Բարի օր Տնտեսություն 

Գոնե մի հատ աշխատատեղ բացի, քանդելու մասին է մտածում՝ սրճարանի մենեջերը՝ Հայկ Մարությանին

analitik.am

Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ատմասֆերա» սրճարանը նույնպես ապամոնտաժման ենթակա է: Analitik.am-ի հետ զրույցում «Ատմասֆերա» սրճանարի  մենեջեր Ալիկ Ալեքսանյանն ասաց, որ Երևանի  քաղաքապետարանից անձամբ ծանուցում չեն ստացել, բայց տեղյակ են, որ Օպերայի հարակից տարածքի  բոլոր սրճարանները պետք է ապամոնտաժվեն. «Այս ամենի վերաբերյալ դեռ հստակ անելիքներ չենք որոշել, բայց քայլեր ձեռնարկում ենք: Նախ սկսենք նրանից, որ քաղաքապետարանը ճիշտ որոշում չի կայացրել, որովհետև իրենց որոշման մասին տեղյակ են պահում ընդամենը 3-4 ամիս առաջ: Մինչև Օպերան կանաչապատելը կարող են սկսել մյուս այգիներից, որոնք անտեսված են»:

Ալեքսանյանի խոսքերով, Օպերային հարակից սրճարաններն ապամոնտաժելու դեպքում մոտավորապես 50 ընտանիք 1 օրում գործազուրկ է դառնալու. «Եթե հստակ որոշեն ապամոնտաժել սրճարանները, մենք ոտքի ենք ելնելու, որովհետև չենք պատրաստվում գործազուրկ մնալ: Աշխատատեղեր ավելացնելու փոխարեն կրճատո՞ւմ են»:

Ըստ «Ատմասֆերա» սրճանարի մենեջերի, Հայաստանն այն երկիրը չէ, որ առանց նոր բան ստեղծելու, քանդեն հինը. «Եթե քաղաքապետը տեղյակ է, թող հետ հայացք սևեռի ու տեսնի, որ 25 տարի առաջ Օպերան աղբանոց է եղել, բայց այս մարդիկ ֆինանս են ներդրել ու բարեկարգել են տարածքը, ինչպես նաև հասարակությանն աշխատատեղերով են ապահովել: Հիմա նոր իշխանությունը եկել է և ուզում է քանդի դա, 5 տարի հետո նորից կառավարություն է փոխվելու և հնարավոր է, որ մյուս քաղաքապետն էլ ասի, որ կանաչապատումը վնաս է և նորից պետք է քանդել: Այստեղ ոռոգման ջուր չկա, այդ կանաչապատումը ինչի՞ հաշվին է ջրվելու»:

Նա նշեց նաև, որ հեղափոխության ժամանակ ակտիվ պայքարողներից մեկն է եղել. «Աշխատում էի ու ստացածս գումարով ջուր էի գնում և բաժանում մարդկանց: Նրանք հրապարակում հարթակ չեն ունեցել, և մենք ենք լույսերի հետ մեր հարթակը տրամադրել իրենց: Հեղափոխության օրերին, ովքեր մեր սրճարան են այցելել, տնօրինությունը գումար չի վերցրել նրանցից, այդ հեղափուխությունից հետո առաջ գնալու փոխարեն ասում են, որ հեղափոխություն ես արել, պետք է քանդեմ սրճանարը: Բա դու նոր ես եկել՝  9 ամիս է գոնե մի հատ աշխատատեղ բացի, չքավոր ընտանիքի օգնի, նոր մտածի ինչ-որ բան քանդելու մասին: Կանաչապատում անելով ոչ կարող ես երկրում աղքատությունը պակասեցնել, ոչ էլ՝ արտագաղթը»:

Նրա պնդմամբ՝ կանաչապատման համար նախատեսված գումարները կարող են սահմանին ծառայող զինվորների սնունդը բարելավելու համար օգտագործել. «Թող աշխատատեղեր բացեն, մարդիկ հնարավորություն չունեն ապրելու, տատիկ-պապիկները գումար են մուրում, թող այս ամենի մասին մտածեն: Անգամ տարածքի մաքրությանը չի հետևում պետությունը, կանաչապատում լինելու դեպքում կառավարությունը և այդ նույն քաղաքապետարանը հետևելո՞ւ է մաքրությանը: Այդ նույն գումարներով թող վերելակները վերանորոգեն, երեխաների համար խաղահրապարակներն ու շենքերի մուտքերը վերանորոգեն»:

Մանրամասները տեսանյութում

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից