Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանի նախագահի երկու թեկնածուներն էլ հակված են ավելի շատ դեպի Եվրոպան. Ջոնի Մելիքյան

analitik.am

Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում քվեաթերթիկների 98,25 տոկոսի հաշվարկից հետո անկախ թեկնածու Սալոմե Զուրաբաշվիլին ստացել է ձայների 38,6 տոկոսը, իսկ Զուրաբաշվիլիի մրցակից Ազգային միասնական շարժում կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլի Վաշաձեն ստացել է ձայների 37,35 տոկոս: Սա նշանակում է, որ կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Analitik.am-ը զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ, ով ասաց, որ Վրաստանի նախագահի 2  թեկնածուներն էլ հակառուսական կողմնորոշում ունեն. «Իրենց տարբերությունները կարելի է առանձնացնել որոշ հայտարարություններով: Սալոմե Զուրաբաշվիլին եվրոպական երկրի դիվանագետ է եղել՝ Միխեիլ Սաակաշվիլիի թիմում, նույնն էլ Գրիգորի Վաշաձեն: Եթե Զուրաբաշվիլին ժամանակի ընթացքում ընդդիմացել է Սաակաշվիլիին, զբաղվելով ընդիմադիր քաղաքական գործունեությամբ, ապա Վաշաձեն մինչ իշխանության վերջ եղել է Սաակաշվիլիի կուսակցության ԱԳ նախարարը և նրա թիմակիցն է:

Մելիքյանի խոսքերով, Զուրաբաշվիլին չի կարող ռուսամետ քաղաքական գործչի դերում հանդես գալ, չնայած նրան, որ նա ռուս-վրացական պատերազմի հետ կապված որոշ հայտարարություններ է արել. «Նույնն էլ Վաշաձեի պարագայում, չնայած, որ նա եղել է Ռուսաստանի քաղաքացի, ինչպես նաև Սովետական միության ժամանակներից  դիվանագետ է եղել: Այս ամենը չի բերում նրան, որ կարողանանք ասել, որ իրենց արտաքին կողմնորոշումները ռուսական կամ հակառուսական են: Իրենք ավելի շատ փորձում են ցույց տալ, որ պրովրացական են, իրենց պատկերացրած Վրաստանի իդեալական արտաքին քաղաքականությունը միտված է դեպի Եվրոպան, և նրանցից ոչ մեկ, դա չի մերժում»:

Ինչ վերաբերում է թեկնածուների տարբերությանը, ապա Մելիքյանը նշեց. « Իմ կարծիքով,  Զուրաբաշվիլիի և Վաշաձեի տարբերությունն այն է, որ մեկը իշխող կուսակցության կողմից է հանդես գալիս, իսկ մյուսն էլ նախկին իշխանությունների և այսօրվա ընդդիմության թեկնածուն է»,-ասաց վրացագետն՝ ավելացնելով, որ հիմնական պայքարը նախկին և ներկա իշխանությունների միջև է,  բացի մի դրվագից, որը վերաբերում է ռուս-վրացական պատերազմին, ինչը, Մելիքյանի կարծիքով, լուրջ բացասական ազդեցություն ունեցավ 2 կողմերի վարկանիշի վրա:

Մելիքյանը նաև նշեց, որ Վրաստանը պառլամենտական պետություն է, և նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո այն  վերջնական մտնում է այդ համակարգի մեջ և ոչ մի արտաքին քաղաքականության լիազորություն իր պարտականության մեջ չի ունենալու, բացի միջազգային հարթակներում Վրաստանը ներկայացնելուց. «Կարևոր է այն, որ եթե Սալոմե Զուրաբաշվիլին է դառնում նախագահ, այդ պարագայում վրացական երազանքն իրեն կոմֆորտ է զգալու, և արտաքին քաղաքականությունը, որն այսօրվա դրությամբ կա Վրաստանում, կշարունակվի, իսկ եթե հաղթի Գրիգորի Վաշաձեն, այս ամենը լուրջ ազդեցություն կունենա վրացական ներքաղաքական կյանքի վրա և կարող է բերել նրան, որ գալիք պառլամենտական ընտրություններում ավելի կամրանա իրենց թիմի դիրքերը, ինչպես նաև նախագահն, ընդիմադիր լինելով, կկարողանա վերադարձնել իր թիմակցին՝ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ նախագահի մոտ դեռևս առկա է համաներման լծակը, ուստի  կկարողանա նույնիսկ Սաակաշվիլիին վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, ինչը ներքաղաքական կյանքում կբերի որակական լուրջ փոփոխությունների: Կփոխվի նաև արտաքին քաղաքականության որոշ շեշտադրումներ, և այդ ժամանակ կարելի է ինչ-որ բաների սպասել, քանի որ նրանք ավելի կլարեն հայ-ռուս-վրացական հարաբերությունները, և հնարավոր է, որ հարաբերությունները խորացնեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ»:

Հարցին, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, և եթե նման բան լինի, ապա դա ի՞նչ ազդեցություն կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա, Մելիքյանն ասաց, որ դա Վրաստանի ներքին հարցը չի. «ՆԱՏՕ-յի հարցը դրա անդամ երկրների կոնսենսուսն է: Բազմիցս տեսել ենք, որ վրացական իշխանությունների կողմից ձգտում կա, բայց ՆԱՏՕ-յի անդամ երկրների միջև չկա կոնսենսուս, որ իրենք այս երկրին ընդունեն կամ չընդունեն այդ կառույցի մեջ»:

 Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից