Հայաստան 

Ռուսաստանի տնտեսական անկման հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար. ԼՂՀ վարչապետ

analitik.am

  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը անդրադառձել է  ՌԴ տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը ԼՂ տնտեսության վրա: Մասնավորապես՝ հարցին, թե արդյոք ակնկալվո՞ւմ է ԼՂ-ում բացասական ազդեցություն՝ պայմանավորված ՌԴ տնտեսական վիճակով, վարչապետը պատասխանեց, նախ համաձայնելով շրջանառվող տեսակետներին, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն կախվածության որոշակի մակարդակ ունեն ՌԴ-ի տնտեսությունից: Սակայն դրա մի մասը, նրա վստահեցմամբ, Արցախի պարագայում միջնորդավորված է: Հարությունյանի պարզաբանմամբ՝ ուղիղ ազդեցությունը գալիս է տրանսֆերտներից և ՌԴ-ից եկող ներդրումներից, իսկ միջնորդավորվածը՝ ՀՀ տնտեսության միջոցով, որի հետ համակողմանիորեն ինտեգրված է ԼՂՀ տնտեսությունը: Հետևաբար, ըստ ԼՂ վարչապետի, հնարավոր չէ խուսափել Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական անկման բացասական ազդեցությունից:


«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար երեք հիմնական պատճառներով: Առաջին՝ ԼՂՀ տնտեսությունը փոքր է, ինչը նշանակում է, որ ռիսկերն ավելի հեշտ են կառավարվում: Երկրորդ՝ տնտեսությունն ունի մեկուսացվածության և անկախության որոշակի մակարդակ, հետևաբար, նվազ խոցելի է արտաքին ազդակների կողմից: Երրորդ՝ դիվերսիֆիկացիայի շոշափելի աստիճանը և կառուցվածքը թույլ են տալիս նվազեցնել ցնցումների հավանականությունը: Այս համատեքստում ուշագրավ է, որ Արցախի տնտեսության գերակա ուղղությունները թույլ կապ ունեն ՌԴ շուկայի ընթացիկ խնդիրների հետ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

 

Վերջինս նաև մանրամասնեց, թե ինչ ծավալի դժվարությունների առաջ կկանգնի ԼՂ տնտեսությունը: Վարչապետն ասաց, որ ակնկալվող դժվարություններից մեկը տրանսֆերտների ծավալի հավանական նվազումն է:

«Այնուամենայնիվ, տրանսֆերտներն էական մասնաբաժին չունեն ԼՂՀ ՀՆԱ-ի ձևավորման գործում. որպեսզի պատկերացնեք ծավալը, նշեմ, որ 2013 թ. դրանք կազմել են ՀՆԱ-ի մոտ 3.8 տոկոսը: Մյուս խնդիրը կարող է առնչվել արտահանվող որոշ ապրանքատեսակների գնանկման հետ, որի ծավալները դժվար է կանխատեսել: Այս տեսանկյունից, ինչպես նշեցի, մեր գերակա ուղղությունները ՌԴ-ի շուկայից թույլ կախվածություն ունեն՝ այդ թվում արտահանման հարցում: Սակայն կարծում եմ՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությամբ գների տատանումների հետ կապված ռիսկերը բավականաչափ մեղմանալու են: Բացի դրանից, այժմ նոր խոշոր ներդրումային ծրագրեր են իրագործվում Արցախում, որոնք լրացուցիչ խթան են հանդիսանալու տնտեսության զարգացման համար»,- նշեց վարչապետ Արա Հարությունյանը:

 

Հարցին, թե ինչ միջոցներ են դիտարկվում թեկուզև չնչին բացասական ազդեցությունը մեղմացնելու համար, նա պատասխանեց, որ այդ ազդեցությունը նվազեցնելու առաջնային միջոցը, բնականաբար, ՌԴ տնտեսության բարելավումն է, որի ուղղությամբ իրենք անելիք չունենք: Մյուս գործիքն, ըստ նրա, արտահանվող ապրանքատեսակների համար նոր՝ ավելի բարենպաստ շուկաների որոնումն է, որի ուղղությամբ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել տնտեսվարող սուբյեկտներին, սակայն նոր շուկաների նվաճումը ժամանակատար աշխատանք է, և արդյունքները տեսանելի կլինեն միջնաժամկետ հատվածում: «Այնուամենայնիվ, կուզեի ևս մեկ անգամ շեշտել, որ թե՛ ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների, թե՛ ՌԴ արտահանվող ապրանքների տեսակարար կշիռն ազդեցիկ դերակատարում չունեն ԼՂՀ ՀՆԱ-ի կառուցվածքում: Հետևաբար, ենթադրվում է, որ առկա պայմաններում Ռուսաստանի տնտեսությունում գրանցվող բացասական միտումները վճռորոշ հետևանքներ չեն ունենա Արցախի վրա»,- ընդգծեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ միջազգային հանրությունը պատժամիջոցների փաթեթ սկսեց կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում այդ երկրի ծավալած գործունեության պատճառով, հայաստանյան տնտեսական վերլուծաբանները սկսեցին չարագույժ կանխատեսումներ անել: Նրանց մեկնաբանություններով, ՀՀ տնտեսությունը և հատկապես բանկային համակարգը մեծապես կախված են ՌԴ-ից, որի հետևանքով կսեղմվի ռուսական պաշտոնական կապիտալով ծրագրերի իրականացումը, կկրճատվեն ներդրումների հնարավորությունները: Այսինքն՝ ըստ նրանց, ՌԴ-ում գնալով վատթարացող տնտեսական իրավիճակը կազդի ուղղակի ներդրումների և տրանսֆերների ընթացիկ հոսքի վրա:

Նույն շարքից