանում  Paypal համակարգն  ամբողջական  գործարկելու համար:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք էին անցկացրել՝ պահանջելով   Paypal վճարային համակարգի ամբողջական գործարկում: Ստորագրահավաքին միացել էին հազարավոր մարդիկ:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից