Տնտեսություն 

Հայաստանում աճում է ներքին զբոսաշրջությունը

analitik.am

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ընթացիկ տարվա հունվար – հոկտեմբեր ամիսների վերջին հաշվետվությունում բերվում են 9 ամիսների ընթացքում զբոսաշրջության արդյունքները: Հիմնվելով այս տեղեկատվության վրա՝ մեր քաղաքացիների թիվը, որոնք նշված են որպես «միջազգային զբոսաշրջիկներ», կազմում է մոտ 678,8 հազար մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հաշվետու ցուցանիշն ավելացել է 70.6 հազար մարդով կամ 11.6 տոկոսով:


Սակայն  տուրիստական գործակալությունների միջոցով արտասահման մեկնած մարդկանց թիվն անհամեմատ փոքր է՝ 6100 մարդ, այսինք մեկ տոկոսից էլ քիչ: Ընդ որում այս հատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3800 մարդով կամ 38,4 տոկոսով: Այս հետընթացը պայմնավորված է մեր քաղաքացիներ ֆինանսական դրության վատթարացմամբ, տեսական տուրիստական գործակալությունների սպասարկման որակի ցածրությամբ:


Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ապա առաջընթացն ակնհայտ է: Այսպես, ընթացիկ տարվա հունվար – սեպտեմբեր ամիսներին այս հատվածի թիվը կազմել է 587,3  մարդ, ինչը 162,3 հազար մարդով(կամ 38,2 տոկոսով) ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:


Ներքին ուղեւորությունների պատճառները հետեւյալն են՝ գործնական(22,5 տոկոս), հանգիստ(60,0 տոկոս), բուժում(9,3 տոկոս) եւ «այլ»(8,2 տոկոս): Զբասաշրջիկների մեծամասնությունը՝ 352,3 հազար մարդ, մեկնում է հանգստի: Այս հատվածն ապահովել է 38,2 տոկոս աճի 25,5 տոկոսը:


Տեղեկության համար նշենք, որ ներքին են համարվում այն զբոսաշրջիկները, ովքեր բնակության վայր հանդիսացող երկրում ճանապարհորդում են նվազագույնը 24 ժամ: Այլ կերպ ասած, Երեւանից երկու օրով ծաղկաձոր հանգստի մեկնած քաղաքացին համարվում է ներքին զբոսաշրջիկ:


Զբոսաշրջության ոլորտում առաջընքացը ողջունելի է, միայն եթե համապատասխանի իրականությանը: Սակայն գաղտնիք չէ, որ անկախության տարիներին սնկի պես աճեցին մի շարք կասկածելի կազմակերպություններ: Նման հաստատությունները, ինչպիսիք են «ռեստորանը, սաունան, հյուրանոցը», հաճախ այլ նպատակների են ծառայում: Այդպսիք գտնվում են ոչ միայն քաղաքից հեռու՝ մայրուղիների վրա, այլ նաեւ հենց մայրաքաղաքում:


Մի քանի տարի առաջ մայրաքաղաքի բնակիչներից մեկը բողոքում էր նման մի «ռեստորան-հյուրանոցից», որն անմիջապես բնակելի շենքերի հարեւանությամբ էր: Գիշերային միջադեպերը, «այցելուների» անպարկեշտ բղավոցները օրինապաշտ քաղաքացիների զայրույթն էր առաջացրել, սակայն խնդիրն այդպես էլ չէր լուծվել: Ստացվում է, եթե նման հաստատությունների այցելուները այնտեղ գտնվում էին 24 ժամից ավել, համարվում էին ներքին զբոսաշրջիկ…

Նույն շարքից