Տնտեսություն 

Կենսաթոշակային այս բարեփոխումն այլընտրանք չունի

analitik.am

ՀՀ կառավարության ղեկավարը դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ 2014 թվականի պետական բյուջեի վերաբերյալ ամփոփիչ ելույթով: Տիգրան Սարգսյանը նշեց, որ պատգամավորների կողմից հնչել են բազմաթիվ առաջարկություններ, որոնց միայն 27 տոկոսն են մերժվել: Ըստ վարչապետի՝ 2014թ. առանձնահատկությունն այն է, որ Հայաստանը ձեռնամուխ է եղել միանալու Մաքսային միությանը, ինչը նշանակում է, որ առաջիկայում սպասվում է մեծածավալ աշխատանք՝ օրենսդրական փոփոխություններ, արդյունաբերական քաղաքականության ճշգրտում, որը ներդրվում է և տալիս շոշափելի արդյունքներ: Նրա խոսքով՝ Մաքսային միությանը անդամակցելով՝ մենք ձեռք ենք բերելու հարաբերական առավելություններ թեթև արդյունաբերության ոլորտում: 

«Ուզում եմ տեղյակ պահել, որ կառավարությունը հավանության է արժանացրել տեքստիլ արդյունաբերության ծրագիրը, որին նպաստել է մասնավոր հատվածի մասնակցությամբ ֆինանսավորումը: Մենք ՄՄ տարածքներում կարող են վերականգնել արտահանման՝ նախկինում եղած մեծ ցուցանիշները»,- ասաց նա: 

Հաջորդ առաջնահերթությունը, ըստ վարչապետի, բիզնես միջավայրի բարելավումն է, որտեղ վերջին տարիներին առաջընթաց է գրանցվել: Ու թեև Համաշխարհային բանկի վարկանշային տվյալներով Հայաստանը 188 երկրների շարքում 37-րդն է, բայց դա կառավարությանը չի գոհացնում. նրա խոսքով՝ այստեղ անելիքներ կան դեռ: 

Տ.Սարգսյանն անդրադարձավ նաև հունվարի 1-ից Հայաստանում ներդրվող նոր՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, նշեց, որ դրան նախապատրաստվել են 10 տարի, համակարգի վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ ու աշխարհի լավագույն փորձագետներ: Ըստ վարչապետի՝ այս 10 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ տարբեր ձևաչափերով քննարկումներ, երկու նիստ ՀՀ նախագահի մոտ, որին մասնակցում էին կոալիցիոն գործընկերներն ու մասնագետներ, որոնք քննադատական մոտեցումներ ունեին հարցի շուրջ: Նա նշեց, որ ինքը տասնյակ սեմինարներ է անցկացրել՝ նպատակ ունենալով ներկայացնել այս հայեցակարգը, մեխանիզմները, որոնք ընդունվել են դեռևս 2010թ.: 

«Տրված էր բավական ժամանակահատված, որ մասնավոր հատվածը ևս նախապատրաստվի համակարգի ներդրմանը, պետությունն էլ փորձարկի այն ենթակառուցվածքները, որոնք նախապատրաստվել են: Կենսաթոշակային բարեփոխումը մեր անկախ պետականության տարիների ամենաբարդ ռեֆորմներից է, որովհետև այս ռեֆորմն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն, տնտեսական համակարգի բոլոր ոլորտներին»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ Հայաստանում կա շուրջ 510 հազար թոշակառու, 2014թ. բյուջեով նախատեսվում է, որ միջին թոշակը ՀՀ-ում կավելանա 15%-ով՝ 31 հազարից հասնելով 36 հազար դրամի: Բայց, ըստ նրա, բոլորի համար ակնհայտ է՝ այս թոշակի մակարդակը բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար, իսկ բազային կենսաթոշակը ավելացնելու համար պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում, որը մեծ բեռ է: «Հնարավո՞ր այս խնդիր լուծել: Այո, հնարավոր է, եթե մենք շեշտակիորեն ավելացնենք սոցիալական հարկերը ՀՀ-ում կամ եթե փոխենք կենսաթոշակի անցնելու տարիքը: Մեզ համար այս խնդիրը ցավոտ է՝ հաշվի առնելով այն, որ մենք ունենք ծերացող հասարակություն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դարի մարտահրավերներից մեկը կենսաթոշակային ճգնաժամն է, որն առաջին հերթին զգալի է այն երկրների համար, որտեղ բնակչության ծերացման միտումներ կան: Վերջում Տ. Սարգսյանը նշեց նաև, որ ներդրվող համակարգն արդար է:

Կառավարության ղեկավարը վստահեցրեց՝ ներկայացվող կենսաթոշակային բարեփոխումն այլընտրանք չունի, որովհետև այսպիսով անցում է կատարվում ավելի արդար համակարգի:

Նույն շարքից