Գլխավոր Հասարակություն 

Այն սեռական բնույթի հայհոյանքները, որ հասցնում էին ծնողներիս ու երեխաներիս, զարհուրելի էին. Զոհրաբյան

analitik.am

Սոցիալական մեդիայում ատելության խոսքը, բռնության կոչը Եվրոպայում ևս լրջագույն խնդիր են: Այս մասին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ հարցն օրենսդրական դաշտում կարգավորելը հեշտ չէ, հակառակ դեպքում գոնե ԵԽԽՎ-ում վաղուց գտած կլինեին ֆորմուլան, որը մի կողմից չի վնասի խոսքի ազատությունը, իսկ մյուս կողմից հնարավոր կլինի օրենսդրորեն բռնել մարդկանց ձեռքը, ովքեր սոցցանցերում ատելության խոսքը դարձրել են կենսակերպ:

Զոհրաբյանի խոսքերով, ահագնացող ալիքը կարող է խեղել հանրային մտածելակերպը, եթե իհարկե դեռ չի խեղել:

Պատգամավորը հիշեցրեց Երևանի ընտրությունների ժամանակ իրեն ուղղված հայհոյանքների մասին. «Հայհոյում էին ինձ ու իմ ծնողներին: Մայրս 45 տարվա մանկավարժ է, հայրս մաթեմատիկ, դուստրս բանկային համակարգի մասնագետ է: Այն սեռական բնույթի հայհոյանքները, որ հասցնում էին իմ ծնողներին ու երեխաներին, զարհուրելի էին: Եթե ոմանք խնդիր ունեն ինձ կոտրելու, դա չի ստացվի: Ես այդ տեսակը չեմ: Բայց սա պետք է օրենսդրորեն կարգավորվի, քանի որ սա գործիք է դարձել հասարակությանը մանիպուլացնելու համար»:

Զոհրաբյանը հայտնեց, որ ԵԽԽՎ-ում վերջին նստաշրջանում հարցը կրկին քննարկվել է, փորձել են գտնել նուրբ սահմանը, որը կարող է օրենսդրորեն կարգավորել խնդիրը. «Պետք է ասեմ, որ այսօր ԵՄ լոկոմոտիվ երկրներից շատերը քրեականացնում են սոցիալական մեդիայում ատելության խոսքը: Օրինակ Գերմանիայում օրենքով սոցիալական ցանցերը կարող են տուգանվել 50 միլիոն եվրոյի չափով, եթե շարունակաբար չեն հեռացնում իրենց մոտ ատելության խոսքն ու ֆեյք-նյուզերը: Բռնության խոսքը քրեական հանցագործություն է համարվում մի շարք այլ երկրներում»:

Պատգամավորն ասաց, որ իր մեջ կռիվ կա նախկին լրագրողի և պատգամավորի միջև. «Ես հիմա էլ դեմ եմ խոսքի ազատության ցանկացած սահմանափակման, սակայն ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք լուծել հարցը: Երբ ես տեսնում եմ ռուս հարբած մուժիկի նման հայհոյող կնոջ, կասկածներ եմ ունենում նրա հոգեկան առողջության հետ կապված: Եթե ինձ հարցնեն, թե ինչպես պետք է լուծվի հարցը, ես չեմ կարող ասել»:

Զոհրաբյանը նաև հիշեցրեց իրեն այրելու կոչերի մասին՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու ոստիկանությունը չարձագանքեց, չնայած այն բանին, որ ինքը չի դիմել իրավապահներին:

Պատգամավորը հայտնեց, որ մոնիթորինգ են իրականացրել և հասկացել, որ շատ դեպքերում չեն կարդում տեքստը, նայում են լուսանկարներն ու սկսում հայհոյել, ինչը վտանգավոր տեղ տանող ճանապարհ է:

Զոհրաբյանը խոսեց նաև լրատվամիջոցների դեմ դատական հայցերի մասին՝ նշելով, որ դրանց թիվն աճել է, իսկ պահանջներն աբսուրդագույն են:

Նույն շարքից