Բիզնես 

ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում ներդրումները կաճեն. Տատյանա Վալովայա

analitik.am

Մաքսային միությանը անդամակցելուց հետ Հայաստանում կմեծանան ներդրումները, այսօր «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ ու մարտահրավերներ» թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Նա ընդգծեց, որ անգամ այս պարագայում, որ Հայաստանը ներկայումս ՄՄ անդամ չէ, այդուհանդերձ, մեծածավալ ներդրումները հենց Ռուսաստանից են արվում:

«ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կարող է մի շարք ներդրողների համար շատ ավելի գրավիչ դառնալ: Մենք վերլուծում ենք այն փորձը, որ ունեն Բելառուսն ու Ղազախստանը, որոնք Ռուսաստանի հետ համեմատած ևս ունեն փոքր շուկա: Այստեղ ևս աճել են ներդրումները: Ղազախստանում մեքենաշինության արտադրությունը սկսեց զարգանալ հենց ՄՄ-ին անդամակցությունից հետո»,-ասաց նա:

Նա նշեց, որ այս փուլում դժվար է գնահատականներ տալ, բայց և վստահություն հայտնեց, որ ընդամենը մի քանի տարի հետո տեսանելի կերպով կաճեն ներդրումները:

Հարցին, թե Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները վերջին տարիներին այնքան էլ բարիդրացիական չեն, իսկ Հայաստանին ՄՄ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը Վրաստանն է, ինչպես է հարցը լուծվելու, պատասխանեց՝ ասելով, որ Ռուսաստանը հետաքրքրված է, որ կարգավորի ճանապարհային հարաբերությունները Վրաստանի, Աբխազիայի ու Հայաստանի հետ:

«Որոշակի աշխատանքներ իրականացվում են այդ ուղղությամբ: Բոլոր մեր ճանապարհային ծրագրերը մեծամասամբ ուղղված են տնտեսության զարգացմանը: Նոր ճանապարհային միջանցքների բացումը շատ կարևոր է,և հույս ունեմ, որ էական փոփոխություն կլինեն»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե երբ է Հայաստանը անդամակցելու ՄՄ-ին, Տատյանա Վալադյան պատասխանեց, թե վախենում է կոնկրետ ժամանակ նշել, թեև բանակցային գործընթացը հիանալի է ընթանում:

«Ես կարծում եմ, որ այն ճանապարհային քարտեզը, որը պետք է իրականացվեր երեք ամիսների ընթացքում գրեթե ավարտված է և մեզ կմնա թղթին հանձնել որոշ հարցեր: Ապրիլի վերջին երեք երկրների գագաթնաժողովին աշխատանքային խմբի աշխատանքները կամփոփենք և իրենք էլ կհրահանգեն, թե երբ պետք է վերջնական տեսքի բերել փաստաթղթերը: Ամեն դեպքում, Հայաստանը գրեթե պատրաստ է»,-ասաց նա:

Նույն շարքից