Հարցազրույց Քաղաքականություն 

ՀՀ ԱԺ պատգամավորները Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպման մասին

analitik.am

Թիֆլիսում երեկ տեղի ունեցավ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ գագաթնաժողովը: Նկատենք, որ «Թբիլիսյան գագաթնաժողով-2014»-ը  ծրագրվել էր Մարգվելաշվիլիի Թուրքիա և Ադրբեջան այցերի ընթացքում:


Վրացական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեք պետությունների ղեկավարները քննարկում են տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում քսանամյա համագործակցության արդյունքները, ինչպես նաև ընթացիկ և իրականացվելիք նախագծերը: Հասկանալու համար, թե  եռաչափ հանդիպումն ու առհասարակ տվյալ համագործակցությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ տնտեսության վրա, կապ հաստատեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանի հետ. «Հետո ինչ, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից եմ, մենք որեւէ բան կարա՞նք անենք, որ չհանդիպեն, իհարկե՝ ոչ: Թող հանդիպեն, պրծնեն նոր իմանանք ինչ ազդեցություն կունենա»: 

 

 

Նույն հանձնաժողովի ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր Վոլոդյա Բադալյանն էլ պատասխանեց. «Ես տեղյակ չեմ այդ եռաչափ հանդիպումից, եւ եթե մի բանից տեղյակ չեմ, ի՞նչ ասեմ»:

 

Դե իսկ վերոնշյալ հանձնաժողովի մեկ այլ  պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն էլ նկատեց. «Չեմ կարծում, որ այդ հանդիպումը Հայաստանի համար կարող է դրական նշանակություն ունենալ եւ տնտեսական, եւ քաղաքական առումով, որովհետեւ այդ երեք պետություններն ունեն իրենց ներքին համաձայնությունը, որն ուղղված է Հայաստանի դեմ: Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից մշտապես պետք է վտանգներ սպասել»:

 

Տվյալ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստացանք նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից. «Միշտ էլ եղել է այն մտավախությունը, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տնտեսական ծրագրերը շրջանցում են Հայաստանը: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ նման համագործակցությունները Հայաստանի տնտեսության վրա, իհարկե, դրական ազդեցություն ունենալ չեն կարող: Մենք պետք է հասկանանք, որ այն «գինը», որն ուլտիմատիվ կերպով դնում են Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի առաջ ընդունելի չէ: Տնտեսական ծրագրերի շնորհիվ Ղարաբաղը մեկուսացնելու գաղափարը մեզ համար որեւէ կերպ չի կարող ընդունելի լինել: Ես չգիտեմ, թե որքանով կարելի է հաջողված համարել նրանց նավթագազամուղային տնտեսական պրոեկտները, որոնք համառորեն նպատակ ունեն շրջանցել Հայաստանը : Կասկածում եմ, որ նրանք կունենան այնչափ արդյունավետություն, որքանով նրանք գովազդում են դա: Եթե կա նախապայման, իսկ այս պարագայում նախապայմանը ԼՂՀ-ի զիջումն է, ապա մեզ համար որեւէ տնտեսական պրոեկտում ներգրավված լինելը չի կարող ընդունելի լինել»:

 

Հարկ ենք գտնում տեղեկացնել, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավորներ  Սամվել Ֆարմանյանը և  Արտաշես Գեղամյանը  խուսանավեցին որեւէ կերպ մեկնաբանել հարցը:

 

Լիլիթ Կարապետյան

Նույն շարքից