Գլխավոր Հասարակություն 

ԱՄՆ դեսպանը ՀՀ կառավարությանը հորդորում է արագ գործել Ամուլսարի հարցում

analitik.am

Հայաստանի պատմության համար կարևոր պահին կան օտարերկրյա բազմաթիվ ներդրողներ, ովքեր հետևում են, տեսնում, թե ինչ նոր հնարավորություններ կան Հայաստանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով մեր երկրում ավարտում է դիվանագիտական գործունեությունը:

Միլսի խոսքերով, կարևոր է, որ կառավարության կողմից ներդրողներին ճիշտ ազդակներ գնան, որոնք ցույց են տալիս, որ կանոնների վրա հիմնված միջավայր կա և միջազգային ներդրողները կարող են ակնկալել բարեխիղճ գործակցություն. «Ես անկեղծ կլինեմ: Ես մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակով: Սա եզակի անգլո-ամերիկյան ներդրում է Հայաստանում: Ես այստեղ գտնվելու ընթացքում միշտ հետևել եմ հարցին: Շուրջ կես միլիարդ դոլարի ներդրում է, արդեն իսկ նշանակալի տնտեսական օգուտներ կան շրջապատող համայնքներում, իսկ երբ այն լիովին գործարկվի, կարող է դառնալ Հայաստանի առաջին հարկատուն: Բայց աշխատանքներն արդեն 4 ամիս է գրեթե ամբողջովին դադարեցված է այդ հանքավայրում: Չկա Հայաստանի բնապահպանական օրենքների որևէ խախտում, չկա որևէ հիմնավորում կոռուպցիոն դրսևորումների մասին: Ամուլսարի հարյուրավոր աշխատողներ այժմ կամ շուտով աշխատանք չեն ունենա: Ես անկեղծ կլինեմ, հասկանում եմ այն մտահոգությունները, որ ունեն շատ հայեր՝ հաշվի առնելով այստեղ հանքարդունաբերության պատմությունը: Անշուշտ կառավարությունը պետք է լսի այդ մտահոգությունները, ողջունելի է, որ այս կառավարությունը լսում է դրանք»:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ օտարերկրյա ներդրողները, ովքեր դիտարկում են Հայաստանում առկա հնարավորությունները, կարող են հասկանալ, երբ կառավարությունը քայլեր ձեռնարկի բնապահանական վնասների կամ կոռուպցիայի դեպքում, բայց այդ ներդրողները չեն հասկանում, թե ինչու կարող է կառավարությունը թույլ տալ հանքը փակել մի խումբ ցուցարարների կողմից, երբ չկա որևէ իրավական որոշում. «Այժմ հանքարդյունահանում այստեղ չի իրականացվում: Ես անկեղծ կլինեմ, այս հարցը եթե արագ չկարգավորվի, կարող է բիզնեսի տեսանկյունից Հայաստանի գրավչության լուրջ կերպով ստվերել: Ուրախ եմ, որ կառավարությունը հասկանում է իմ մտահոգոթյունները, այս ռիսկերը և աշխատում է լուծում գտնել: Որպես Հայաստանի բարեկամ՝ ես հորդորում եմ նրանց արագ գործել, այնպես անեն, որ Հայաստանի ապագան տնօրինվի իրավունքի գերակայության և պատշաճ ընթացակարգերի համաձայն: Եթե այս հարցն արագ և արդարացի կերպով կարգավորվի, Հայաստանը կարող է արագ առաջ շարժվել, և ամերիկյան ներդրողները, ովքեր կապիտալ են տրամադրում, կշարունակեն իրենց աշխատանքը»:

Նույն շարքից