Բարի օր Գիտություն Հասարակություն Հարցազրույց 

Արևմտյան արժեքները վերջին տասնամյակներին դուրս են եկել քրիստոնեական սկզբունքներից. Պատմաբան Գևորգ Մելքոնյան

analitik.am

Analitik.am-ը հայկական մշակույթի մի շարք առանձնահատկությունների մասին զրուցեց պատմաբան Գևորգ Մելքոնյանի հետ:

Պարոն Մելքոնյան, հաշվի առնելով այն, որ մշակույթը կապված է քաղաքակրթության հետ, իսկ հայկական քաղաքակրթություն չի եղել, կարո՞ղ ենք ասել, որ ունենք առանձին հայկական մշակույթ:

Այո,պատմության առումով մշակույթները կապված են քաղաքակրթությունների հետ, եղել է հին եգիպտական, շումերական, հունական քաղաքակրթություն, ցավոք, հայկական որպես առանձին քաղաքակրթություն  չի եղել, բայց եղել է հայկական մշակույթ: Հայկական մշակույթն իր մեջ պարունակել է արևելյան և արևմտյան մշակույթների սինթեզ:

Հելենիզմը՝ Մակեդոնացու ժամանակաշրջանից սկսած պրոցես է՝ այսինքն, երբ  արևմտյան մշակույթը եկավ արևելք: Մենք ունենք հայկական մշակույթ, որը բավական կապված է հելենիզմի հետ և միաժամանակ արևելյան մշակույթի հետ զուգորդում է արևմտյանը: Մեր ամբողջ պատմության և հայկական մշակույթի մեջ եղել են ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան արժեքներ, ուղղակի արևելյան արժեքներն ու բարքերը, պայմանավորված ռեգիոնով, միշտ գերակշռել են: Հետևաբար, մեր պատմության ամբողջ ընթացքում այդ 2 արժեքները միմյանց հետ խուլ պայքարի մեջ են եղել, թե որն ավելի կգերակշռի: Հաշվի առնելով այն, որ 19-րդ դարից սկսած, և հատկապես 20-21-րդ դարում արևմտյան մշակույթը, տեխնոլոգիաները բավականին առաջ անցան արևելյանի համեմատ, հետևաբար, արևմտյան մշակույթը դարձավ հեգեմոնիա, ավելի գերիշխող ու նախընտրելի, այդ թվում նաև արևելքի շատ ժողովուրդների համար:

Արևմտյան մշակույթի մեծ էքսպանսիա սկսեց՝ հատկապես 20-21-րդ դարում, և երբ ասում ենք գլոբալիզացիա, դա հենց մշակույթի միջոցով է տեղի ունենում և այն հատկապես 70-80-ական թվականներին ավելի ուժեղացավ:

Գլոբալիզացիայի ընթացքում ի՞նչ վերցրեցինք մենք արևմտյան մշակույթից:

Մեզ մոտ և՛ կառավարման, և՛ կրթական ոլորտներում բացարձակ արևմուտքից վերցված համակարգեր են, որոնք,  ցավոք, այդպես էլ չզուգորդվեցին արևելյանի հետ: Արևմտյան մշակույթն օգտագործելու միջոցով պետությունն ու մշակույթը զարգացնելու արևելյան երկրների մեջ ամենահաջող փորձը ճապոնացիներինն էր, որովհետև նրանք կարողացան պահել իրենց սեփական դիմագիծը, նրանք կարողացան սինթեզելով վերցնել ամենալավը՝ պահպանելով իրենց երկրի մշակութային արժեքները:

Հայաստանում էլ է անընդհատ այդ խնդիրն ու խուլ պաքարը՝ սկսած օրենքներից վերջացրած  հասարակական բարքերով, բայց կարող եմ ասել, որ արևմտյան արժեքներից գիտությունը, կրթությունն ու քաղաքականությունը մեզ մոտ արդեն կա և հիմնականում կիրառության մեջ է, բայց հասարակության մեջ և անհատական հարաբերություններում գերիշխում են նաև արևելյան մտածողությունն ու բարքերը:

Արևելյան արժեքների մասին ի՞նչ կասեք, ինչքանո՞վ ենք պահպանում մենք դրանք:

Պետք է ասեմ, որ արևմտյան արժեքները վերջին տասնամյակներին դուրս են եկել քրիստոնեական սկզբունքներից: Երբ խրախուսվում է միասեռականությունը կամ կաթոլիկ եկեղեցին հավանություն է տալիս միասեռ ամուսնություններին, նշանակում է, որ  արևմտյան մշակույթում քրիստոնեության արժեհամակարգը գլխավոր տեղում չէ: Սակայն, մեզ մոտ պահպանվում են այդ արժեքները, որովհետև կա ընտանիք և կրոնական հասկացություններ, և դրանք դեռևս գտնվում են բարձր դիրքում: Մենք չպետք է խնդրին նայենք լավ կամ վատ առումով, պետք է միայն վերցնենք լավն ու դրականը: Օրինակ՝ Ճապոնիան երբեք նման տնտեսական հաջողության չէր հասնի, եթե գնար միայն տնտեսության լիբերալիզացման ճանապարհով, որով մենք գնացինք 90-ականներին՝ ազգային կարևոր ստրատեգիական գործարանները կոպեկներով վաճառելով: Մեր նման միայն բոլոնյան կրթական համակարգով շարժվելու դեպքում Ճապոնիան երբեք չէր հասնի նման տնտեսական հաջողությունների՝ առանց փորձի ուսումնասիրության  նոր կրթական համակարգ օգտագործեր և հասկանար, որ դա չի աշխատում: Մեր խնդիրն այսօր շատ արդիական է դառնում, հաշվի առնելով քննարկումները՝ կապված փոքրամասնությունների իրավունքների հետ: Մնք պետք է գնանք մի ուղղությամբ՝ ընտրենք արևելյան և արևմտյան մշակույթների միայն դրական կողմերը և փորձենք դրանք սինթեզել հայկական մշակույթի հետ, որն այդքան էլ ուժեղ չէ: Հայկական մշակույթը, եթե ուժեղ լիներ, արևմտյան մշակույթի էքսպանսիան այսքան զգացնել չէր տա:

Ըստ Ձեզ, կարո՞ղ է եվրոպական արժեքների ամրապնդումը բերել հայկական մշակույթի վերացման:

Ես չեմ կարծում, որ եվրոպական արժեքները կարող են խնդիր հանդիսանալ հայկական մշակույթի վերացման համար, ընդհակառակը, եթե դրանք մենք ճիշտ օգտագործենք, կզարգացնենք մեր մշակույթը: Հայկական գրատպությունը, երբ սկսեց զարգանալ, զարգացավ միայն Եվրոպայում, տեղում չէր կարող դա զարգանալ, որովհետև այն ժամանակ մենք չունեինք պետականություն:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից