Բարի օր Հասարակություն Վերլուծական 

Ովքե՞ր են իսկապես պայծառ և հայրենասեր երիտասարդները

analitik.am

Վերջին տարիներին շատ ենք լսել «պայծառ» կամ «հայրենասեր երիտասարդություն» արտահայտությունները: Նման բնորոշում են տալիս բողոքի ցույցերի դուրս եկած երիտասարդներին՝ ընդ որում, հենց իշխանության գլխին գտնվող մարդիկ՝ սկսած նախկին նախագահից վերջացրած ներկայիս վարչապետի պաշտոնակատարով: Սակայն ինչո՞ւ է երիտասարդության հենց այդ հատվածը համարվում այդպիսին և արդյոք կարելի է նրան այդպիսին համարել, դեռ ոչ ոք չի փորձել բացատրի: Վերջին օրերի իրադարձությունները առավել սրեցին այս հարցադրումը:

Այն տեսակետը, թե ցուցարաները և մասնավորապես երիտասարդ ցուցարարները վերջին մեկ-երկու օրվա ընթացքում «համը հանել են» միայն մասամբ է ճշմարտացի, որովհետև նրանք դա արել են վաղուց՝ երևանյան ցույցերի առաջին իսկ օրվանից: Երբ հազարավոր մարդիկ ասում էին՝ ինչքան ուզում եք ցույց արեք, բայց իմ ճանապարհը մի փակեք, թողեք ես գնամ աշխատանքի, հանդիպման, բժշկի, ծնողներիս տեսակցեմ, հիվանդին դեղ տանեմ և այլն, հանդիպում էին հեղափոխական երկաթյա տրամաբանությանը՝ չենք թողնի, փակ ա: Պարզապես առաջին օրերին ասում էին, «դե ոչինչ, ձեզ համար ենք անում», «դիմացեք մի երկու օր էլ ի՞նչ ա որ», «հեսա լավ եք ապրելու» և այլն, մարդիկ էլ համբերում էին, չէին տրտնջում՝ նմանապես հեղափոխական հովերով տարված, չէին պատկերացնում, թե սա որքա՞ն կարող է երկարել և ինչի՞ բերել:

Վերջին օրերին սկսեցին ծլել ցանածի առաջին ծիլերը՝ մարդիկ սկսեցին դժգոհել փակ փողոցներից, խելահեղ արագությամբ սլացող և անընդհատ ձայնային ազդանշաններ տվող մեքենաներից, որոնց պատճառով արդեն զոհված երեխա ունենք, իսկ ծնողները հայտնվել են հիվանդանոցում, իրենց տեր ու տնօրեն զգացող երիտասարդ ցուցարարներից: Այս անգամ էլ լսեցինք նման դեպքերի համար սովորական դարձած՝ «դրանք մերոնք չեն՝ սադրիչներ են» խոսքերը: Սակայն դրանք նույն մեքենաների նույն վարողներ են: Հավանաբար, երևանցիներից շատերը արդեն բազմիցս են տեսել այդ նույն՝ մի քանի տասնյակ մեքենաներին քաղաքի տարբեր հատվածներում՝ դրանց լուսամուտներից դուրս թափված և աղմուկ աղաղակ բարձրացնող երիտասարդներով: Մի խոսքով, անգամ առաջին օրերի ցուցարարները սկսեցին խոսել, որ իրենք սրա համար չեն պայքարել: Սակայն, նրանց մեծ մասը չգիտի հեղափոխության տրամաբանական ընթացքը, եթե այն չկանգնեցնես, այն խժռում է  ամեն ինչ, երբեմն նաև հենց իրենց  զավակներին ու անգամ ծնողներին: Սա ի միջիայլոց:

Հիմա վերադառնանք գլխավոր հարցին՝ նրա՞նք են այն պայծառ կամ հայրենասեր երիտասարդները, որոնց մասին խոսում են: Սեփական երկիրը ցնցող և ապակայունացնող այս տղաներն ու աղջիկնե՞րը, որոնք չգիտեն , որ ազատագրական պայքար չեն մղում սեփական պետության դեմ կամ մեջ, որ ազատագրական պայքարն  օտարի տիրապետության դեմ է լինում, որը ճնշում ու ոչնչացնում է քեզ, որ ոստիկանությունը մեր երկրի ներքին անվտանգությունն ապահովող ուժային կառույց է և այնտեղ ծառայողներին սադրել կամ հայհոյել չի կարելի, չեն հասկանում, որ Մոնթե Մելքոնյանին համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ ոչ թե չի կարելի, այլ սրբապղծություն է ու անարգանք արցախյան պատերազմի հերոսի հիշատակին, որ կյանքի անցած ճանապարհով ոչ մի դրական բանով աչքի ընկած մարդուն չի կարելի սրբացնել, որ այդ նույն մարդն իր հոդվածներից մեկում  բացահայտորեն ասել է հետևյալը. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, որ իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ ..Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին: Մերը թողած, ուրիշին ենք ուզում տեր լինել»:

Մինչդեռ, կան իսկապես պայծառ և հայրենասեր երիտասարդներ, որոնք նույնպես ունեն երիտասարդական ավյուն, բայց այն ուղղում են սեփական երկրի պատմությունը սովորելուն ու դասերը յուրացնելուն, մշակույթն ուսումնասիրելուն, հայ գրողների  գործերը կարդալուն, ընտրած մասնագիտության մեջ հմտանալուն և գաղտնիքները տիրապետելուն՝ հետագայում դառնալով սեփական երկրի իսկապես հայրենասեր քաղաքացի ու լավ մասնագետ՝ փորձելով սեփական ջանքերով անել հնարավորը հայրենիքն ավելի լավը դարձնելու համար: Սակայն երիտասարդության հենց  այս սերուցքը մնում է  անտեսված և սեփական գիտելիքների պակասը լրացնելու կամ բացակայությունը վերացնելու ջանքերն  իրենց հասակակիցների կողմից չեն ընկալվում, ավելին՝ նրանց մեղադրում են հայրենասեր չլինելու մեջ:  Ցավալի է նաև, որ մեր կրթական համակարգը չունի պետության կարևորությունն ու պետականության գերակայությունն արժևորելուն ուղղված ոչ մի ծրագիր կամ դասընթաց դպրոցներում և բուհերում, որոնց արդյունքում ունենանք պատասխանատվության զգացումով օժտված, պետության օրինապաշտ քաղաքացի, իսկապես հայրենասեր և պայծառ երիտասարդներ, ովքեր կկարողանան հասկանալ, որ երբ հարթակից հայտարարվում է այն մասին, որ պետությունը կառավարություն չունի, դա ցնծալու բան չէ, այլ դա սպառնալիք է, քանի որ փորձ է արվում անտերության և ամենաթողության մատնել պետությունը: Պետք է նաև ի նկատի ունենալ, որ օգտագործված տեխլոգիաներն էլ իրենց դերն ունենում են, որոնց դեմ երբեմն անզոր են նաև խելացի և ազնիվ մարդիկ, ովքեր կարող են ընկնել այդ կործանիչ ազդեցության տակ՝ ունենալով բացառապես դրական միտումներ, առանց իրենց կամքի դառնան գործիք վատագույն դեպքում սեփական հայրենիքը  կործանելու փորձերում, իսկ լավագույն դեպքում՝ այլոց աթոռակռվի պայքարում:

Ստորև ներկայացնում ենք անկարգություններից դժգոհ մարդկանցից մի քանիսի  գրառումները.

 

Նույն շարքից