Տնտեսություն 

ՀՀ գործատուները կաշառում կամ ճնշում են քաղաքացիներին կենսաթոշակի հարցով. Ակտիվիստ

analitik.am

Հայաստանի գործատուները  չպետք է կաշառեն քաղաքացիներին կամ ճնշեն կենսաթոշակների հարցով, հայտարարել է «Ընդդեմ պարտադիր կուտակային  կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Մանուկյանը։


Նրա խոսքով՝ այն գործատուները, որոնք փոխհատուցում են աշխատավարձի 5%-ի պահումը, չպետք է դրա դիմաց աշխատակիցներին արգելեն ցույցի գնալ։


 «Եթե գործատուն այնքան հոգատար է, որ ցականում է ֆինանսապես օգնել աշխատակցին, դա ուրախացնում է։ Բայց եթե դրա դիմաց աշխատակցին արգելում է ցույցի գնալ, դրա հետ չի կարելի համաձայնել։ Մեզ համար դա նույնն է, ինչ ընտրություններին մի քանի հազար դրամով ձայնը վաճառելը», – հայտարարել է Մանուկյանը։


Նրա խոսքով՝ աշխատակիցներին ճնշելու մասին ահազանգեր չեն ստացել, սակայն դա բացառել չի կարելի։ Որպես օրինակ նա նշել է «Անելիք» բանկի դեպքը, որը հայտարարել էր, թե իր աշխատակիցները նախագահին ուղղված նամակի տակ սխալմամբ են ստորագրել։ Դրանից հետո ակտիվիստները բոյկոտել էին բանկը։ «Մենք կարծում ենք, որ բանկային համակարգի աշխատակիցները բավական տեղեկացված եւ կիրթ մարդիկ են եւ գիտեին՝ ինչ են ստորագրում։


Հենց դրա համար մենք նման հայտարարությունը բանկի կողմից ճնշում ենք համարում եւ որոշել  ենք սատարել մեր համաքաղաքացիներին։ Ես չեմ ցանկանում, որ այս կամ այն ընկերության անունը հնչի որպես գովազդ կամ հակագովազդ։ Տեսականորեն նման բան կարող է տեղի ունենալ շատ ձեռնարկություններում, շատ մարդկանց հետ, իսկ դա անթույլատրելի է», - հայտարարել է Մանուկյանը։


Կենսաթոշակային բարեփոխումը (անցումը մասնավոր կուտակային համակարգին) Հայաստանում ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից եւ նախատեսում է աշխատավարձի 5%-ի պահում (10%՝ 500 հազար դրամից ավելի ստացողներից)։

Նույն շարքից