Իրավական 

Անօթևան մնացած ընտանիքին վերաբերող նոր մանրամասներ. Վաշխառությո՞ւն, թե օրինական գործարք

analitik.am

Օրեր առաջ անդրադարձել էինք անօթևան մնացած ընտանիքի խնդրին՝ ներկայացնելով Գրիգոր Դանիելյանի, վերջինիս փաստաբանի  մեկնաբանությունները, այնուհետև ներկայացրել էինք մյուս կողմի՝ Էլզա Զաքարյանի մեկնաբանությունները, որից հետո մեր խմբագրություն այցելեց Գրիգոր Դանիելյանը և ներկայացրեց իրենց պատասխանները:

Պարզաբանում՝ Գրիգոր Մարատի Դանիելյանի անօթևան մնացած ընտանիքի, ինչպես նաև իրավաբան-փաստաբանական գրասենյակի տնօրեն Ներսես Խաչատրյանի կողմից փաստաբան Է.Զաքարյանի վերջերս տված պարզաբանմանը։

Գ.Դանիելյանի պարզաբանումը.

«Պարզաբանեմ Է.Զաքարյանի կողմից արված մի շարք հայտարարությունները։ Նախ պետք է նշեմ, որ ծանուցման թուղթը մեզ հասել է մայիսի 4-ին, սակայն աճուրդը տեղի է ունեցել մայիսի 4-ից առաջ և բացի այդ՝ բռնագանձման ծանուցումից հետո, երբ իրենք ինձ ասացին, որ 2-3 ամիս ժամանակ են տալիս, դրանից հետո չեմ կարող ժխտել, որ Սևիկ Սևաչյանի գործի հետ կապված սուտ ցուցմունք եմ տվել, քանի որ դրանից առաջ Է.Զաքարյանն ու իր ամուսինն ինձ սպառնացել են, մասնավորապես այն, որ ես ցուցմունքի մեջ չնշեմ, որ իրենք ինձ գումար են տվել 5%-ով։ Է.Զաքարյանը ցույց տալով փաստաբանի իր վկայականն ասաց, որ ինչ էլ ասեմ, միևնույնն է, ինքը կարող է իրեն պաշտպանել և եթե դա չանեմ, նա կարող է իմ բնակարանը շատ արագ հանել աճուրդի և վաճառել։ Իհարկե, ես հիմա զղջում եմ, չնայած արածս ծանր հանցագործություն չի, ուղղակի ես այդ ամենն արել եմ սպառնալիքի ազդեցության տակ լինելով»։

«Իրերի հետ կապված ասեմ, որ այդ ժամանակ կինս ներկա չի եղել, այդ մասին ինձ հարևաններն են տեղեկացրել։ Կինս գնացել է այն ժամանակ, երբ իրերն արդեն դրսում են հայտնվել։ Եվ հետո, ես պատրաստվում եմ հաղորդում տալ ոստիկանություն՝ կորած և վնասված իրերի վերաբերյալ, փորձագետ պետք է հրավիրվի, որ իրերը գնահատվի։ Բացի այդ, Է.Զաքարյանը, լինելով փաստաբան, որևիցէ մեկիս չի զգուշացրել, որ հեռախոսազրույցի ժամանակ ձայնագրություն է իրականացրել, այդ մասին ևս կհաղորդեմ ոստիկանությանը»։

«Է.Զաքարյանը պարզաբանման մեջ նշել է նաև, որ իբր ես երկու անգամ գնել եմ արտասահմանյան մեքենաներ։ Նշեմ, որ ես մեքենաների վարպետ եմ և այսօր նմանատիպ մեքենաներ կարելի է գնել նույնիսկ 100.000 դրամով։ Ես գնել եմ ընդամենը մեքենայի թափքը և մի տարվա մեջ այդ մեքենան հավաքել, հետո փոխանակում եմ արել։ Նշեմ նաև, որ պարտքը վերադարձնելու պահին իմ մոտ եղել է 4900 ԱՄՆ դոլար, ես իրենց առաջարկել եմ տալ այդ գումարը, իսկ մնացածը՝ վաճառեմ մեքենան կամ ավտոտնակը։ Եվ հետո, ես չէի պատրաստվում գումարը տանել Է.Զաքարյանի տուն, քանի որ այդ գումարն իրենք ինձ տվել են Շենգավիթ նոտարական գրասենյակում և հենց նոտարական գրասենյակում էլ ուզում էի գումարը տալ, սակայն նրանք խուսափում էին գալ նոտարական գրասենյակ։ Նաև, բազմիցս մեր և փաստաբանների կողմից առաջարկվել է գալ և նոտարական գրասենյակում ստանալ գումարը, ինչին ի պատասխան Է.Զաքարյանն ասել է, որ փոքր երեխա ունի չի կարող, և բացի դա, իր ամուսինն ասել է, որ չգա մեր հետ հանդիպման»։

«Հետո Է.Զաքարյանը նշել է, որ ես և կինս ծեծի ենք ենթարկել հայրիկիս։ Ասեմ, որ ցանկացած մարդ կարող է գալ և անձամբ իմ հայրիկից տեղեկանա, որ նման բան չկա։ Է.Զաքարյանը սուտ փաստարկներ է բերում, որպեսզի ապակողմնորոշի մարդկանց։ Եվ բացի դա, ես երբևիցե թմրանյութ չեմ օգտագործել, թմրամոլությամբ չեմ զբաղվել, ոչ մի նարկոդիսպանսերում գրանցված չեմ, հետևաբար որպես ապացույց ես կարող եմ գնալ ստուգվել»։

«Ինձանից թաքուն բնակարանը վաճառելու հայրիկիս խնդրանքի մասով կարող եմ ասել, որ նա մի քիչ խմիչքի հետ սեր ունի, և այդ վիճակում կարող է նման բան ասած լինի, բայց երբևիցե լուրջ վիճակում նա նման մտադրություն չի ունեցել։ Մինչև օրս ես իմ հայրիկին ապահովում եմ, աշխատում եմ, գումարն էլ ուղարկում եմ իրան։ Ես հիմա մեքենայի մեջ եմ քնում, բայց իրեն ապահովում եմ ամեն ինչով»։

«Է.Զաքարյանի պարզաբանման մեջ կա նաև այն, որ իբր ես Ոստիկանությանը մեղադրում եմ կաշառակերության մեջ։ Ասեմ, որ ես ոստիկանությանը երբևիցե չեմ մեղադրել կաշառակերության մեջ, ես ընդամենը կասկածներ ունեմ, որ ինքն ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոնյա եղբայր ունի»։

«Նաև չեմ առարկում, որ ես վիրավորական նամակներ եմ ուղարկել Գայանեին, ոչ թե Է.Զաքարյանին։ Այո, վիրավորել եմ, էմոցիաներից դրդված, հուզված վիճակում տեսնելով, որ ընտանիքս մնացել է անօթևան՝ այդպիսի վիրավորական բաներ եմ գրել։ Ինձ թվում է, որ իրենք իմ փոխարեն ավելի վատ բաներ կանեին»։

«Իսկ իրավաբան-փասատաբանական գրասենյակի տնօրենն ինձ չի ուղղորդում, պարզապես լինելով շահագրգիռ անձ, այս գործին կցելով չորս փաստաբան, մտահոգված է, որպեսզի այս հարցը լուծվի։ Պարզապես, ես լինելով օրենքից անտեղյակ, իսկ ինքն օրենքից տեղյակ փաստաբան մեզ գցեց ծուղակը և նման գործողություններ կատարեց»։

Գ.Դանիելյանի կնոջ՝ Տաթևիկ Վալեճյանի պարզաբանումը. «Է. Զաքարյանի և Գայանեի կողմից տված պարզաբանման մեջ Գայանեն հերքում է ներկայացրել շահագրգիռ անձ լինելու հետ կապված, բայց այդ ամբողջ գործողությունների ժամանակ Գայանեն ներկա է եղել, թե գումար վերցնելուց,  թե բնակարանից ապօրինի կերպով իրերը հանելուց։ Ես բազմիցս զանգահարել եմ իրեն, սակայն նա ինձ չի ասել, որ կապ չունի այդ ամենի հետ։ Իսկ Է.Զաքարյանի կողմից ներկայացված զրպարտանքը՝ իբր ես ու ամուսինս ծեծի ենք ենթարկում սկեսրոջս, բացարձակ իրականությանը չի համապատասխանում և անգամ Մ.Դանիելյանը կարող է պարզաբանում տալ այս մասով։ Նախ ասեմ, որ Մ.Դանիելյանը բնակվում է իմ հորական տանը, եթե ես նման հարաբերությունների մեջ լինեի նրա հետ, ապա տեղ չէի տա նրան, իսկ ավտոտնակում նա պարզապես իր ընկերների հետ ժամանակ է անցկացնում, քանի որ ավտոտնակը գտնվում է շենքի կողքին։ Եթե Է.Զաքարյանը մեր ձեռքից բնակարան է վերցրել ընդամենը 5400 ԱՄՆ դոլարի համար, մեր ընտանեկան գործերը ոչ մի կապ չունի դրա հետ։ Բացի այդ, մենք ծանուցագիրը ստացել ենք մայիսի 4-ին, կապվել ենք աճուրդայի ընկերության հետ, փաստաբանն էլ իր հերթին է խոսել, որպեսզի գումարը տանենք վճարենք, բայց ինքն ինչ-որ ցրողական պատասխաններ է տվել և արդեն ամսի 8-ին կադաստրով բնակարանն անվանափոխել է իր անունով։ Եվ հետո, նա եկել է մեր տուն ինչ-որ մարդու հետ և պահանջել, որ գումարը վճարենք, այնուհետև պարզվել է, որ այդ մարդն աճուրդային կենտրոնի տնօրենն է, բայց իրենք մեզ այդ մասին չեն տեղեկացրել։ Իրենք ուղղակի փրփուրներից են կախվում՝ զրպարտելով մեզ, ի՞նչ կապ ունի այդ ամենն իր կողմից կատարված գործողությունների հետ»։

Իրավաբան-փաստաբանական գրասենյակի տնօրեն Ներսես Խաչատրյանի պարզաբանումը.  «Է. Զաքարյանի տված անհիմն հայտարարությանն ի պատասխան պետք է ասեմ, որ նախ ես բարոյապես ինձ իրավունք չեմ վերապահի նման գործելաոճ ունենալ, քանի որ բնականաբար մարդ, ով ներկայանում է որպես փաստաբան՝ ոստիկանը պարտավոր է պահանջել նրանից փաստաբանի արտոնագիր, որից հետո նրան կարող է ներգրավել գործով փաստաբան, ներկայացուցիչ կամ պաշտպան, հետևաբար ես չգիտեմ, թե ինչու է Է.Զաքարյանը նման հայտարարություն արել։ Իսկ ինչ վերաբերվում է, որ իբր ես ուղղորդում եմ Գ.Դանիելյանին որոշակի անօրինական գործողություններ կատարելու, ապա կասեմ, որ նախ ես տեղյակ չեմ եղել, որ Գ.Դանիելյանը  Է.Զաքարյանին վիրավորական նամակներ է ուղարկել, քանի որ մենք բազմիցս մեր հաճախորդներին զգուշացնում ենք, որ առանց փաստաբանի ի գիտության որևիցե քայլ չկատարել, քանի որ դա կարող է անդրադառնալ գործի ելքի վրա։ Հետևաբար, ես տեղյակ չեմ եղել Գ.Դանիելյանի կողմից կատարված նման գործողություններից»։

«Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Է.Զաքարյանը շեշտել է, որ ես ինձ օժտել եմ ավելի բարձր իրավաբանական գիտելիքներով, քան ամբողջ Քննչական մարմինն ու Դատախազությունը՝ կուզեի մեր հարգելի տիկնոջն ասել, որ ես որևիցե հարցազրույցում կամ հայտարարություն անելիս չեմ վատաբանել քննչական մարմնի գործողությանը կամ դատախազությանը։ Ժողովրդական մի լավ խոսք կա,մարդ ինքը ոնց կա, գիտի իր դիմացինն էլ է այդպիսին, ու երևի նա հենց այս սկզբունքով է գնում։ Իսկ ընդհանուր գործի մասով, որ նա հակառակ փաստարկներ է ներկայացրել, ավելի մանրամասն ձեզ եմ ներկայացրել մի շարք փաստաթղթեր, որոնցում ամեն ինչ պարզ գրված է»։

«Ես անցած հարցազրույցի ժամանակ  բանավոր կարգի մատնանշել եմ փաստաթղթերում առկա դեպքերը և ավելացնեմ, որ, ՀՀ Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր ոք ունի ազատ խոսքի իրավունք, հետևաբար ես իմ կարծիքն են արտահայտել, որ այս նյութերով՝ այսինքն, այս ցուցմունքներով, որն արտահայտված է քննիչի որոշման մեջ Է.Զաքարյանը միանաշանակ կատարել է քրեական օրենսգրքում նախատեսված անթույլատրելի գործողություններ, որն է՝ վաշխառություն»։

«Իսկ Է. Զաքարյանի կողմից մատնանշած այն փաստը, որ ես ինձ կոչել եմ փաստաբան և մասնակցել եմ գործողությունների, կխնդրեմ, որ որևիցէ մի տեղ ինքն ապացույցներ ներկայացնի, որ ես որևիցէ գործողության որպես փաստաբան մասնակցել եմ։ Ես ինքս անձամբ մտահոգված եմ, մեր գրասենյակ դիմող հաճախորդների խնդիրներով։ Միանշանակ օգնության կարիք ունեցող մարդկանց մենք օգնում ենք»։

«Իսկ ինչ վերաբերում է 2007թ.-ի մայիսի 10-ի կառավարության 797 N որոշման համաձայն՝ ներխուժումը կանխելու և վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին, երբ իրենք բնակարանի կողպեքը վնասել և փոխել են, այդ օրը տանը եղել է Գ.Դանիելյանի կինը։ Լրիվ անսպասելի ներխուժելով բնակարան՝  նրանք հանկարծակիի են բերել Գ․Դանիելյանի կնոջը, ինչից հետո Գ.Դանիելյանի կինը զանգահարել է փաստաբանական գրասենյակ, քանի որ այդ պահին Գ.Դանիելյանը գտնվել է բնակարանից հեռու։ Ես տեղեկանալով այդ մասին, անմիջապես գնացել եմ Գ.Դանիելյանի բնակարան, սակայն նրանք արդեն տեղում չէին։ Պետք է նշեմ նաև, որ դրանից հետո ես զրույց եմ ունեցել Արաբկիրի ոստիկանության աշխատակից Արամ Նազարյանի հետ և ներկայացել եմ իրավաբան-փաստաբանական գրասենյակի տնօրեն, ոչ թե որպես փաստաբան, ասել եմ, որ մեր գրասենյակն է զբաղվում Դանիելյանների գործով։ Այնուհետև Ա.Նազարյանի հետ հանդիպել եմ ոստիկանությունում, որտեղ բացատրել եմ, որ պետք է արձանագրություն ներկայացվեր բնակարանի սեփականատիրոջը՝ Մ.Դանիելյանին, որ պետք է նկատի ունենալ կառավարության որոշումը, 11, 12-րդ կետերը ներկայացնելով, որից հետո նոր օրենքով սահմանված կարգով իրականացնել վտարման գործողություններ»։

«Է.Զաքարյանը հերքման մեջ նշել է, որ զանգահարել և տեղեկացրել է Գ.Դանիելյանին իրերի հանման հետ կապված, բայց պետք է նշեմ, որ այդ բնակարանում բնակվում է ոչ միայն Գ.Դանիելյանը, այլև նրա կինը, նրա հայրը և երեխան և այդ բնակարանում կա նաև Գ.Դանիելյանի կնոջ և հոր իրերը։ Ոստիկանությունը պատշաճ կերպով բնակարանի սեփականատիրոջը որևիցէ զգուշացում, ծանուցում կամ արձանագրություն չի տվել, իսկ օրենքն ասում է, ովքեր որ գտնվում են այդ տարածքում՝ բոլորին պետք է ծանուցվի, արձանագրություն կազմվի, նոր դրանից հետո կատարվի գործողություններ, իսկ այդ ամենը չի կատարվել։ Դրանից հետո  ես զանգահարել եմ ոստիկանություն և հայտարարություն եմ տվել այդ մասին։ Դրանից բացի, պայմանագրի հետ կապված, որտեղ նշված է, որ իրենք պայմանագիր են կնքել 3.800.000 դրամ, կարող եմ ասել, որ իրական գումարը 6000 ԱՄՆ դոլար է եղել, որից 600 դոլարը փուլերով, որպես միջնորդավճար, տվել են Գայանեին, սակայն Գայանեն ձեր հոդվածում ասել է, որ նման բան չկա, բայց ես կարծում եմ, որ նախկինում այդ գործողությունը կատարվել է։ Այս դեպքում մենք նայում ենք ոչ թե բանավոր խոսքին, այլ առկա փաստերին, որոնք կան փաստաթղթերում»։

«Ես՝ որպես մեր գրասենյակի տնօրեն, միանշանակ թե գրասենյակի ռեյտինգի, թե  գրասենյակի հեղինակության և թե առաջնային մեր հաճախորդների մասով մտահոգված եմ, որպեսզի կատարվեն ճիշտ գործողություններ և մարդկանց  մատուցվի պատշաճ թե իրավաբանական,  թե  փաստաբանական ծառայություններ։ Իսկ ինչ վերաբերում է գործի ելքի մասով, միանշանակ պայմանագրում էլ է կետը նշված, իրենց էլ նախապես նախազգուշացված է, որ գործի ելքի մասով որևիցե մեկն իրավասու չէ երաշխավորելու, կոնկրետ մեր կազմակերպությունը։ Եթե կատարում են ապօրինություն, դրա դեմը պիտի առնել։ Գոյություն ունի նախաքննական մարմին, նախաքննական մարմինը թող քրեական գործ հարուցի, քրեական գործի շրջանակներում արդեն հասկանա՝ իրականում տվե՞լ է 5%, թե չի տվել, եթե տվել է, ապա ինչ հետևանքներ կառաջանա, եթե չի տվել, սուտ ցուցմունքի համար թող գնա պատժվի։ Մենք պահանջում ենք նախաքննական մարմնի օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունը։ Ի տարբերություն Է.Զաքարյանի, մենք անհիմն հայտարարություններ և վիրավորանքներ չենք հնչեցնում, որովհետև որևիցե մեկը բարոյական իրավունք չունի դա անել, կապ չունի ինչ գործողությունների մասին է խոսքը, եթե օրենքով սահմանված կարգով է միանշանակ ՀՀ քաղաքացին պարտավոր է հարգել օրենքը։ Եվ ինքը՝ որպես փաստաբան, էթիկայի կանոններից ելնելով չպետք է իրեն թույլ տար թե իմ, թե մնացածի մասով անհիմն հայտարարություններ տարածել»։

Ստորև իրավաբան-փաստաբանական գրասենյակի տնօրենը ներկայացրել է փաստաթղթեր։

 

Նույն շարքից