Տնտեսություն 

«Պետք է ոչ թե կուտակայինի ներդրման դեմ պայքարել, այլ դնել ԱԺ-ի լուծարման հարցը». Բագրատ Ասատրյան

analitik.am

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կողմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը և այն համարում է այս իշխանությունների այն բացառիկ քայլերից մեկը, որը ճիշտ էր և անհրաժեշտ: «Պարզապես հասկանալի է, որ դա արվում է այն պայմաններում, երբ իշխանությունները հասարակության կողմից բացարձակ անվստահություն են վայելում»,- ասաց նա: 

Ասատրյանը համակարգի ներդրմանը կողմ է արտահայտվել դեռևս 3 տարի առաջ, երբ ընդունվեց փաթեթը, և այդ ուղղությամբ քննարկումներ սկսվեցին: Ասատրյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ հայտարարել էր, որ իշխանությունները չեն ունենա համակարգը ներդնելու քաղաքական կամք: 

«Այդպես էլ եղավ: Երկու տարի հետ գցելը ոչնչով չօգնեց, ավելի վատացրեց խնդրի լուծումը»,- ասաց նա: 

Տնտեսագետը հարգանքով է վերաբերվում այն քննարկումներին, որ ընթանում էր այս ընթացքում, բայց, նրա խոսքով, հիմնականում քաղաքական խնդիր է դրվում, ոչ թե համակարգի խնդիր: 

«Եթե առկա է անվստահության խնդիր, ապա պետք է պահանջել պառլամենտի լուծարում, որը Հայաստանի ոչ ներկայի, ոչ անցյալի, ոչ էլ ապագայի հետ աղերս չունի: Երիտասարդները պետք է հենց ԱԺ-ի լուծարման խնդիրը դնեն: Ես հասկանում եմ նաև Դաշնակցության մոտեցումը, որը սոցիալիստական սկզբունքներից է բխում, բայց այդ սկզբունքները չեն կարող աշխատել այս խղճուկ հնարավորությունների պայմաններում: Այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք հասել ենք նրան, որ մեկ աշխատողին բաժին է ընկնում մեկ թոշակառու: Բայց այս համակարգն այն բացառիկ դեպքերից է, երբ իշխանությունն ազնիվ է գտնվել»,- հավելեց Բագրատ Ասատրյանը:

Նրա դիտարկմամբ՝ հիմնավոր չեն այն պնդումները, թե համակարգը մասնավորին են տալիս, ինչն արդեն իսկ երաշխիք չէ, որ տարիներ անց քաղաքացին կկարողանա հետ ստանալ իր կուտակած գումարը: Ասատրյանի խոսքով՝ մինչ այս, երբ կենսաթոշակային ոլորտը պետության ձեռքին էր, բազմաթիվ ղեկավարներ բանտում ավարտեցին իրենց պաշտոնավորումը, ինչպես նաև հսկայական գումարներ յուրացվեցին կենսաթոշակային հիմնադրամից: Իսկ մասնավորն արդեն իսկ այն երաշխիքն է, որ գումարը կվերադարձվի: 

«Խնդիրը, կրկնում եմ, նախևառաջ քաղաքական է և կապված է իշխանությունների հանդեպ վստահության պակասի հետ: Հետևաբար պետք է ոչ թե պայքարել համակարգի ներդրման դեմ, այլ դնել այս անորակ պառլամենտի լուծարման հարցը, որը ի վիճակի չէ որևէ լավ բան անել»: 

Նույն շարքից