Բիզնես 

Ձեռներեցությամբ Հայաստանում քչերն են զբաղվում

analitik.am

65-ից բարձր 317 հազար հայաստանցիներից միայն 4 հազարն են խնամքի տակ: Հայաստանի բնակչության գոյության միջոցների հիմնական աղբյուրը խնամքն է: Ըստ 2011թ. հոկտեմբերին անցկացված մարդահամարի՝ հայաստանցիների մոտ 43%-ի ապրուստը ապահովում են նրանց խնամող հարազատները կամ բարեկամները: Բացարձակ թվով խնամքի տակ է գտնվում մոտ 1 մլրդ 300 մլն հայաստանցի, որոնցից 544 հազարն են միայն մինչև 14 տարեկան երեխաները: Հետաքրքիր է, որ շատ քիչ են խնամքի տակ գտնվող ծերերը (65-ից բարձր տարիք ունեցողները)՝ մոտ 4 հազար քաղաքացի (մինչդեռ 65-ից բարձր տարիք ունեցող 317 հազար քաղաքացի կա): Սա նշանակում է, որ ծերերը ինքնուրույն են հոգում իրենց ապրուստի միջոցը և (կամ) նրանց եկամտի հիմնական միջոցը թոշակն է:   


Քաղաքաբնակ երիտասարդների կեսը աշխատանք է փնտրում, բայց չի գտնում: Խնամքի տակ ամենաշատը գտնվող մյուս տարիքային խումբը 15-24 տարեկաններն են (այս տարիքը համարվում է աշխատունակ): Նրանց ընդհանուր թիվը 525 հազար է, որից 323 հազարը խնամքի տակ է: Այնուամենայնիվ այս թիվը տրամաբանական է՝ 15-21 տարեկանները հիմնականում դեռ սովորում են, և նրանց պահում են ծնողները, իսկ 22-24 տարեկանները նոր են փորձում մուտք գործել աշխատաշուկա և դեռ աշխատանք չեն գտնում (15-24 տարեկան քաղաքաբնակ երիտասարդների մոտ կեսը Հայաստանում գործազուրկ է, այսինքն՝ ուզում է աշխատել, բայց՝ աշխատանք չի գտնում):


Միջին տարիքի յուրաքանչյուր 4-րդ հայաստանցին խնամքի տակ է: Մտահոգիչն այն է, որ 25-ից 54 տարեկան մոտ 363 հազար հայաստանցիներ ինչ-որ մեկի խնամքի տակ են: Նրանց գոյության հիմնական միջոցը՝ եկամուտը, հարազատների օգնությունն է: Խնամքի տակ գտնվող այդ տարիքային խմբի հայաստանցիները կազմում են իրենց տարիքայն խմբի բնակչության (1 մլն 384 հազար) 26%-ը: Սա բավականին բարձր ցուցանիշ է և նշանակում է, որ աշխատելու համար ամենաակտիվ տարիքի յուրաքանչյուր 4-րդ հայաստանցու այս կամ այն պատճառով խնամում է իր հարազատը:


Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվողները շատ քիչ են: Մոտ 580 հազար հայաստանցու ապրուստի հիմնական միջոցը վարձու աշխատանքն է:  Այսինքն՝ ընդհանուր բնակչության մոտ 19.3%-ի հիմնական եկամուտը աշխատավարձն է: Կենսաթոշակ կամ կրթաթոշակ ստանում է հայաստանաբնակների 13.4%-ը, գյուղացիական տնտեսություններում ինքնազբաղված է 9.8%-ը, այլ ոլորտում ինքնազբաղված է 2.6%-ը: Բնակչության եկամտի մյուս հիմնական աղբյուրները ներկայացված են աղյուսակում: Մտահոգիչ է, որ ինքնազբաղվածների թիվը բավականին քիչ է: Այսինքն՝ մարդիկ, որոնք ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում և այդ կերպ ապահովում իրենց ապրուստը՝ Հայաստանում շատ քիչ են: Մինչդեռ, օրինակ, Մեծ Բրիտանիայում ինքնազբաղվածները բնակչության ավելի քան 10%-ն են կազմում, իսկ ԵՄ-ում կազմում են միջինում աշխատողների 15 %-ը:

Նույն շարքից