Հայաստան 

Գալուստ Սահակյանը Վրաստանում բարձրացրել է հայկական եկեղեցիների պահպանության հարցը

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ, որի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Վրաստանում հայկական եկեղեցիների պաշտպանության հարցը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: 

Վրաստանի Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների դարավոր բարեկամությունն ավելի է ամրապնդվելու:


Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը այսուհետև նույնպես կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա: Նա կարևորել է մասնավոր հատվածում երկու երկրների համագործակցության զարգացումը:


Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Դավիթ Ուսուպաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանի իշխանությունները կողմ են տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը: Վրաստանի ԱԺ խոսնակը կարևորել է երկու հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և խորացումը:


Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Վրաստանի հետ միջպետական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ հայ-վրացական հարաբերությունները վերընթաց են ապրում:

Գալուստ Սահակյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով` Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն` հիմնված բարի կամքի դրսևորման ու փոխադարձ հարգանքի վրա:


Երկու ժողովուրդներին միավորում են նաև մշակութային և հոգևոր ընդհանրությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրների միջև հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, ինչը կայուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար:


Այս համատեքստում նա կարևորել է խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությունը: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է նաև, որ Հայաստանն ու Վրաստանը ընտրել են միջազգային քաղաքական ինտեգրացիոն տարբեր ուղիներ: Սակայն նման մոտեցումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ երկու երկրների հետագա շփումների ու կապերի համար, այլև որոշակի առումով կարող են փոխլրացնել և իրենց դրական անդրադարձն ունենալ ոչ միայն միջպետական հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում գործընկերային և փոխշահավետ համագործակցության զարգացման համար:


Խոսելով մշակութային ոլորտում համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն մշտապես եղել է ուշադրության կենտրոնում և դա բնական է, քանի որ երկու ժողովուրդների մշակութային կապերը և պատմականորեն ձևավորված արժեքային ընդհանուր համակարգը հիմք են հանդիսանում հետագա համագործակցության զարգացման համար:

Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը վրացական կողմի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ: Գալուստ Սահակյանն անդրադարձել է ևս մեկ խնդրի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելելու երևույթին:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ որոշ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է վերջիններիս մուտքը Վրաստանի տարածք:

Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի վերջին դիտարկմանը՝ Վրաստանի Ազգային ժողովի նախագահն ափսոսանք է հայտնել նման միջադեպերի առնչությամբ և հույս հայտնել, որ խնդիրը կկարգավորվի:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա Վրաստանի խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը համապատասխան անդրադարձ կկատարի մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությանը: «Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ կատարված հանցագործությունների կանխարգելման հարցում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև միջմշակութային հարաբերությունները մշտապես եղել են ուշադրության կենտրոնում: Եվ դա բնական է, քանի որ հարևան ժողովուրդների մշակութային կապերը և պատմականորեն ձևավորված արժեքային ընդհանուր համակարգը հիմք են հանդիսանում հետագա համագործակցության զարգացման համար: ՀՀ ԱԺ նախագահն այդ համատեքստում Վրաստանի Կաթողիկոս Իլյա Երկրորդի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ անհրաժեշտ համարելով հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության գործում: Գալուստ Սահակյանը նաև մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ՝ նշելով, որ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով վտանգված է ամբողջ արևելյան քրիստոնեական քաղաքակրթությունը: 

Կաթողիկոսը ողջունել է հյուրերին և նշել, որ չնայած պատմական ծանր անցյալին՝ հայ և վրացի ժողովուրդները կարողացել են ստեղծել մշակութային կոթողներ: Ինչ վերաբերում է վերոնշյալ եկեղեցիներին, ապա Կաթողիկոսը նշել է` Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներին կհաջողվի խնդիրներին արդար լուծում տալ: 

Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Վրաց Պատրիարքը համարել է դրանք առավել քան վտանգավոր:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ:

Նույն շարքից