Բարի օր Հասարակություն 

Եթե մեկն իրեն համարում է Նապոլեոն, ինչո՞ւ նրա ասածին լուրջ չենք վերաբերվում. Մասնագետները՝ տրանսգենդեր անձանց մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանն ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի հետ կապված նշեց, որ նմանատիպ նախադեպ չէր եղել․ «Այդ համայնքի անդամները խրախուսվում են Եվրոպայի կողմից, ովքեր ցանկանում են բարոյական արժեքների փոփոխություններ կատարել և այդ նպատակով տրամադրում են գրանտներ»,-նշեց հոգեբանը։ Նրա տեղեկությունների համաձայն, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը ստացել է մոտ 55 հազար ԱՄՆ դոլարի չափով գրանտ։

Խոսելով երեխաների և նոր սերնդի հոգեբանության վրա այդ երևույթի անդրադարձի մասին, հոգեբանը հավաստիացրեց, որ այս ամենը հակագովազդ է և ի վնաս ԼԳԲՏ-ների․ «Դեռահասը, տեսնելով ծնողի քննադատությունը և վերաբերմունքը, տրամադրվելու է այդ երևույթին դեմ, արհեստական ոչ մի բան չի լինում»։ Հոգեբանի կարծիքով, դա պայմանավորված է մարդկանց արժեհամակարգի և ազգային մշակույթի հետ։

Հոգեբանի համար անհասկանալի է այն մոտեցումը, որ տղամարդը համարում է իրեն կին և նրա ցանկությանը լուրջ են վերաբերվում՝ համարելով իր իրավունքների օգտագործում․ «Դե այդ դեպքում, ինչ-որ մեկն էլ իրեն համարում է, որ ինքը Նապոլեոնն է, ապա ինչու՞ նրա ասածին լուրջ չեն վերաբերվում»։

Ըստ Խուդոյանի, ոչ միայն անհատն իրավունք ունի, այլև հասարակությունը, այս ամենը հասարակության իրավունքների խախտում է և վիրավորանք․ «Եթե ես տանից դուրս եմ գալիս, այնպես հագնված չեմ լինում, ինչպես տանը կհագնվեի, կան մարդիկ, որոնք տանն առանց մայկայի են ման գալիս, սակայն այդպես դուրս չեն գալիս փողոց, քանի որ վիրավորում են հասարակությանը»։

Տեղի ունեցող բողոքի ակցիաների և նրանց հոգեբանության կապակցությամբ հոգեբանը նշեց, որ դա մարդկանց բնածին բնազդն է, երբ մարդուն վտանգ է մոտենում, ապա նա բնազդաբար սկսում է պայքարել դրա դեմ․ «Այս դեպքում մարդկանց մոտ առաջանում է բնազդ՝ չկորցնելու սեփական բարոյական արժեքները և պայքարելու դա պահպանելու համար»,-մեկնաբանեց հոգեբանը։

Խուդոյանի խոսքով, այս ամենը մարդկության քանակի կրճատմանն ուղղված ծրագիր է, սակայն նրա համար անհասկանալի է, թե այս ամենն ինչու է կատարվում հենց Հայաստանում։

Փաստաբան Տիգրան Խուրշուդյանին առաջին հերթին զարմացրեց Սահմանադրության խտրականության արգելքի վերաբերյալ հոդվածը, մասնավորապես, այն հանգամանքը, որ խտրականության արգելքները թվարկելիս՝ առաջնահերթությունը տրվել է սեռին․ «Բոլոր խնդիրները դրվել է մի կողմ և նախապատվությունը տրվել է սեռին, որն իմ համար անհասկանալի է: Ոչ մի բան պատահական չի լինում»,-ընդգծեց Խուրշուդյանը:

Նա մտահոգություն հայտնեց և չբացառեց այս ամենի ծրագրավորված լինելը։ Ելույթի հետ կապված Խուրշուդյանը նշեց․ «Եթե նրանք ասելու բան ունեին, ինչո՞ւ մեր նման չեն հրավիրել ասուլիսներ կամ հոդված ներկայացրել»։

Օրակարգի վերաբերյալ նշեց, որ օրակարգի խախտումն արդեն խախտում է ներկաների իրավունքը։

«Կան առանձնացված տարածքներ աղջիկների և տղաների համար, ինձ համար հետաքրքիր է, թե նրանք ո՞ր տարածք են մտնելու, որ ոչ մեկի իրավունքը չխախտեն»,-կատակեց Խուրշուդյանը։

Արտյոմ Առաքելյան

Նույն շարքից