Տնտեսություն 

«Մտավախություն ունեմ, որ հերթական անգամ Հայաստանի ազգային և պետական շահերը կարող են վտանգվել». Հարություն Մեսրոբյան

analitik.am

 

 Օրեր առաջ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկայևը Թուրքիայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի հետ բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ Թուրքիան նախաձեռնել է Մաքսային միության անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը: Ուլյուկայևը հաստատել է, որ թուրք նախարարը անձամբ է հայտարարել Թուրքիայի՝ Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության նախաձեռնության մասին: «Մենք քննարկել ենք հնարավոր համագործակցության ձևերը, այդ թվում՝ Մաքսային միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու հիմնումը: Պայմանավորվել ենք համապատասխան աշխատանքային խումբ ստեղծել սեպտեմբերին և սկսել ավելի մանրամասն քննարկել այդ հնարավորություններն ու հեռակարները», - ասել է Ուլյուկաևը՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում G20-ի առևտրի նախարարների հանդիպման ժամանակ:


 Տնտեսագետ, կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանի համոզմամբ՝ Թուրքիայի այս քայլի առաջնային նպատակն իր տնտեսական ազատության շրջանակների ընդլայնումն է: «Մենք խնդիր ունենք Թուրքիա պետության հետ: Հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքականությունը դիվանագիտական իմաստով հարմարվողական է, այսինքն՝ պահի տակ որոշումներ են կայացվում, չկա ռազմավարական գիծ, ես չեմ ուզում ասել, թե ինչի դա կհանգեցնի: Բայց մտավախություն ունեմ, որ հերթական անգամ Հայաստանի ազգային և պետական շահերը կարող են վտանգվել, որովհետև ի տարբերություն մեզ՝ Թուրքիան լուրջ պետություն է: Ես չեմ գտնում, որ մեր պետությունը թե ներքին, թե արտաքին քաղաքականության և թե ռազմավարական իմաստով, լուրջ պետություն է: Եթե կա ինչ-որ հնարավորություն մեծացնել ազատության աստիճանը, Թուրքիան կօգտվի դրանից: Նրա համար այդպիսով նոր ասպարեզ է բացվում»,- Analitik.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:


Ըստ նրա՝ Թուրքիան իր սովորության համաձայն սիրում է խաղալ մի քանի տախտակներով: Մաքսային միության անդամ երկրների հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին Թուրքիայի  մտադրության պատճառներից մեկն էլ, Հ. Մեսրոբյանի կարծիքով, Եվրամիության հետ առկա խնդիրներն ու խոչընդոտներն են: «Այս Մաքսային միությունը և նման տեսակի այլ միություններ ձևավորման փուլում են: Թե ինչ և ինչպես է լինելու, կմիանա Թուրքիան այս միությանը, թե ոչ, փոքր-ինչ շուտ է նման հարցեր քննարկելը»,- ասաց նա:


Թուրքիա – ՄՄ հնարավոր համագործակցության մասին լուրերն ու քննարկումները նոր չեն: Դեռևս 2012 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի և Էրդողանի՝ Թուրքիայում կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, որ եթե Թուրքիան ցուցաբերի ՄՄ-ին միանալու ցանկություն, ապա Ռուսաստանը կողջունի այն:


Հետագայում մի անգամ Թուրքիան բարձրաձայնեց և ակնարկներ արեց այս հարցի շուրջ: Դրանցից մեկը 2013-ի նոյեմբերին Ռուսաստանում Էրդողանի հայտարարությունն էր, թե Թուրքիան հետաքրքրված է Եվրասիական միության հետ ազատ առեւտրի հեռանկարով:


Իսկ այս տարվա հունվարին Ռուսաստանում հայտնի տնտեսագետ, «Նեկոնո» խորհրդատվական ընկերության փորձագետ Միխայիլ Խազինը «Ռեգնում»-ի հետ իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Թուրքիային ոչինչ չի մնում, բացի Մաքսային միությանը անդամակցելուց: Ըստ նրա՝ Թուրքիային արտաքին շուկաներ են անհրաժեշտ, հակառակ դեպքում՝ երկրի բնակչության կյանքի մակարդակը զգալիորեն կնվազի: «ԵՄ անդամակցման նախագիծը ձախողվեց, իսկ սա նշանակում է, որ ուշ թե շուտ ԵՄ շուկաները Թուրքիայի համար փակ կլինեն: Ձախողվեց նաև «Նոր Օսմանյան կայսրության» նախագիծը: Մնում է միայն Մաքսային միությունը: Դեռևս Թուրքիա – ՄՄ համագործակցության ձևաչափը որոշված չէ, հետևաբար, այժմ միայն կարելի է խոսել տենդենցների մասին»,- հայտարարել է տնտեսագետը:


Միխայիլ Խազինի կարծիքով, Թուրքիայի` Մաքսային միության հետ մերձեցմամբ հետաքրքրված են այդ գործընթացի բոլոր կողմերը: «Սա այն դեպքն է, երբ համագործակցության զարգացումը մասնակիցներից ոչ մեկին չի վնասում: Այլ հարց է, թե երբ այն պետք է չափազանց մանրակրկտորեն մշակել, իսկ դա դեռ դժվար է: Նման մերձեցումը երկարաժամկետ գործընթաց է, այլ ոչ թե  ինչ-որ կոնկրետ անձանց հապճեպ որոշում»,- հայտարարել է նա:

 

Նա չի մոռացել նաև հայկական կողմին, ավելի կոնկրետ՝ երկու գործընթացների հնարավոր փոխհամագործակցությունը: Խոսքը Հայաստանի` Մաքսային միությանը հայտարարված, հաստատված և արդեն իսկ սկսված անդամակցության գործընթացի և նաև վերջինիս` Թուրքիայի հետ մերձեցման մասին է: Նա կանխատեսել էր, որ Անկարան դեմ չի լինի: «Ավելին, ՄՄ շրջանակներում Թուրքիան ավելի մեծ հնարավորություններ կունենա Հայաստանի քաղաքականության վրա ազդելու համար: Մեկ այլ հարց է, որ մինչ Թուրքիայի ՄՄ-ին անդամակցելը դեռևս երկար ճանապարհ կա, ինչը չես ասի Հայաստանի համար»,- եզրափակել է տնտեսագետը:

 

Նշենք, որ Թուրքիան ներկայումս Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու համաձայնություն ունի:

Սեդա Հերգնյան 

Նույն շարքից