Բարի օր Տնտեսություն 

Խարդախության միջոցով դատարանին մանիպուլյացիայի ենթարկած և իր դիրքորոշումից հրաժարված փորձագետը մտահոգվում է «Ամուլսար»-ով. Տեսանյութ

analitik.am

Այսօր «Անի Պլազա»-յում կայացավ քննարկում՝ կապված «Ամուլսար»-ի ոսկու հանքի շահագործման հնարավոր վտանգների հետ: Քննարկմանը մասնակցող փորձագետներին մի անգամ չէ, որ անդրադարձել ենք: Նրանք մտահոգություններ են հայտնում՝ չներկայացնելով որևէ փաստ, ինչպես նաև խուսափելով «Լիդիան» ընկերության փորձագետների հետ քննարկումներ անցկացնելուց:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվար ամսին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, «Լիդիան» ընկերությունը նույնպես համաձայնել էր, կազմակերպվել էր քննարկում, սակայն ոսկու հանքի շահագործման վտանգներով «մտահոգ  փորձագետները» չեկան այդ քննարկմանը:

Այսօր Analitik.am-ի լրագրողը  հարց  ուղղեց Անն Մայեսթին այն մասին, թե արդյոք չեն ցանկանում հանդիպել «Լիդիան»-ի հետ և քննարկել իրենց մտահոգող հարցերը, գուցե «Լիդիան»-ն իրոք ունի ծանրակշիռ փաստեր, որոնք  բազմաթիվ անգամ ներկայացվել է, որին ի պատասխան Անն Մայեսթն ասաց, որ կուզի հանդիպել «Լիդիան»-ի հետ. «Մեր ընկալումն այն է, որ վաղն այցի ընթացքում հավանաբար կհանդիպենք Լիդիանի ներկայացուցիչներին և պատրաստ ենք իրենց հետ քննարկել այս հարցերը , բայց մենք մանիպուլյացիայի չենք ենթարկում»,- նշեց նա:

Հետաքրքիրն այն է, որ հենց Լիդիանը, ինչպես նշեցինք, դեռևս հունվար ամսին նախաձեռնել էր հանդիպում, որին, սակայն, հրաժարվել էին մասնակցել թե Անն Մայեսթը, թե մնացած զեկուցողները: Մեզ նաև մտահոգում էր Անն Մայեսթի նախկին վատ փորձը:

Հիշեցնենք, որ Մայեսթը  ժամանակին հրաժարվել էր Շևրոնի դեմ իր արած հայտարարություններից և պնդումներից առ այն, որ տվյալ հանքի շահագործման արդյունքում Էկվադորում ստորերյա ջրեր են աղտոտվել: Համացանցում առկա տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է 2007 թվականին Էկվադորում Շևրոն ընկերության դեմ հայց ներկայացրած փաստաբանի հետ Անն Մայեսթը քննարկում խարդախության միջոցով դատարանին մանիպուլյացիայի ենթարկելու հնարավորությունը: Ի դեպ, գուցե ոչ պատահաբար մեր լրագրողի հարցին պատասխանելուց նա նշեց, թե մանիպուլյացիայի չեն ենթարկում: Տեսանյութում նա համաձայնվում է, որ թեև հետազոտությունը ցույց է տալիս, որ Շևրոնի կողմից իրականացվող ծրագրի պատճառով իրականում ստորերկրյա ջրերի աղտոտման վերաբերյալ փաստեր չկան, բայց կարելի է դատարանին ներկայացնել այլ նյութեր և մանիպուլյացիայի միջոցով հասնել նրան, որ Շևրոնը իրեն փող տա:

Զրույցը տեղի է ունենում Անն Մաեսթի, վերջինիս գործընկերներ՝ Դիք Քամփի և Չարլզ Չամփի և Շևրոնի դեմ հայց ներկայացրած Էկվադորի համայնքներից մեկի շահերը ներկայացնող փաստաբան Սթիվեն Դոնզիգերի միջև: Այս զրույցից մի քանի տարի անց՝ 2013-ին, Անն Մաեսթը դատարանում հրաժարվում է հետազոտություններից և խոստովանում, որ փաստաբան Դոնզիգերն իրեն ներքաշել է խարդախության մեջ:

Նա հրապարակավ հրաժարվում է այն բոլոր հետազոտություններից, որտեղ պնդել էր, թե Շևրոնի իրականացրած ծրագրի պատճառով ստորերկրյա ջրերի աղտոտում է եղել: Հաշվի առնելով Անն Մաեսթի նախորդ փորձը, մեծ են շանսերը, որ Ամուլսարի դեմ նույնպես նա կեղծ և պատվիրված տեղեկություններ է ներկայացնում, և գուցե մի օր, եթե հայց ներկայացնի «Լիդիան»-ը, ստիպված լինի ընդունել, որ ստել է, ինչպես Շևրոնի դեպքում էր:

Հաշվի առնելով այս մտահոգությունը Analitik.am-ի լրագրողը հարց ուղղեց Անն Մաեսթին, թե հնարավո՞ր է, որ մի օր նա հրաժարվի Լիդիանի հետ կապված իր ուսումնասիրություններից, որին ի պատասխան Անն Մայեսթն ասաց. «Եթե լինեն հավելյալ տվյալներ, հնարավոր է , որ ես փոխեմ իմ կարծիքը, բայց իրենց ներկայացրած տվյալները, եթե շարունակվեն քննարկվել, ես իմ կարծիքը դժվար փոխեմ»:

Այստեղից ստացվում է, որ եթե Անն Մաեսթն առ այսօր դեռ չի քննարկել որևէ բան Լիդիանի փորձագետների հետ, չգիտի, թե ինչ փաստեր են ցանկանում նրանք ներկայացնել, չի լսել և չի գնացել քննարկմանը, ապա ի՞նչ նոր տվյալների մասին է խոսքը: Եթե Անն Մաեսթը պատրաստվում է Հայաստանում էլ աղմուկ բարձրացնելու հաշվին փող աշխատելու ցանկություններն իրագործել, ապա պետք է հաշվի առնենք, որ ներկայիս պայմաններում նման միջադեպերը կարող են լուրջ վնասել Հայաստանի միջազգային վարկանիշին: Հետևաբար, ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի վատ համբավ ունեցող փորձագետներն իրենց անցած ոչ մաքուր ուղին փորձեն Հայաստանի վրա էլ տարածել:

Նույն շարքից