Իրավական Հասարակություն 

Անօթևան մնացած ընտանիքի վերաբերյալ պարզաբանում է տվել Էլզա Զաքարյանը

analitik.am

Analitik.am-ն օրեր առաջ ներկայացրել էր ԱԱԾ մուտքի մոտ հացադուլ հայտարարած ընտանիքի բողոքը։ Նյութից հետո մեր խմբագրության հետ կապ հաստատեց Է․Զաքարյանը, ով ասաց հետևյալը՝ վերոնշյալ գործի հետ կապված.

«Գ.Դանիելյանի գործարքի մանրամասներն արդեն քննվել են քրեական գործի շրջանակներում, որի շրջանակներում Գ.Դանիելյանը 2017թ․- ի մարտի 16-ին նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, ցուցմունքի մեջ ներկայացրել է՝ որտեղից է ինձ ճանաչում, նշել է, որ Գայանե անունով միջնորդ անձի չի ճանաչում, ոչ մեկին միջնորդավճար չի տվել, ներկայացրել է նաև, թե որքան  գումար է վերցրել ինձանից և ինչ տոկոսադրույքով։ Նույն հարցի շուրջ ցուցմունք է տվել նաև Գրիգորի հայրը՝ Մարատ Դանիելյանը և նրա կինը՝ Տաթևիկ Վարելճյանը։ Այսպիսով, նրա կողմից ներկայացված բոլոր փաստերն այն մասին, թե գումարը տրամադրվել է նրան 5 տոկոս տոկոսադրույքով և այն պատճառաբանություններն, թե  իբր աճուրդային կենտրոնից ծանուցված չեն եղել կամ հնարավորություն չեն ունեցել պարտքը մարելու՝ ամբողջովին սուտ է և իրականությանը չի համապատասխանում։ Ցանկանում եմ հայտնել նաև, որ նրանց կողմից բերված այն պատճառաբանությունը, թե իբր գումարն ունեցել են, սակայն ես չեմ վերցրել, քանի որ պետք է ծննդաբերեի, ասեմ, որ սուտ է: Ես ծննդաբերել եմ 2017 թ․-ի հուլիս ամսին և դրանից հետո նրանք կարող էին մեկ տարվա ընթացքում, ցանկության դեպքում, պարտքը վերադարձնել: Մեր միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է 2017թ․-ի փետրվարի 30-ին և դրանից հետո ես տրամադրել եմ իրենց առձեռն տարբերակով բռնագանձման ծանուցումներ, որով նրանք պետք է 2 ամսվա ընթացքում կատարեին իրենց պարտավորությունն ամբողջությամբ, ինչպես նաև նրանց իրավունք եմ տվել որպեսզի իրենք անշարժ գույք հանդիսացող բնակարանն անձամբ վաճառեն և վերադարձնեն պարտքը: Պայմանագրի կնքման պահից սկսած գումարի վրա ոչ մի գումար չի ավելացել, չնայած նրան, որ,  ըստ ՀՀ քաղ. Օր․ 411-րդ հոդվածի համաձայն, կարող էի նրանց պարտքին ավելացնել պարտավորության կատարման ուշացման համար օրենքով նախատեսված տոկոսներ, որը չեմ արել խղճալով նրանց»:

«Ցանկանում եմ հայտնել նաև, որ նրանց կողմից առաջարկված վճարման այլ տարբերակներին ես ևս համաձայն եմ եղել, մասնավորապես՝ նրանց կողմից առաջարկվել է ինձ տալ 4500 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը ետ վերադարձնել ամսական 50․000 ՀՀ դրամով, ինչին ես մի քանի անգամ համաձայնվել եմ, սակայն Դանիելյաններն այդպես էլ պայմանավորված օրը ոչ զանգահարել, ոչ էլ հանդիպել են: Ինչ վերաբերվում է նրան, թե նրանց իրավաբանորեն չեն ուղղորդել և դրանում մեղադրում են աճուրդային կենտրոնի տնօրենին՝ ցանկանում եմ հայտնել, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ժամանակահատվածում նրանց շահերը ներկայացնում էր փաստաբան՝ Նաիրա Խաչատրյանը, որը նաև միևնույն ժամանակ մշտական կապի մեջ էր իմ հետ: Եվ ամենազավեշտալին այն էր, որ տարի ու կես անց փաստաբանի կողմից ինձ առաջարկվող գումարը 4500-ից չէր ավելացել: Սակայն այդ ժամանակահատվածում Գ.Դանիելյանը հասցրել էր երկու արտասահմանյան արտադրության մեքենա գնել, բայց իմ գումարը չուներ տալու»:

«Այս ժամանակահատվածում ես մեկ անգամ եմ ծննդաբերել և այս պատճառաբանությունը սարքել դրոշակ, թե իբր ես մեկ տարի շարունակ պատճառաբանել եմ, թե ծննդաբերում եմ և հրաժարվել եմ գումարն իրենից ստանալ, ես կարծում եմ, որ բերված պատճառաբանության աբսուրդային լինելն ակնհայտ է»:

Նա նաև հավելեց. «Իմ կողմից արդեն նշվել է, որ նրանք փաստաբան են ունեցել և եթե նրանք ռեալ գումար ունենային, ապա փաստաբանի կողմից օրինական բոլոր միջոցները կօգտագործվեին գումարն ինձ փոխանցելու և գույքը գրավից ազատելու համար: Ասեմ նաև, որ աճուրդի մասին նրանք տեղեկացվել են անձամբ աճուրդի տնօրենի կողմից՝ նրանց տան մեջ իմ ներկայությամբ, այնուհետև նրանք ծանուցվել են նաև թե՛ փոստային տարբերակով, թե՛ էլ․ եղանակով/ Ազդարար թերթ /։ Պետք է նշեմ նաև, որ Գ․Դանիելյանն ինքը բազմիցս զանգահարել է աճուրդի կենտրոն, զանգահարել է նաև իր փաստաբանը և պահանջել, որ աճուրդը կասեցվի»։

«Իմ կողմից աճուրդային կենտրոնից գույքը ձեռք բերելուց հետո, ես պետք է Մարատ Դանիելյանին, որպես նախկին սեփականատիրոջ  վերադարձնեմ տարբերություն մնացած գումարը 7 մլն. ՀՀ դրամ, սակայն հանդիպելով Գ.Դանիելյանի հետ խոսակցության ընթացքում, նրա իսկ խնդրանքով բանավոր համաձայնության եմ եկել, որ կվճարեմ բացի 7 մլն դրամը հավելյալ ևս 2,5 մլն դրամ, որպեսզի նա կարողանա իր կողմից ընտրված տունը ձեռք բերի: Պայմանավորվել էինք երկուշաբթի օրը հանդիպել նոտարական գրասենյակում, որպեսզի գումարը հանձնեմ, սակայն Դանիելյանները կրկին անհայտացան։ Գումարը ստանալու փոխարեն հայտնվում են տարբեր լրատավամիջոցներում, ներկայանում են անօթևան, թե իբր գույքը խաբեությամբ խլել եմ իրենցից, տան իրերը վնասել եմ և այլ անհեթեթ պատմություններ»:

«Ես նաև զանգահարել եմ Գ․Դանիելյանին և բնակարանում առկա իրերի մասին տեղյակ եմ պահել, հարցրել եմ, թե ինչու չեն գալիս իրերը տանելու, ինչին ի պատասխան Գ․Դանիելյանն ասել է, որ դա պետք է պայմանավորվի փաստաբանի հետ։ Այնուհետև ես իրեն տվել եմ մի քանի օր ժամանակ, որպեսզի իրերը դուրս բերի, հակառակ դեպքում ես կօգտվեմ իմ իրավունքից և իրերը դուրս կհանեմ։ Իսկ բնակարանի կողպեքը բացելու և փոխելու ընթացքում Տաթևիկ Վարելճյանը ներկա է եղել, ապա իրեն անհրաժեշտ իրերը վերցնելուց հետո անմիջապես դուրս է եկել բնակարանից: Եվ նաև իրերի դուրս հանմանը Տաթևիկ Վարելճյանը մշտապես ներկա է եղել և բնակարանից հանված իրերն եղել են իր տիրապետման տակ»:

«Ցանկանում եմ ավելացնել, որ իմ կողմից բոլոր փաստերը կարող են ապացուցվել, քանի որ ունեմ տեսաձայնագրություններ, ձայնագրություններ և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»:

«Իսկ ինչ վերաբերվում է Գ․Դանիելյանի փաստաբան՝ Ներսես Խաչատրյանին, պետք է ասեմ, որ հոդվածում ներկայացված ոմն Ներսես Խաչատրյանը, որը ՀՀ Ոստիկանությունում ներկայացել է որպես փաստաբան, ասեմ որ կարող եք ուսումնասիրել  ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքը, և հավաստիանալ, որ մենք նման փաստաբան չունենք, հետևաբար նա չունենալով փաստաբանական արտոնագիր, ուղղակի իրավասու չէր որոշակի հարցումներ կատարել իմ անձի վերաբերյալ, հատկապես իրավապահ մարմիններում։ Անձն առանց արտոնագրի իրավունք չունի անձին ներկայացնել ո՛չ Ոստիկանությունում, ո՛չ էլ այլ մարմիններում»։

«Այս պահի դրությամբ, ես կարծում եմ, որ Գ․Դանիելյանին ուղղորդում է ոչ պրոֆեսիոնալ, նրա կրթությունը չիմանալով նաև կարող եմ ինձ թույլ տալ ասել իրավաբանությունից հեռու անձնավորություն: Այս նույն ինքնակոչ փաստաբանի մտածելակերպով, թե ինքն օժտված է ավելի բարձր իրավաբանական գիտելիքներով, քան ամբողջ Քննչական մարմինն ու Դատախազությունը, նույն ոգեշնչմամբ ստիպում է Դանիելյաններին նույնանման անհեթեթ արտահայտություններով և ծայրահեղ գործողություններով հանդես գալ հանրության առջև ընդուպ մինչև Ոստիկանության աշխատակիցներին մեղադրելով կաշառակերության մեջ: Նման ինքնակոչ փաստաբանը գիտակցելով հանդերձ, որ այն ինչ տեղի է ունեցել կատարվել է միայն օրենքի շրջանակներում, սակայն մի երկու կոպեկ աշխատելու նպատակով մարդկանց սխալ ուղղության վրա է դնում, դրդելով նրանց անգամ հանցագործության, մասնավորապես իմ անձին ուղղված առողջությանը և կյանքին վնաս տալուն հաղորդագրություններով, որոնցում հնչեցվում են զանազան սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ»:

Գայանե Միքայելյան էլ իր հերթին ասաց հետևյալը․ «Ես վարկային ոչ մի կազմակերպություն չեմ ներկայացնում, ոչ էլ ներկայացել եմ որպես միջնորդ։ Պարզապես, երբ Գ․Դանիելյանը Է․Զաքարյանից արդեն երկրորդ անգամ գումար էր վերցնում, ես ներկա եմ եղել որպես ոչ շահագրգիռ անձ։ Պայմանագիրը կնքվել է, եղել է գրավոր պայմանավորվածություն։ Այնուհետև, նույն Գ․Դանիելյանը Է․Զաքարյանին ասել էր, որ պարտքը վերադարձնելու իր միակ միջոցը բնակարանը վաճառելն է և իր խնդրանքով մենք զբաղվել ենք իր բնակարանի առ ու վաճառքով, ինչի դիմաց նա մեզ պետք է վճարեր գույքի արժեքի 2%-ը։ Դրանից հետո,Է․Զաքարյանի հետ գնացել ենք Գ․Դանիելյանի բնակարան, այնտեղ արդեն գրավոր պայմանավորվածություն ենք ունեցել։ Այնուհետև, գրավոր պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո, գնորդ հայտնվեց, ով առաջարկեց գնել բնակարանը 46.000 դոլարով, մենք այդ մասին տեղեկացրեցինք Գ․Դանիելյանին, որից երկու օր անց նա մեզ զանգահարեց և ասաց, որ մենք չենք ուզում այդ գնով բնակարանը վաճառել, որովհետև իրենց վերևի հարևանն առաջարկում է բնակարանի համար 48.000 դոլար։ 20 օր անց մենք գտանք 48.000 դոլար առաջարկող գնորդ, Գ․Դանիելյանն ասաց, որ կմտածի, սակայն նորից ժամանակ անց նա ասաց,որ առաջին հարկի հարևանը 50.000 դոլարով ուզում է գնել բնակարանը։ Այսպիսով մենք հասկացանք, որ Գ․Դանիելյանը բնակարան վաճառելու բնավ նպատակ չունի, պարզապես նա մեզ օգտագործելով փորձում էր Է․Զաքարյանին համոզել, որ պարտքը կվերդարձնի։Այնուհետև Գ․Դանիելյանը տեղեկացրել է մեզ, որ այլևս չի ուզում բնակարանը վաճառել, քանի որ դրսից իրեն գումար են ուղարկելու հենց այս պարտքը մարելու նպատակով։ Եվ բացի այդ, նույն Գ․Դանիելյանը շատ անգամներ զանգահարել է ինձ և ասել, որ փոխանցեմ, որ ինքը պարզել է Է․Զաքարյանի ամուսնու աշխատանքի վայրը, որ գնալու է ամուսնուն վնաս տա, եթե իր բնակարանը դրվի աճուրդ։ Նաև, Մարատ Դանիելյանի կողմից մի քանի անգամ ինձ առաջարկվել է Գրիգոր Դանիելյանից գաղտնի վաճառել բնակարանը, որպեսզի Մարատը գումարը վերցնի և հեռանա Հանրապետությունից քույրերի մոտ: Մարատի պատմելով Գրիգորն օգտագործում է թմրանյութեր և պարբերաբար կնոջ հետ իրեն ծեծի է ենթարկում: Պատմել է նաև, թե ինչի չի ցանկանում բնակարանի փոխարեն ավտոտնակը վաճառել, ասել է, որ ավտոտնակն իր օջախն է և ինքը երբ վիճված է լինում այնտեղ է բնակվում: 2017թ. Ձմռանը, երբ ես նրանց տան վաճառքով էի զբաղվում ականատես եմ եղել, որ Մարատ Դանիելյանն ապրում է ավտոտնակում»։

Ներկայացվեցին նաև փաստաթղթեր, որոնք ներկայացնում ենք ստորև.

Նույն շարքից