Հայաստան Հասարակություն 

ՀՀԿ-ն կարող է մենակ մնալ

analitik.am

ՀՀ ներքաղաքական ոլորտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական ընդհանուր կուրսի այս կամ այն կողմ գնալը գրեթե կախված է ՕԵԿ-ից: Ո՞վ կսպասեր իրադարձությունների նման զարգացում: Այնպես է ստացվել, որ ՀՀԿ-ն փաստացի կարող է մենակ մնալ, և այս անգամ ՀՀԿ-ի ռեսուրսները գուցե չբավականացնեն իշխանությունը պահելու համար: Այն, որ ՀՀԿ-ն բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ ունի, գաղտնիք չէ, բայց մարդկային և թիմային ռեսուրսների պակաս ՀՀԿ-ն իրոք ունի: Գաղտնիք չէ նաև այն, որ ՀՀԿ-ում կան ներքին հակասություններ՝ այլապես բազմաթիվ ՀՀԿ-ական կայքեր չէին «աշխատի» նույն ՀՀԿ-ի որոշ գործիչների դեմ:

 

Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հակամարտությունն արդեն իսկ բավականին կործանարար է ՀՀԿ-ի համար: Խնդիր է նաև Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի խնամիության փաստը, իսկ քաղաքականությունը բացարձակ անկանխատեսելի «ժանր» է: Այս ամենին պետք է գումարել նաև ՀՀԿ-ի ընկնող վարկանիշը՝ քանի՞ հոգի կկանգնի ՀՀԿ-ի կողքին, եթե վերջիններիս դիրքերը հանկարծ մի թեթև երերան:

 

 Տիգրան Սարգսյանին այս ամբողջ ընթացքում չհաջողվեց վայելել հասարակության թեկուզ մի փոքր հատվածի սերն ու վստահությունը, նույնը կարելի է ասել նաև Հովիկ Աբրահամյանի մասին: ՀՀԿ համեմատաբար երիտասարդ հատվածը՝ Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան և այլոք դեռևս չեն կարողացել քաղաքական ամուր հիմք ձևավորել և ավելի շատ ընկալվում են որպես «կցորդ»: Այստեղ պետք է առանձնացնել Տարոն Մարգարյանին, քանզի վերջինիս ինչքան էլ փորձեցին «արատավորել» միևնույն է նա շարունակում է վայելել հասարակության ինչ-որ հատվածի սերն ու վստահությունը՝ էական չէ քիչ, թե շատ, բայց այդ հատվածի գոյությունը ոչ ոք չի կարող հերքել:

 

ՀՀԿ-ում մի զգալի հատված են կազմում նաև այն մարդիկ, ովքեր պետականամետ են, այս հատվածը բավականին հետաքրքիր քաղաքական պահվածք ունի, քանզի այս մարդիկ աշխատում են ոչ թե կուսակցության, այլ պետության համար՝ որպես վառ օրինակ կարելի է բերել Հրանուշ Հակոբյանին: Այսօրինակ պետական գործիչների համար որպես կանոն բացարձակ միևնույն են քաղաքական ուժերի ինտրիգները, նրանք ավելի շատ կենտրոնացած են աշխատանքի վրա, և այս տեսակի գործիչները մշտապես շարունակում են մնալ պետական համակարգում՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից:

 

ՀՀԿ գործարար հատվածն էլ քաղաքական ուժերի փոփոխության դեպքում ամենաառաջինն է ստիպված  լինելու փոխել իր «քաղաքական դիրքորոշումը», քանզի նրանց քաղաքական ակտիվությունը պայմանավորված է բացառապես բիզնես շահերով:

 

Չնայած ՀՀԿ-ն դեռևս ժամանակ ունի հենց իր կազմից նոր քաղաքական միավորներ ստեղծելու համար, բայց դրան կարող են խանգարել առանձին անհատների ամբիցիաները: Ներկայիս դրությամբ ՀՀԿ-ն քաղաքական ոլորտում կարող է մենակ մնալ, եթե հանկարծ ՕԵԿ-ը որոշի թեքվել դեպի ընդդիմություն, քանզի այս անգամ ընդդիմությունը ոչ միայն բավականին ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսներ  ունի:

Մարինա Ոսկանյան  

Նույն շարքից