Հասարակություն 

Անշարժ գույքի գույքահարկը բարձրանալու է. Աբովյան փողոցում ապրող միայնակ տատիկները նոր գլխացավանք ունեն

analitik.am

Խորհրդարանում քննարկում են անշարժ գույքի հարկման հարցում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարեց, որ փոփոխության արդյունքում պատրաստվում են պարզեցնել գործընթացը, հող և գույք կամ շինություն հասկացությունները միացնել և որպես մեկ ամբողջական անշարժ գույք դիտարկել: Նախատեսվում է նաև ունենալ շուկայականին մոտարկված ձևով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը պետք է օգտագործել և՛ հարկման և՛ օտարման դեպքերում:

Պետրոսյանի կարծիքով, արդյունքում կլինի մրցունակ և միասնական գնահատման համակարգ, կվերացվի այսօր գոյություն ունեցող հսկայական տարբերությունը, որը կա կադաստրային արժեքի և շուկայական գնի միջև, պետական և համայանքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտ արժեքով: Ենթադրվում է, որ փոփոխություններից հետո հարկային մուտքերը կավելանան` հատկապես ի հաշիվ բարձրարժեք գույքի հարկման․ «Հսկայական քանակությամբ գույք կա, որոնք չեն շրջանառվում»,-ասաց Պետրոսյանը:

Օրենքի ընդունումից հետո կառավարությունը ֆիքսելու է բազային արժեքները, որը պարզեցված ընթացակարգով հաշվարկի արդյունքում է լինելու, ֆիքսվելու են կադաստրային գոտիները: Եթե հիմա Հայաստանում կա 12 գոտի, փոփոխությունից հետո կլինի 20 գոտի, ամեն ինչ կլինի ավելի թիրախային. «Որևէ հարկի բարձրացում չի լինելու: Սրանով ֆիքսում ենք, որ պետությունն անշարժ գույքը գնահատում է շուկայականին մոտ արժեքով»:

Լուսավոր Հայաստանից Տարոն Սիմոնյանը, հետաքրքրվեց, թե ինչ է անելու Աբովյան փողոցում ապրող տարեց թոշակառու կինը, ում միակ եկամուտի աղբյուրը թոշակն է. «Նրա բնակարանի գույքահարկը, բնականաբար, բարձրանալու է: Նախատեսել եք արդյո՞ք նման դեպքերը»:

Պետրոսյանը նշեց, որ օրենքով այդ հարցը չի լուծվում: Ամեն դեպքում հատկապես թանկարժեք տեղերում գտնվող գույքի վերաբերյալ մի շարք մտահաղացումներ կան, որոնցից մեկն էլ հետևյալ մեխանիզմն է` գույքահարկը հավաքվում է որպես պարտք և գույքն օտարվելու կամ ժառանգելու ժամանակ այդ գումարը վճարվում է: Դա լուծումներից մեկն է: Բացի դրանից գործին կարող է միջամտել նաև համայնքը, որը կարող է քայլեր ձեռնարկել, որպեսզի որևէ մեկը խոցելի չլինի:

Լուսավոր Հայաստանից Մանե Թանդիլյանն իր հերթին հայտարարեց, որ գույքահարկի փոփոխություն ի վերջո լինելու է, որքան էլ կառավարությունից պնդեն հակառակը: Թանդիլյանին մտահոգում է նաև այն հարցը, որ գույքահարկի մասով որոշումը կայացնելու է կառավարությունն`օրենսդիր մարմնի փոխարեն, ինչը կարող է խնդիր ունենալ Սահմանադրության հետ:

Թանդիլյանը հիշեցրեց, որ գույքից ստացված գույքահարկը գնում է համայնքային բյուջե, կառավարությունն իրավունք չունի այդ մասով որոշումներ կայացնել: Հստակ գրված է, թե ինչպես, ով ու ինչ միջոցներով է ձևավորվում համայնքի բյուջեն: Հետևաբար հարցերը պետք է լուծի համայնքի ավագանին, ոչ թե կառավարությունը:

Նույն շարքից