Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նաև Աբովյան փողոցի տատիկներին վերաբերող անշարժ գույքի մասին օրենքն ընդունվեց

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 12-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ անցկացրեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասինե օրենքի» նախագիծը:

Նախագիծը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինություն  հասկացությունները    միացնել և   որպես մեկ՝ ամբողջական գույքի  մասով հարկում իրականացնել,  ունենալ շուկայականին մոտ  կադաստրային գնահատման համակարգ և այլն: Նախատեսվում է ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում և  ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն  հատկապես բարձրարժեք գույքերի  կադաստրային գնահատման արդյունքում:   Սահմանվում է նաև անշարժ գույքի չհարկվող շեմը:

Նախատեսվում է Հայաստանի կադաստրային գոտիները սահմանել 20՝ առկա 12-ի փոխարեն:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, օրենքը թերի է, լուծում է միայն թիրախային խնդիրներ. «Այդուհանդերձ մենք կողմ ենք քվեարկում, քանի որ հակառակ որոշումը կարող է տարատեսակ շահարկումների տեղիք տալ: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ օրենքի հնարավոր բոլոր բացասական հետևանքների համար քաղաքական պատասխանատվություն կրելու է քաղաքական մեծամասնությունը»:

ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանն իր հերթին նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու միայն 2021 թվականից, հետևաբար կարելի է հիմա դեմ քվեարկել, ճշտել` արդյո՞ք այն հակասություններ ունի Սահմանադրության հետ, հետո հանգիստ ռեժիմով քննարկել օրենքը` չունենալով իրավիճակը, երբ ստիպված կլինեն դիմել ՍԴ:

Իմ քայլից Բաբկեն Թունյանն էլ առաջարկեց առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկել, իսկ սահմանադրականության հարցը պարզել մինչև երկրորդ ընթերցումը. «Ինչ վերաբերում է օրենքին, ապա այստեղ անհանգստանալու առիթ ունեն մարդիկ, ովքեր անշարժ գույքի խոշոր սեփականատեր են»:

ԼՀ խմբակցությունից Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ այստեղ խոսքը վերաբերում է հակասահմանադրական օրենքին, պետք է վերանայել օրենքի ամբողջ փիլիսոփայությունը, դրա համար անհնար կլինի շտկումներն անել մինչ երկրորդ ընթերցումը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ օրենքը պետք է իրավական առումով անխոցելի լինի` առաջարկելով առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկել ու մնացած հարցերը պարզել մինչև երկրորդ ընթերցումը:

Իմ քայլից Վլադիմիր Վարդանյանը, ով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, հայտարարեց, որ հարցը քննարկվելու է նաև իր հանձնաժողովում` հաշվի առնելով այն, որ այն հնարավոր է հակասում է սահմանադրությանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց ձայների 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

Նույն շարքից