Բիզնես 

Վարչապետի՝ նախորդ տարիների տնտեսական վերլուծությունը հասարակության ուշադրությունը շեղելու միջոց է

analitik.am

Շինարարության ոլորտի և հիփոթեքային վարկավորման շուրջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերլուծությունը` ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմանը, թե շինարարության ծավալների անկման վերաբերյալ վարչապետի տեսակետները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ, «Հայ ազգային կոնգրեսի» անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համարում է «հասարակության ուշադրությունը շեղելու միջոց», իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ «ցուցմունք հանցագործության մասին իմանալու և ժամանակին չհայտնելու վերաբերյալ»։

 

Վահագն Խաչատրյանը գտնում է, որ այդ բոլոր բացատրություններն այսօրվա ստեղծված իրավիճակից հասարակության ուշադրությունը շեղելու ձև է: «Ավելի լավ կլինի, որ վարչապետը պատասխան տա, թե ինչու է հիմա տնտեսության վիճակն այսպիսին: Ինքն իր խոստումները պետք է կատարի, ոչ թե զբաղվի դրանով»,-ասաց նա:

 

Ըստ տնտեսագետի՝ ստացվում է այնպես, որ վարչապետն ասում է, թե գիտի՝ մարդիկ հասկանում են, որ ինքը լավ չի աշխատում, բայց շարունակում է մնալ իշխանության: «Ինքն իր տեղում չէ, բոլոր այն ծրագրերը, որոնք իշխանությունը ներկայացրել է վերջին ժամանակներում, որևէ մեկն իրականություն չի դարձել և չի էլ կարող դառնալ: Ավելին ասեմ, չի կարող իրականություն դառնալ, որովհետև այս համակարգն իրեն սպառել է: Այս համակարգն այլևս որևէ ռեսուրս չունի ինչ-որ փոփոխություն մտցնելու քաղաքացիների կյանքում»,-ասաց նա՝ նկատելով, թե համակարգն աշխատում է միայն որոշակի մարդկանց համար, որոնց քանակը նույնպես աստիճանաբար կրճատվում է:
Ինչ վերաբերում է վարչապետի դիտարկումներին, թե իր կառավարման տարիներին հիփոթեքային վարկավորումն է ավելացել, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Որևէ նշանակություն չունի, թե հիփոթեքային վարկավորումներն են ավելացել, տոկոսներն աճել են, թե նվազել, այսօր ՀՀ քաղաքացին հնարավորություն չունի օգտվելու այն ամենից, ինչի մասին վարչապետը խոսում է»:

 

Նրա ներկայացմամբ՝ ՀՀ քաղաքացու եկամուտի մոտ 50%-ն այսօր գնում է սննդի վրա, 30%-ը սպասարկման համար է ծախսվում, խմիչք ու ծխախոտ՝ 5%, մնում է 15%, որով քաղաքացին չի կարող մասնակցել այն ամենին, ինչի մասին որ վարչապետը խոսում է՝ շինարարություն, երկարաժամկետ այլ ներդրում, և այլն։ «Հենց այդ նույն համակարգի տրամաբանության մեջ այդ ռեսուրսները պակասել են, քաղաքացին ժամանակի ընթացքում տնտեսական գործունեությունից զրկվել է: Մենք պատահական չէինք ասում փոքր և միջին բիզնես, հենց դա է, որ աստիճանաբար վերացավ: Մարդիկ ազատ ապրելու, տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից զրկվեցին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակն ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել, և դա մեկ օրում չի եղել»:

 

«Այսօր մարդկանց ասում են՝ կերե՛ք և ձմեռվա կոմունալ ծառայությունների վճարները կատարե՛ք, վե՛րջ, այլևս ոչ մի բանի մասին մի՛ մտածեք։ Հետագա բոլոր քայլերը դրան է միտված լինելու, դրանք այսօրվա քայլեր չեն, դա գալիս է վաղուց, նպատակային քաղաքականություն է»,-ասաց նա:

 

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով էլ իրականում ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանն այլևս չի պատրաստվում լռել իր հասցեին Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած որակումների առաջ, այլ նաև ունի այդ ազատությունը: «Այս կապակցությամբ, եթե նա Նոր տարուց առաջ Քոչարյանին փորձեց պատասխանել բարոյականության հարթության վրա և նրան պատասխանեց քրիստոնեաբար, Նոր տարուն արդեն փորձեց ներկայացնել այդ շրջանի տնտեսական պատկերը: Դա նշանակում է, որ նա ոչ միայն հանգիստ չի նստելու տեղում, այլ նաև պահելու է իշխանությունը»,-ասաց նա՝ շեշտելով, որ մեկ անգամ ևս Տիգրան Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի անունը ոսկով գրեց պատմության մեջ:

 

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ցավալի է, որ երկրի վարչապետ աշխատող մեկը, ով նախկինում նույնպես տնտեսության համար կարևոր պաշտոնի էր, թաքցրել է փուչիկի հանգամանքը, այսինքն՝ իմացել է, որ երկիրը գնում է շատ վատ ուղղությամբ և լռել է հանուն իր պաշտոնը պահելու: «Այնպես որ թերևս բարոյականության խնդիր բոլորն ունեն: Եվ սա ուղղակի աններելի է: Նման պարագայում որևէ մեկի հիմնավորումները հետաքրքիր չեն, երբ տեսնում ես, որ նրանք նույն փուլում են աշխատել, հետևաբար նրանցից որևէ մեկի խոստովանությունը և մեկը մյուսի վրա մեղքը բարդելը բացարձակապես արդարացում չունի»,-ասաց նա:

 

Վերջինս նաև նկատեց, թե ամենայն հավանականությամբ ինչ-որ պայմանավորվածություն խախտվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, դրա համար է այս խառնաշփոթը:

 

«Այս, մեղմ ասած, «ինտելեկտուալ» բանավեճերը շարքային քաղաքացուն չեն հետաքրքրում: Ավելին՝ դրանք կարծես ցուցմունքներ լինեն հանցագործության մասին իմանալու և ժամանակին չհայտնելու վերաբերյալ»,-եզրափակեց նա: 
 

Նույն շարքից