Հասարակություն Հարցազրույց 

Այն ինչ տեղի ունեցավ առաջին հերթին աշխարհայացքի հեղափոխություն էր. Գուրգեն Սիմոնյան

analitik.am

Analitik.am - ի զրուցակիցն է Քաղաքական գիտությունների թեկնածու, ազգային շահի փորձագետ Գուրգեն Սիմոնյանը։

Ինչպե՞ս կբնութագրեք վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցածը։

Այն ինչ տեղի ունեցավ առաջին հերթին աշխարհայացքի հեղափոխություն էր: Առկա էին մի շարք պատրանքային պատկերացումներ և ակնկալիքներ, որոնք անհետացան թավշյա հեղափոխության հետևանքով: Առաջինը, որ կարելի է նշել որպես այդպիսին, անփոխարինելի գործիչների միֆն է: Տասը տարի կարծիք է շրջանառվել, որ կոնկրետ անձերն ու դերակատարները կարող են արդյունավետ բանակցություններ վարել թե՛ Արցախյան հակամարտության գործընթացում, թե՛ միջազգային գործընկերների հետ և տնտեսական հարաբերություններում։ Փորձը ցույց տվեց, որ նոր թիմը ոչ պակաս կարող է ինքնաիրացվել քաղաքականության մեջ և շատ ավելի արդյունավետ ու այլընտրանքային մեթոդներով։ Երկրորդը, քաղաքացիների մոտ կերպափոխվեց պետական կառավարման գործընթացում հանրության տեղին ու դերին առնչվող կարծրատիպերը։ Ձևավորված էր թյուր կարծիք, որ ինչպիսի հանրային ակտիվություն էլ լինի  քաղաքական որոշումների կայացման գործընթացում, միևնույն է, քաղաքական համակարգը չի փոխվի: Այնուամենայնիվ, ականատես եղանք, որ հասարակության հավաքական կամքը հաշվի առնվեց և կարողացավ ազդել պետական իշխանության արագ փոխանցումն իրականացնելու վրա։

Հեղափոխությունների ժամանակ հիմնականում առաջնորդի խնդիրներից  է սեփական իմիջի ստեղծումը, պետք է ստեղծել կերպար, որը բնակչության կողմից ընդունված կլինի։ Ի՞նչ հոգեբանական գործոններ և մեխանիզմներ են ազդում քաղաքական առաջնորդի կերպարի ձևավորման վրա:

Իհարկե, կան այդպիսի մեխանիզմներ, քանի որ հեղափոխության շարժիչ ուժը հանրային զանգվածի զգացմունքներն են ։ Զանգվածներն այլ հոգեբանությամբ են առաջնորդվում, այդ պարագայում շեշտակի մեծանում է հեղափոխությունը գլխավորող առաջնորդի դերակատարությունը։ Նրա հոգեկերտվածքից և արժեհամակարգից է կախված, թե հեղափոխական զանգվածն ինչպիսի գործողությունների կգնա։ Նիկոլ Փաշինյանի մինչև հեղափոխության կերպարի և հեղափոխության ընթացքում ձևավորած կերպարի միջև տարբերությունն ակնհայտ է։ Նա թե՛ արտաքին փոփոխությունների միջոցով, թե՛ որոշակի սիմվոլների օգտագործման շնորհիվ կարողացավ հասնել տվյալ հոգեբանական կարգավիճակին, որն էլ ընդունվեց բոլորի կողմից։ Սակայն,  միանաշանակ պնդել, որ կերպարով միայն բավարար է, ճիշտ չի լինի, որովհետև առաջին հերթին հանրության կողմից գնահատվում է անկոտրուն կամքը։ Երբ առաջնորդը դրսևորում է աննահանջ ընթացք ինչ-որ քաղաքական հիմնախնդրի լուծման համար, դա նրա կերպարը զանգվածների մտածելակերպում միֆականացնում է։ Նրան սկսում են մոտեցնել ինչ-որ գերբնական ուժի, ինչ-որ գերմարդկային հնարավորություններ ունեցող կերպարի, ասոցացնում են բարձր բարոյական արժեքների հետ։

Իսկ կարո՞ղ ենք ասել, որ հենց առաջնորդի կերպարը նպաստեց նրան, որ այս և անցած օրերի ընթացքում մարդկանց տարակարծիք լինելու նկատմամբ դրսևորվեց անհանդուրժողականություն։

Անշուշտ, ես համաձայն եմ ձեզ հետ։ Քայլ նախաձեռնության մեկնարկից Ն.Փաշինյանի լսարանն ու ակտիվ մասնակիցների քանակը շեշտակիորեն ավելացավ, դրան նպաստեցին մի շարք հանգամանքներ։ Նորից կնշեմ,  երբ առաջնորդն անկոտրում կամք է դրսևորում, անվերապահորեն հավատում է ինքն իր նախաձեռնած գործին և պատրաստ է անգամ վտանգել սեփական անվտանգությունն ու ազատությունն այդ նպատակին հասնելու համար, կարողանում է վաստակել հասարակության վստահությունն ու համակրանքը: Հեղափոխության ընթացքում Ն.Փաշինյանը որպես քաղաքական առաջնորդ իր ունեցած քաղաքական կապիտալը բազմապատկեց։ Դա էր պատճառը, որ այս և անցած օրերին շատ մարդկանց տարակարծիք լինելու պարագայում դրսևորվեց զուսպ անհանդուրժողականություն։

Տարբեր երկրներում տեղի ունեցած հեղափոխություններից հետո մարդկանց վստահության ու ակնկալիքների աստիճանը զգալի բարձրանում է։ Ի՞նչ եք կարծում որոնք են կարևոր քայլերը, որը պետք է կատարի նոր իշխանությունը։

Իհարկե, սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը ստիպում է քաղաքացիներին անհնազանդության գնալ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ փոփոխությունները միանգամից չեն լինում, դրան պետք է նախորդեն տարբեր բարեփոխումներ։ Պետության կառավարման համակարգի արդիականացման, ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման շրջափուլում, հրամանների արձակման և հիերարխիկ ու հորիզոնական մակարդակում դրանց կատարման անարդյունավետության, կոռուպցիոն արմատավորված մեխանիզմների, նեպոտիզմի, ինչպես նաև փակ սահմանի առկայության պարագայում այդ հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է ժամանակ։ Նոր իշխանությունները մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները  պետք է ավելի շատ մտածեն ոչ այնքան սոցիալ-տնտեսական, որքան բարոյահոգեբանական իրավիճակի բարելավման մասին, որպեսզի մարդկանց մոտ որևէ կասկած չլինի, որ բոլորը հավասար են օրենքի առջև, և ոչ ոք անպատիժ չի մնա։

Մի փոքր խոսենք ռիսկերի և վտանգների մասին, որոնք հաջորդում են իշխանափոխությանը։ Ի՞նչ մտավախություններ ունեք այդ մասով։

Վիճակագրությունը վկայում է, որ հեղափոխությունը չի առաջացրել տնտեսական հավելյալ խնդիրներ, սակայն առկա են այլ ռիսկեր, որոնցից մեկը վերաբերում է պետության քաղաքական ընթացքի ներդաշնակ շարունակությանը կամ անցնցում կերպափոխմանը։ Հայաստանի Հանրապետությունը նախկին վարչակարգից ժառանգել է մի շարք պարտավորություններ, որոնք կամ պետք է շարունակել, կամ՝ վերանայել: Կարևոր է հաշվի առնել, որ հեղափոխությունը մեզ ընձեռում է լեգիտիմ իրավունք այդ պարտավորությունները վերանայելու համար: Սակայն, դրանց վերանայումը չպետք է վնաս հասցնի մեր պետության անվտանգային համակարգին և միջազգային հեղինակությանը։ Մտավախությունս այն է, որ կարող է անհասկանալիության կերպար ձևավորվի երկրի շուրջ թե՛ հասարակության մոտ,  թե՛ երկրի սահմաններից դուրս։ Իմ կարծիքով, եթե պրոֆեսիոնալ անձնակազմ աշխատի և վերլուծական կենտրոններն աշխատեն, ապա մենք կարող ենք նվազեցնել վերոնշյալ ռիսկերը ։ Ըստ էության, անհաղթահարելի որևէ հիմնախնդիր չի կարող լինել, ցանկացած իրավիճակ ունի ռիսկեր, պարզապես պետք է կարողանալ կանխատեսել, ընդունել հեռատես որոշումներ և իրականացնել ճիշտ կառավարում։

Իսկ նորանշանակ նախարարների վերաբերյալ ի՞նչ կասեք, քանի որ վերջին շրջանում շատ անգամներ քննարկվեց նրանց երիտասարդ լինելու փաստը։

Պատմությունը ցույց է տալիս, որ երիտասարդ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն, իսկ փորձը ձևավորվում է աշխատանքի ընթացքում։ Կան դժգոհողներ, ովքեր ասում են. «Փաշինյանը որպես առաջին դեմք, փաստացի երկրի գլուխ, իր կողքին եղած մարդկանց է բերում», բայց դա այդպես էլ պետք է լիներ։ Մենք վարչապետին չպետք է գնահատենք որպես առանձին անձ և այսուհետ յուրաքանչյուր  քաղաքական գործիչ, ով հայտ կներկայացնի վարչապետության համար, պետք է դիտարկել նրա թիմը։ Իսկ նրանց գործելաոճի մասին դեռ վաղ է վերլուծություններ անել։ Նրանց աշխատանքը կարող է լինել և՛ արդյունավետ, և՛ անարդյունավետ ՝անկախ տարիքից և կրթության մակարդակից, թեպետ կրթության բարձր մակարդակը կարևոր է։ Ճիշտ է, մենք ունենք բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ և մեր պետական բյուջեի, պետական ունեցվածքի ներուժի չափորոշիչներով մի քանի անգամ զիջում ենք հյուսիսային Եվրոպայի երկրներին, բայց ժողովրդավարության առումով ոչ մի անգամ չենք զիջում, կարելի է ասել, որ ինչ-որ չափով նույնիսկ առաջ ենք անցել։ Իսկ պետական կառավարման համակարգի բաց ձևաչափը, հնարավորություն կտա սելեկտիվ սկզբունքով գտնել այն մասնագետներին, որոնք կկարողանան արդյունավետ կառավարել այս կամ այն գերատեսչությունը:

Այնուամենայնիվ, կարելի՞ է ասել, որ այն շերտերը, ովքեր մշտապես բողոքողի և դժգոհություններ արտայտողի դերում են, դեռ պահպանում են հին սովետական բարքերը։ Արդյո՞ք հնարավոր է ներկայումս ազատվել այդ հին բողոքող մտածողությունից։

Հայրեր և որդիներ պայքարը միշտ էլ եղել է, դա բնական գործընթաց է, անգամ եթե սերնդափոխություն է լինում։ Մենք գաղափարախոսություն փոխած քաղաքակրթություն ենք, կոմունիստական արժեհամակարգից շրջադարձորեն ընտրեցինք կապիտալիստական զարգացման ուղին։ Ինչ վերաբերում է դժգոհողներին ընդհանրապես, ապա այդպիսիք կան ամենուրեք, պարզապես զարգացած ու հաջողված երկրները փորձում են դժգոհ քաղաքացիների թիվը շարունակաբար նվազեցնել և հաջողել։ Եթե նախկինում 40%  և ավելի դժգոհողներ կային, այսուհետ 4% - ից ավելի պետք է չլինի, իսկ իդեալական տարբերակում մենք պետք է ձգտենք լիակատար և երջանիկ պետություն ունենալ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ունենալ արժանավայել և բարեկեցիկ կյանք։ Մարդիկ անընդհատ պետք է զգան և տեսնեն կյանքի դրական փոփոխությունները և դրական գնահատական տան։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից