Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Ադրբեջանին նորից թույլ են տալիս «ջրից չոր դուրս գալ»...

analitik.am

Ոչ առաջին անգամ հակամարտ երկրների (Հայաստան-Ադրբեջան) նախագահների կամ արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումներից առաջ Ադրբեջանը սադրում է հրադադարի ռեժիմի խախտումներ կամ նախաձեռնում արկածախնդիր դիվերսիոն հարձակումներ: Փարիզում նախատեսված հունվար 24-յան հանդիպումն արտգործնախարարների մակարդակով բացառություն չեղավ: 


Արդեն լայն հանրությանը հայտնի մանրամասնություններով՝ հունվարի 19-20-ի լույս գիշերը գրեթե 30 հոգանոց ադրբեջանական դիվերսիոն խմբի քայլերը կասեցվեց հայկական կողմի 8 զինծառայողների ու նրանցից մեկի՝ 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի ջանքերի ու կյանքի գնով: 


Արդեն հունվարի 22-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջ լրագրողները հարց բարձրացրեցին, թե. «Չեք կարծում արդյոք, որ սահմանին տեղի ունեցած միջադեպը բանակցային գործընթացի վրա ազդեցություն կունենա և խոսքն  այս դեպքում ոչ թե հայտարարությունների մասին է, որովհետև բազմիցս են հնչում հայտարարություններ, թե այն կարող է ազդեցություն ունենալ, այլ այն, որ սահմանին շարունակում են զոհեր լինել, իսկ մենք շարունակում ենք բանակցել»:

 
Սակայն պատասխանը զգացնել տվեց, որ, համենայն դեպս, բանակցող հայկական կողմի համար ավելի կտրուկ կամ պահանջատեր լինելու համա դա բավարար պատճառ չէ. «Ինչ վերաբերում է շփման գծում միջադեպին՝ դա առաջին անգամ չէ։ Երկու օր առաջ մենք Ղարաբաղի իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանի հետ էինք հանդիպում և մեր հանդիպման մասին մամուլին տրված հաղորդագրության մեջ հստակ և պարզ ձևով նշեցինք, որ այս կարգի անպատասխանատու քայլերը խանգարում են բանակցային գործընթացին»,- ասաց Էդվարդ Նալբանյանը՝ հավելելով, որ այդ կարգի միջադեպերը  խանգարում են բանակցային գործընթացին, բայց իրականությունը այն է, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ «Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք բանակցությունները»,- եզրափակեց իր խոսքը ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Սպասել ավելի կտրուկ խոսքերի, իհարկե, անհիմն է, մանավանդ եթե հաշվի ենք առնում այն, որ նախկինում եղել են ավելի «թեժ իրավիճակներ», սակայն դեպքերի նման զարգացումը չի հանգեցնում գոնե միջազգային լուրջ արձագանքի:

Միայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն է, որ Twitter-ում արձագանքեց բանակցությունները խոչընդոտելու ադրբեջանական փորձին. «Բռնությունն ու լարվածությունը շփման գծի վրա փորձ է խափանելու խաղաղ բանակցային գործընթացը: Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօրվա մահվան կապակցությամբ»:


Ի դեպ, հետաքրքիր է, որ սահմանային խախտման դեպքը հունվարի 22-ին բարձրացվել է բավականին հետաքրքիր հարցադրմամբ ԱՄՆ Պետդեպի հարցուպատասխանի ընթացքում: Մասնավորապես ԱՄՆ Պետդեպ խոսնակ Մարի Հարֆին ուղղվել է հարց շեշտադրմամբ, թե հայկական լոբբիի ներկայացուցիչները Վաշինգթոնում հանդես են եկել հորդորով ավելի կոշտ արձագանքել սահմանային խախտման միջադեպերին և հանդես չգալ ընդհանուր բնույթի կոչով՝ ուղղված հակամարտ երկու կողմերին՝ լինելու զսպված ու չխախտելու հրադադարի ռեժիմը: Հարֆն արձագանքել է հարցով. «Դուք բողոք ունե՞ք մեր հայտարարության ոչ բավարար հստակության առնչությամբ», որին ի պատասխանել հնչել է. «Այո՛»:

Անգամ այդ դեպքում ԱՄՆ Պետդեպ ներկայացուցիչը բավարարվել է պատասխանով, որ, իհարկե, ամեն հրադադարի ռեժիմի խախտում ունի իր առանձնահատկությունը, սակայն այս դեպքի շուրջ ինքը (նկատի ունենալով ինքն իրեն՝ «Մարի Հարֆ») չի տիրապետում բավարար մանրամասնությունների:

Կարելի է հետևություն անել, որ անգամ զոհի պայմաններում, հայկական կողմը բավարար հետևողականությամբ չի արձագանքում և չի թելադրում իր տեսանկյունը փաստի առնչությամբ՝ թողնելով Ադրբեջանին ձեռնունայն:

Ցավալի է, սակայն չպետք է զարմանանք, եթե Փարիզում բանակցությունների ավարտի արդյունքում հրապարակվելիք համատեղ հայտարարությունում ընդամենը նշվի, որ համանախագահողները կոչ են անում, ինչպես և նախկինում, կողմերին զերծ մնալ հրադադարի ռեժիմի խախտման փորձերից:        

Գևորգ Ղազարյան

Նույն շարքից