Բիզնես 

Ծիրանի շուրջ 85 տոկոսը վնասվել է, իսկ վնասի չափը կազմում է 20-25 մլն դոլար. Հրաչ Բերբերյան

analitik.am

Մոտավոր հաշվարկներով` հանրապետությունում մարտի 29-ի լույս 30-ի գիշերը տեղացած առատ ձյան պատճառով վնասվել է ծիրանի շուրջ 85 տոկոսը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Եթե մենք սպասում էինք, որ Հայաստանում կարտադրվի 50-55 հազար տոննա բերք, ապա եղանակային պայմանների պատճառով վնասվել է բերքի 80-85 տոկոսը, իսկ թե ինչ չափով են վնասվել, որևէ մեկն այդ մասին չի կարող ասել»,- ասաց Հ.Բերբերյանը:

Ինչ վերաբերում է վնասի չափին, ապա, ըստ նրա, նախնական տվյալների համաձայն` գյուղացիները կրել են 20-25 մլն դոլարի վնաս: 

«Սա վերջնական չէ, նախնական հաշվարկ է, իսկ վերջնական տվյալների մասին կասենք ավելի ուշ` շաբաթվա վերջում: Եթե հաշվարկում ենք վերջին 5 տարվա գներով, ծիրանի միջին գինը արժեր 200 դրամ, ապա կարող ենք ասել, որ 25-30 մլն դոլարի չափով գյուղացին վնաս է կրել»,- ասաց նա:

Հ.Բերբերյանի խոսքերով` հիմնականում վնասվել են ծաղկած ծառերը, բայց օրինակ` վաղահաս կարտոֆիլին վնաս չի սպառնում: Եթե գյուղացին ճիշտ պաշտպանի ագրոտեխնիկական կանոնները, կխուսափի նաև կարտոֆիլի հիվանդությունից: Ցորենը նույնպես չի վնասվել, իսկ բանջարանաբոստանային կուլտուրաները հնարավոր չէր, որ վնասվեին: 

«Եթե գյուղացին սածիլը դաշտ հանած լիներ, հնարավոր էր, որ վնասվեին, բայց շատ արագ էլ կարող էին փոխարինել նոր սածիլներով»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, Հ.Բերբերյանը ընդգծեց, որ շատ գյուղերում էլեկտրաէներգիան անջատված է եղել, ուստի հնարավոր է, որ բերքը վնասված լինի:

Հ. Բերբերյանը նշեց նաև, որ բնության դեմ անզոր ենք և այս հարցում գյուղատնտեսության նախարարությանը որևէ մեկն իրավունք չունի մեղադրելու: 

«Նախարարությունը փորձել է անել հնարավորինս: Էնպես որ, անբարոյական է որևէ բանում մեղադրել նախարարությանը: Այստեղ ավելի շուտ խնդիրը վերաբերում է օդերևութաբանական կանխատեսումներին: Հայտարարեցին, որ մարտի 31-ի գիշերն է սպասվում ցրտահարություն, բայց, փաստորեն հարվածը ստացանք մարտի 30-ին»,- ասաց Հ.Բերբերյանը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ գյուղատնտեսությունը միայն ծիրանով չի վերջանում: 

«Իհարկե կորուստներ ունենք, բայց ոմանք կարծում են, որ եթե ծիրան չկա, ուրեմն Հայաստանի գյուղատնտեսությունը կանգ է առել: Նրանք չարաչար սխալվում են»,- նշեց Հ.Բերբերյանը:

Նույն շարքից