Բարի օր Իրավական 

Անօթևան մնացած ընտանիքը պահանջում է պատժել մեղավորներին և վերադարձնել իրենց բնակարանը

analitik.am

Այսօր՝ հունիսի 14-ին, Ազգային Անվտանգության մուտքի մոտ Գրիգոր Մարատի Դանիելյանի անօթևան մնացած ընտանիքի կողմից հայտարարված էր հացադուլ:

Analitik.am-ի թղթակիցը զրուցել է Գրիգոր Դանիելյանի հետ, ով մանրամասն ներկայացրել է իր բողոքը, որը ներկաայցնում ենք ամբողջությամբ ստորև.

«2016 թ.-ի սեպտմեբերին մենք դիմեցինք վարկային կազմակերպություն, որտեղ առաջարկվում էր տան գրավի դիմաց վարկ։ Նշված հեռախոսահամարով զանգահարելուց հետո Գայանե անունով մեկն ասաց, որ ինքը միջնորդ է և իրենց կազմակերպությունը տրամադրում է գումար՝ տան գրավի դիմաց փոխառության պայմանագրով, նշեց նաև, որ տրամադրողն անհատ է, ասեմ, որ այդ անհատը փաստաբան Էլզա Զաքարյանն է։ Գումարի անհրաժեշտության պատճառով համաձայնվեցի, այնուհետև Շենգավիթի նոտարական գրասենյակում կնքեցինք պայմանագիրը։ Այդ կազմակերպությունից վերցրեցինք 4000 դոլար մեկ անգամ, որից 400 դոլարը տվել եմ միջնորդավճար՝ Գայանեին, իսկ երկրորդ անգամ վերցրել ենք 2000 դոլար, որից 200 դոլարը նորից տվել եմ միջնորդին` 5% տոկոսագումարով։ Ես իրանց 3 ամիս վճարեցի 900 դոլար՝ այսինքն, ամսական 300 դոլար և ոչ մի ստացական չտվեցին, ասում էին վաղը կտանք մյուս օրը կտանք և այդպես էլ չտվեցին մինչև օրս։ Հետո պայմանագիրը մեկ ամսով երկարացրեցինք, մեկ ամսից հետո իրանք եկան, ասեցին, որ ձեզ տալիս ենք 2-3 ամիս ժամանակ, որպեսզի գումարը վճարեք։ Դրանից հետո ես ձեռք բերեցի գումար, որպեսզի կարողանամ վճարը կատարել, սակայն Է. Զաքարյանը պատճառաբանեց, որ հղի է ու գնում է ծննդաբերության։ Իսկ դրանից հետո պահանջեց, որպեսզի գումարը տանենք իր բնակարան, քանի որ փոքր երեխա ունի և չի կարող գալ նոտար։

Վերջերս էլ եկել են մեր բնակարանը նկարահանել են, նկարահանողը չի ներկայացել, վերջում նոր պարզվել է, որ աճուրդի տնօրենն է եղել, պարզապես չեն ծանուցել, որ աճուրդի համար են նկարահանում։ Հետո՝ մայիսի 4-ին, ծանուցում է եկել, որ ձեր բնակարանը «Ակսոն» աճուրդային հարթակում դրված է վաճառքի, կատարեք ձեր պարտավորվածությունները Է.Զաքարյանի նկատմամբ, այլապես ձեր բնակարանը կվաճառվի։ Դրանից հետո զանգահարել եմ «Ակսոն» աճուրդի կենտրոն և տեղեկացրել եմ, որ այդ գումարն ունեմ և կարող եմ վճարել, սակայն այնտեղից ինձ պատասխանում են, որ կապ հաստատեմ Է.Զաքարյանի հետ, դրան գումարած ոչ մի ուղղություն ցույց չտալով ինձ։

Այնուհետև՝ մայիսի 8-ին, Է.Զաքարյանը բնակարանն անվանափոխել է իր անունով։

Ասեմ նաև, որ Է.Զաքարյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ, եթե հիշում եք 2016թ.-ին դատավորի ձերբակալեցին կաշառք վերցնելու պահին, ուրեմն կաշառք տվողը Է.Զաքարյանն է եղել։

Հարկ եմ համարում նշել, որ Արաբկիրի ոստիկանությունից ինձ կանչեցին և տեղեկացրին, որ Է.Զաքարյանը դիմում է ներկայացրել, որ իբր մենք ապօրինի ներխուժել ենք իր բնակարան , բայց այդ բնակարանը 1961թ.-ից հանգուցյալ պապիկս ստացել է հենց ԱԱԾ-ից՝ որպես ԱԱԾ-ի ծառայող։ Եվ այդպես՝ ոստիկանությունը դիմումի համաձայն պետք է վտարում կատարի։ Առանց որևիցե մեկիս տեղեկացնելու, գնում բնակարանի դուռը ջարդում են, փականը փոխում են, առանց մեզ զգուշացնելու իրերը հանում են շպրտում դուրս, ամբողջ գույքը փչացնում են, հարևաններից ենք տեղեկանում, որ մեր գույքը դուրս են հանում։

Հիմա ես եկել եմ ազգային անվտանգության կոմիտե, սկզբում հացադուլ հայտարարելով, բայց աշխատակազմի ղեկավար պարոն Հարությունյանի հետ զրուցելով հացադուլ չեմ անի, քանի որ պարոն Հարությունյանն իմ դիմումը վերցրել է և հիմա գործը զեկուցվել է ԱԱԾ պետ Ա.Վանեցյանին»։

Գրիգոր Դանիելյանը նշեց նաև, որ իրենք հիմա դիմել են իրավաբանական գործակալություն։

Իրավաբանական, փաստաբանական գրասենյակի տնօրեն Ներսես Խաչատրյանն էլ ասաց, որ արդեն մեկ ամիս է՝ զբաղվում են այս գործով. «Նախքան այդ, որոշակի տեղեկություններ ունեցել ենք, հարցումներ ենք կատարել, որի արդյունքում պարզվել է, որ նախկինում նույն Է.Զաքարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ վաշխառություն, բայց հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է։ Հիմա մեր ձեռքի տակ կա քննիչի կողմից կայացված որոշում և որոշման մեջ արտացոլված է տուժողների ցուցմունքերը։ Այդ տուժողներից 3-5 հոգի, որոնք ոչ շահագրգիռ անձինք են, հստակ նշել են, որ Է.Զաքարյանը մեզ տրամադրել է տոկոսով գումար՝  ամսական 5 % տոկոսադրույքի չափով, բայց նոտարական գործարքի ժամանակ խնդրել է, որ պայմանագրում նշենք 2%, որպեսզի հարկերի հետ կապված և, ինչու չէ, նաև վաշխառությունից խուսափելու համար զերծ մնալ խնդիրներից։ Քննիչն իր որոշման մեջ այդ 5 հոգու ցուցմունքն արտացոլել է, բայց վերջում գրել է, որ հանցակազմ չկա, հետևաբար հարցուցված քրեական գործը մերժվում է։ Հիմա այդ նույն որոշումը որպես ապացույց ներկայացրել ենք Արաբկիրի հետաքննչական բաժանմունք։ Հետաքննչականն, ուսումնասիրելով գործի նյութերը, լսելով ամուսիններին և ներկայացելով համապատասխան որոշումը, ուղարկել է նորից Կենտրոնի ոստիկանություն, իսկ Կենտրոնի ոստիկանությունն էլ մերժել է։ Պետք է նշեմ նաև, որ ոստիկանության աշխատակից Արամ Նազարյանը խախտելով կառավարության 2007թ.-ի մայիս 10-ի 797 վտարման մասին որոշումը, որտեղ հստակ գրված է, որ անձին նախապես պետք է ողջամիտ ժամկետ տրամադրել՝ ողջամիտ ժամկետ չեն տրամադրել սեփականտիրոջը՝ Մարատ Դանիելյանին, Գրիգոր Դանիելյանի հորը»։

Analitik.am-ը փորձեց կապ հաստատել փաստաբան Էլզա Զաքարյանի հետ, սակայն չստացվեց: Կփորձենք ավելի ուշ ստանալ նաև Էլզա Զաքարյանի մեկնաբանությունը՝ կապված այս գործի հետ:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից