Գլխավոր Քաղաքականություն 

Ինչ պետք է սպասել Նիկոլ Փաշինյանի վրացական այցից

analitik.am

Ի՞նչ պետք է սպասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցից և ի՞նչ պետք է անել հայ-վրացական համագործակցությունը խորացնելու համար: Այս հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ.

Պարոն Մելիքյան, ինչպե՞ս են վերաբերվում Վրաստանում այն ամենին, ինչ տեղի ունեցավ Հայաստանում:

Վրաստանում շատ ուշադիր հետևում էին այն բոլոր զարգացումներին, որոնք տեղի ունեցան Հայաստանում: Պետք է ասել, որ վերջին տարիների հետ համեմատած, նկատվում էր ավելի ակտիվ և ուշադիր հետաքրքրություն՝ թե՛ մամուլի մակարդակով, թե՛ փորձագիտական հանրության, թե՛ տարբեր ոլորտի ներկայացուցիչների: Կարելի է ասել, որ բոլորն ի վերջո խոսում էին Հայաստանի մասին, ինչն իմ կարծիքով, շատ դրական է, քանի որ լավ ֆոն է ստեղծում միջպետական հարաբերությունների համար։ Հասարակ վրաստանցուն նախկինում շատ քիչ տեղեկատվություն էր հասնում Հայաստանի  ներքաղաքական զարգացումների մասին:

Իսկ Հայաստանում վերջին իրադարձությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա:

Չեմ տեսնում որևէ պատճառ, որ այս իրադարձությունները՝ Հայաստանի իշխանափոխությունը ինչ-որ կերպ՝ նախ բացասական, ազդեցություն ունենան հայ-վրացական հարաբերությունների վրա։

Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ այս պահի դրությամբ նոր իշխանությունները՝ արդեն կատարված նախագահական այցի շրջանակներում և վարչապետի այցից առաջ, լուրջ ու կարևոր մեսիջներ են հղում դեպի Թբիլիսի, որ հայկական կողմը պատրաստ է խորացնելու հարաբերությունները և Վրաստանին դիտարկում է որպես շատ կարևոր հարևան ու գործընկեր տարածաշրջանում։

Մենք տեսանք, որ իր առաջին արտասահմանյան այցերից մեկը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց դեպի Վրաստան: Կարո՞ղ ենք սա ընդունել որպես ազդակ առ այն, որ Երևանը ցանկանում է քայլ առաջ անել Թբիլիսիի հետ հարաբերությունները զարգացնելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցում, թե սա այլ բնույթի այց էր: Խոսենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին: Ի՞նչ սպասենք այդ այցից:

Փաշինյանի այցը կարելի է դիտարկել որպես լուրջ մեսիջ, որ Վրաստանը կարևորվում է Հայաստանի նոր իշխանությունների համար: Այլ հարց է, թե որքանով կկարողանան երկու երկրների ղեկավարները կոնտակտ հաստատել, աշխատանքային որոշակի տեմպ տալ հարաբերություններին: Այս ամենն արդեն այցի ընթացքում պարզ կդառնա։

Իմ կարծիքով, Թբիլիսին պետք է ընկալի այդ մեսիջները, պատրաստակամ լինի իր ունեցած հնարավորությունների սահմաններում խորացնել հարաբերությունները:

Կքննարկվեն նաև օրակարգային հարցերը՝ կապված մշակութային ոլորտում համագործակցության, տնտեսական հարաբերությունների, միջպետական առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքային պրոյեկտների հետ: Այս ուղղություններով անելիքներ կան:

Կարևոր է նաև IT ոլորտում համագործակցությունը: Այս հարցում մենք ավելի առաջ ենք վրացիներից, կարող է լինել փորձի փոխանակում: Արդարադատության ոլորտում մեզ հետաքրքիր է վրացական փորձը և այլն։ Բոլոր այդ հարցերը կքննարկվեն: Կա հարաբերությունները խորացնելու հնարավորություն:

Արմեն Սարգսյանի այցի մասով կկարևորեմ նաև Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումը, ով վերջերս վերադարձավ ակտիվ վրացական ներքաղաքական կյանք՝ ղեկավարելով Վրացական Երազանք իշխող կուսակցությունը: Շատ կարևոր է, որ որոշակի կոնտակտներ են ստեղծվում: Բացի դրանից,  որքանով որ ես հասկացա, նախկինում Արմեն Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին որոշակի կոնտակտներ և հարաբերություններ ունեցել են։

Ըստ Ձեզ, ինչպե՞ս Մոսկվան կնայի հայ-վրացական հարաբերություններում ջերմացմանը:

Ռուսաստանի մասով կարծում եմ, որ որևէ խնդիր չկա։ Ռուսաստանը հասկանում է, որ Վրաստանն այն երկիրն է, որի տարածքով մենք միանում ենք Եվրասիական շուկային՝ ընդհանուր սահման չունենալով Ռուսաստանի հետ։ Դրա համար նույնիսկ ես կասեմ, որ որքան ավելի ջերմ ու ավելի խորը լինեն հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև, այնքան մեծ է շանսը, որ Հայաստանն իր հերթին կկարողանա ինչ-որ չափով նպաստել ռուս-վրացական հարաբերությունների ակտիվացմանը, որոշ կոնտակտների ստեղծմանը և այլն, և այլն։ Սա մեր ազգային շահերից է բխում, և իմ կարծիքով Մոսկվայում սա ընկալում են հենց այս ուղղությամբ, այս ենթատեքստով:

Ի՞նչ կարող ենք ասել մեր մյուս հարևանների մասին. Ինչպե՞ս հայ-վրացական ջերմացումը կընկալեն Ադրբեջանն ու Թուրքիան:

Պարզ է, որ Ադրբեջանը և Թուրքիան  խանդով են վերաբերվում։ Որքան խորանան հայ-վրացական հարաբերությունները, այնքան կարող է նաև ինչ-որ չափով լարվել հարաբերություններն Ադրբեջանի և Վրաստանի միջև: Բայց պետք է փաստել, որ մենք չենք կարող հայ-վրացական հարաբերությունները համեմատել վրաց-ադրբեջանական կամ վրաց-թուրքական հարաբերությունների հետ։ Այդ հարևանների հետ Վրաստանը լուրջ ձեռքբերումներ ունի առևտրային հարաբերություններում և ներդրումային հարցերում, նրանց հետ ունի ստրատեգիական ենթակառուցվածքային պրոյեկտներ, ինչը բխում է Վրաստանի ազգային շահերից:

Ցանկալի կլիներ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները  լինեին այնպիսին, ինչպիսին Վրաստանի հարաբերություններն են Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ կրիտիկական մասսա ստեղծելով, մեր օրակարգը մաքսիմալ օգտագործելով, առևտրային հարաբերությունները խորացնելով, երկկողմանի ներդրումներ և ենթակառուցվածքային պրոյեկտներ ապահովելով։ Այդ ամենը ժամանակի ընթացքում կարող է բերել նրան, որ մեր հարաբերությունները որակապես փոխվեն՝ բարեկամային, հարևանային հարաբերություններից վերածվելով ավելի լուրջ, ավելի խորը ստրատեգիական հարաբերությունների: Մենք այդ ճանապարհին ենք, առաջին քայլերը փորձում ենք անել և կտեսնենք՝ ինչ կստացվի։

Պարոն Մելիքյան, ի՞նչ կարևորագույն խնդիրներ կան հայ-վրացական հարաբերություններում, որոնք կողմերը և առաջին հերթին մեր նոր կառավարությունն առանց ժամանակ կորցնելու պետք է լուծի:

Չէի ասի, թե այս պահին կան այնպիսի հրատապ հարցեր, որոնք շտապ լուծման կարիք ունեն։ Կան օրակարգային պրոյեկտներ, օրինակ՝  էներգոկամրջի ստեղծումը, որը Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի էներգոհամակարգերը կմիացնի իրար։ Այդ պրոյեկտը պետք է իրականացվի, ավարտին հասցվի: Բացի դրանից, մեր տարածքում Հյուսիս-Հարավ մայրուղին պետք է կառուցվի, որը կտա հնարավորություն Վրաստանին միանալու և ինչ-որ չափով հայ-պարսկական սահմանը կապելու Սև Ծովի հետ, ինչը մեզ հնարավություն կտա Վրաստանի համար տրանզիտային երկիր դառնալ։

Կան այդպիսի պրոյեկտներ, որոնք պետք է իրականացվեն, ինչը հնարավորություն կտա  երկկողմանի ներդրումներ ապահովել:

Վատ ենթակառուցվածքներ ունենալը լուրջ խնդիր է: Իմ կարծիքով, հայ-վրացական ճանապարհները՝ թե՛ Բավրայով, թե՛ Բագրատաշենով, պետք է նորմալ մակարդակի և որակի լինեն, որպեսզի  տրանսպորտային ընկերությունները կարողանան իրենց գործն անել:

Պետք չէ մոռանալ նաև տուրիզմի  մասին, ինչը  շատ կարևոր է: Եթե մենք ուզում ենք վրացի զբոսաշրջիկներ տեսնել Հայաստանում, պետք է ճանապարհը նորմալ վիճակում լինի: Սա վերաբերում է ինչպես  Հայաստանից դեպի Վրաստան, այնպես էլ Հայաստանից դեպի Իրան ճանապարհին:

Կարծում եմ, որ այսպիսի հարցերից կարելի է սկսել:

Նույն շարքից