Բարի օր Իրավական 

Նախաքննությունն առաջ չի գնում, փորձում են արագությամբ գործը փակեն. Մահացած ծննդկանի քույրը դիմել է թե՛ Լ. Ալթունյանին. թե՛ Արսեն Թորոսյանին

analitik.am

2016թ-ի հուլիսի 21-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում Նաիրա Աբգարյանը կեսարյան հատման միջոցով  զույգ տղաներ ունեցավ, սակայն վիրահատությունից ժամեր անց նրա վիճակը կտրուկ վատացել է, սկսվել է արյունահոսություն, որից մեկ օր անց տեղափոխվել է բազմապրոֆիլային «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ 2016թ-ի հուլիսի 23-ին, մահացել է։

Վիրահատությունը կատարվել է 2016թ-ի հուլիսի 21-ին, սակայն հետծննդյան շրջանում սկսված արյունահոսության պատճառով առաջացել է ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշ (արյան մակարդելիության ծանր խանգարում), որն էլ հանգեցրել է մահվան: Վիրահատող բժիշկը եղել է «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Աշոտ Սիրունյանը:

Նաիրայի մահից հետո հարուցվել է քրեական գործ։

Մահացած ծննդկանի քույրը` Նառա Աբգարյանը դիմել է Analitik.am -ի խմբագրություն՝ ներկայացնելով իր դժգոհությունն ընդդեմ «Շենգավիթ» ԲԿ-ի։

«Քույրս մահացած ծննդկան Նաիրա Աբգարյանն է, ով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով զույգ երեխաներ ունեցավ և հետո մահացավ։ Քույրս մահացել է ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի (արյան մակարդելիության ծանր խանգարում) առաջացման հետևանքով, իհարկե, դրա առաջացման պատճառները շատ բաներ կարող էին լինել, բայց քրոջս պարագայում հստակ է, որ ինքը բավականին երկար ժամանակ արյունահոսել է և ճիշտ գործողություններ չի կատարվել։

Արգանդի հեռացումը պիտի կատարվեր շատ արագ, եթե չէին կարողանում կասեցնել արյունահոսությունը, ապա արյունահոսող օրգանը ժամանակին պետք է հեռացնեին, ոչ թե թողնեին 4 ժամ արյունահոսի, որից հետո նոր արգանդի հեռացում կատարվեր, դա էլ այն դեպքում երբ դիմել են գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, ով  ասել է՝ ուշացել եք, արագ հեռացրեք, որից հետո մենք քրոջս կենդանի չենք տեսել։ Քույրս այնտեղ միացված է եղել արհեստական շնչառության սարքին, այնտեղ մի կերպ վիրահատություն են արել մինչև առավոտ, առավոտյան տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ  հիվանդանոց, որտեղ էլ օրվա վերջին գրանցվել է մահը։

Իրենք ուղղակի քրոջս դիակը, կոպիտ ասած, հեռացրեցին իրենց հաստատությունից։ Քույրս՝ Նաիրան, շուրջ 17 տարի «Արբես» առողջության կենտրոնում աշխատել է որպես գլխավոր ֆիզիոթերապևտ, Հայաստանում լավագույն ֆիզիոթերապևտն է եղել, ինչքան երեխաների է ինքը ոտքի կանգնացրել» ։

 

Նաիրա Աբգարյանի քույրը խոսեց նաև դատավարությունից՝ նշելով.

«Պետք է ասեմ, որ արդեն երկու տարի է դատավարություն է գնում։ Առաջին դատաբժշկական հանձնաժողովային փուլն արդեն եղել է, որի ժամանակ մեզ անհրաժեշտ փաստերի լիարժեք պատասխանները մենք չենք ստացել, դրա համար ներկայացվեց կրկնակի դատաբժշկական փուլ, կրկնակի փորձաքննություն, որը պիտի լիներ դեռ անցած տարվա սեպտեմբերին։ Գործով զբաղվող քննիչը կանչեց մեզ և տեղեկացրեց, որ տրվել է կրկնակի հանձնաժողովային փուլի, ներկայացրեց , թե ովքեր են լինելու, և մենք համբերատար ձևով սպասում էինք։ Արդեն նույն օրը՝ դրանից մի քանի ժամ առաջ, լրիվ հանկարծակի մեզ զգուշացնում են, որ պետք է ներկա լինենք նիստին, որովհետև մենք միշտ դիմել ենք, որպեսզի հանձնաժողովային փուլերին ունենանք մասնակցություն մեր դատապաշտպանի հետ։ Այդ պահին դատապաշտպանը նիստին ներկա գտնվել չկարողացավ, այդ իսկ պատճառով ներկա էինք ես և քույրիկս։ Արդեն երկրորդ կրկնակի հանձնաժողովային փուլի ժամանակ մեզ չեն ներկայացրել,  թե ովքեր են մեր դիմաց նստած, այդ փուլի ժամանակ մենք նույնիսկ չիմացանք գոնե այդ մարդկանց անուն ազգանունները, ընդամենը իմացանք, որ նրանցից մեկը ռեանիմատոլոգ է, մյուսը՝ գինեկոլոգ, իսկ երրորդը նրանց, այսպես ասած, պատրաստողը։ Նիստի ժամանակ մենք ներկայացրել ենք հստակ փաստեր, որոնք իսկապես կօգնեն բժշկին ճիշտ եզրակացություն կատարել, բայց մեր դիմաց նստած էին բժիշկներ, ովքեր հաշվի չառան, թե ով է նստած իրենց դիմաց, ինչ հուզական վիճակներում ենք մենք գտնվում։ Մենք ներկայացնում էինք փաստեր, իրենք հակադարձում էին բարձր տոնով, հակափաստարկներ էին բերում, իսկ վերջում էլ ասացին, որ մենք ինչ փաստեր էլ ներկայացնենք, միևնույն է, իրենք պատմագրության հիման վրա են եզրակացություն տալու։

Պետք է ասեմ, որ այդ պատմագրությունը լրիվ նկարչություն է՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկների կողմից, որովհետև մենք այդ օրն ունեցել ենք նաև քրոջս անունից ձեռագրված թուղթ, որն իբր քրոջս ձեռքով է գրվել և ստորագրվել։ Մենք դա ներկայացրել ենք փորձաքննության, այնուհետև  2017թ-ի մայիսի 3-ին ստացվեց եզրակացություն, որտեղ հաստատվեց, որ համաձայնագրում առկա ձեռագիր գրառումները և ստորագրությունը չեն կատարվել հանգուցյալ քրոջս՝ Նաիրա Աբգարյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից:

Այս առումով այլևս հետագա քայլեր չեն կատարվել նախաքննական մարմնի կողմից: Փաստորեն, Նաիրայի մահից հետո իր անունից թուղթ է գրվել և ստորագրվել, բայց դա իր ստորագրությունը չի, ստորագրությունը  կեղծված է։  Շենգավիթ ԲԿ-ի կողմից ներկայացված ողջ պատմագրությունը բացառիկ նկարչություն է, նկարչություն հետմահու՝ իրենց մեղքը թաքցնելու համար։ Հանձնաժողովի ժամանակ ես շատ զայրացած հարց եմ տվել,  թե ինչի՞ են նման դեպքերը «Շենգավիթ» ԲԿ-ում այդքան շատ, սակայն դրան ի պատասխան հնչեց հարց,  թե ինչի՞ է քույրս ընտրել «Շենգավիթ» ԲԿ-ն՝ այսինքն, ի՞նչ է նշանակում, իրենք հստակ համոզվա՞ծ են, որ այնտեղ պրոֆեսիոնալներ չկան»։

«Մենք շատ զայրացած ենք այդ հանձնաժողովային փուլի անդամների վրա, որովհետև իրենց կանխատրամադրվածությունը հստակ ու պարզ երևում էր, որ բժշկին ուզում են արդարացնեն։ Հանձնաժողովի նիստին ներկա ցանկացած բժիշկ չի կարողանում ռեալ գնահատական տալ միայն այն պատճառով, որ ինքն առաջին հերթին մտածում է՝ բա որ վաղը մյուս օր ես ինքս հայտնվեմ այս կարգավիճակում, այդ իսկ պատճառով այնտեղ իրականացվող ոչ մի դատաբժշկական փորձաքննություն չի ունենում ճիշտ արդյունք։ Բացի այդ, բժիշկը նախօրոք պետք է հարազատներին զգուշացնի, որ մահվան հավանականությունը 50-50 է, այդ դեպքում արդեն և հիվանդը, և հիվանդի տերը կմտածեն՝ միգուցե ավելի բարձրակարգ հաստատություն է պետք  տեղափոխվել»։

Նառա Աբգարյանը նաև նշեց, որ դիմել են նախկին առողջապահության նախարարին.

«Առողջապահության նախկին նախարար Լ.Ալթունյանի հետ բազմիցս հանդիպում ենք խնդրել, որից հետո առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ նախարարն այստեղ չէ և վերադառնալուն պես կընդունի մահացած ծննդկանների հարազատներին։ Դրանից հետո մենք հանդիպեցինք նախարարի հետ, սակայն այդ ամենն արվեց լրիվ ձևական՝ պաշտոնից չզրկվելու համար։ Հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում, առանց լրագրողների ներկայության։ Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև  Տաթևիկ Գասպարյանի ծնողները և Մերի Մարգարյանի ծնողները, հարազատները։ Հանդիպման ընթացքում բավականին հարցեր քննարկեցինք, բայց ակնառու էր այն, որ որոշ մարդիկ ունեին խիստ կանխատրամադրվածություն «Շենգավիթ» ԲԿ -ին պաշտպանելու հարցում։ Բացի այդ հանդիպումը, եղել է նաև  մեկ հանդիպում Առողջապահության փոխնախարարի հետ, քանի որ ես ինքս անձամբ զանգել եմ նախարարության ընդունարան, խնդրել եմ հանդիպում, բայց այնտեղից ինձ պատասխանել են, որ նախարարը զբաղված է և առաջիկայում չի կարող ընդունել ինձ։ Հարկ եմ համարում նշել նաև Առողջապահության նախկին նախարար Լ.Ալթունյանը շատ կոպիտ, տհաճ արտահայտություն է արել. « Ես մեկ-երկու մահացած ծննդկանների դեպքով  չեմ զբաղվում, դրանցով զբաղվում են դատական մարմիններն ու մորգը», որը համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց, և բոլորը սկսեցին պահանջել իր հրաժարականը»։

«Ցանկանում եմ նշել նաև, որ 2016թ-ին, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տարեկան ամփոփման մամուլի ասուլիսում հայտարարեց, որ այդ տարվա ընթացքում Հայաստանում հետծննդյան արյունահոսության պատճառով ծննդկանների մահվան բոլոր երեք դեպքերում (որից մեկը քույրս էր) գործ ունենք բժշկական անձնակազմի անուշադիր վերաբերմունքի հետ»:

Մահացած քննդկանի քույրը խոսեց նաև այն մասին, որ հեղափոխությունից հետո էլ զանգել է Առողջապահության նախարարություն.

«Վերջերս էլ ես զանգահարել եմ նախարարություն, ինձ պատասխանել է նույն Անին, շատ կոպիտ տոնով հարցնում է՝ ի՞նչ հարց եք քննարկելու, ես ներկայացնում եմ, որ ես պարոն Թորոսյանի հետ խոսել եմ, քանի որ երբ ինքը նոր ընտրվեց նախարար, ես ֆեյսբուքով դիմել եմ իրեն, ինքն ասաց, որ անպայման կընդունի։ Ես հասկանում եմ նորանշանակ նախարարի խիստ աշխատանքային գրաֆիկը և, ըստ երևույթին, նա կարդացել է մեր կողմից ուղարկված նամակները, ինչպես նաև դիմել եմ վարչապետ Ն.Փաշինյանին և, ըստ երևույթին, հարց է առաջադրվել, թե ինչ խնդիր կա, որպեսզի նախարարությունում հասկանան, թե ով է ներկա եղել նիստին, որը պաշտպանում էր «Շենգավիթ» ԲԿ-ին։

Ճիշտն ասած, երկար ժամանակ մենք փորձում էինք լրատվամիջոցներին շատ նուրբ ձևով ամեն ինչ տրամադրել, ասում էինք նախաքննությանը չխանգարենք, բայց ստացվում է՝ նախաքննությունն առաջ չի գնում, հակառակ փորձեր է կատարվում, որպեսզի արագությամբ գործը փակեն։ Մենք այլևս չենք լռելու, եթե պետք լինի, մենք բացահայտ անուններով, փաստարկներով կներկայանանք քննությանը, որպեսզի այլևս չկարողանան կոծկել, որպեսզի շարունակվի արդար նախաքնությունը և  այն կատարվի անաչառ: Եվ եթե առկա է բժշկական անփութություն կամ թերացում, ուստի թող լինի արդար նախաքննություն: Ցանկանում ենք, որպեսզի պարզվեն մեղավորները, և որ Հայաստանի Հանրապետությունում այլևս մայրերը կյանքից չզրկվեն, իսկ երեխաները` չորբանան»։

Analitik.am-ը ներկայացնում է մահացած ծննդկանի  քրոջ խոսքն ամբողջությամբ՝ առանց խմբագրման, քանի որ ընթանում է նախաքննություն:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից