Հասարակություն 

Ինչո՞ւ է սոցապնախարարությունը զավթել Իջևանի պատկերասրահի շենքը

analitik.am

 

Օրերս Analitik.am-ն անդրադարձել էր Իջևանի «Վերնատուն» պատկերասրահի շուրջ կատարվող անցուդարձին: Սոցներդրումների հիմնադրամի մեկ պատուհան ծրագիրն Իջևանի քաղաքային համայնքից վերցրել էր պատկերասրահի շենքը՝ գտնելով, որ այն ամենահարմարն է, ամենանպաստավորն է և ամենաընդունելին է քաղաքին սոցիալական ծառայություններ մատուցելու ճանապարհին:

 

Հոդվածին հետևեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ սոցիալական խնդիրներ ունեցողները ևս կարող են պատկերասրահի հոսքերն ապահովել:

 

Նա նաև նշել է, որ «հունիսից սպասում էինք այլընտրանքային առաջարկի, քանի որ հանրային տարածքների ավելացումն առավել ընդունելի կլիներ, բայց, ցավոք, ամիսներ շարունակ չստացանք որևէ հնարավոր այլընտրանքային տարբերակ, իսկ ծրագրերը չեն կարող սպասել»:

 

Թեև Analitik.am-ի հոդվածի մեջ նշվում էր, որ մի քանի տարբերակներ են առաջարկել, սակայն չգիտես ինչու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել էր հենց պատկերասրահը մեկ պատուհանի կեցավայր ստեղծել:

 

Analitik.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսակ Մելքումյանը նշեց, որ 4-5 տարի է մեկ պատուհան ծրագրի համար տարածքներ են առաջարկել, սական գրեթե բոլոր առաջարկները մերժվել են:

 

«Մենք տարբեր տարածքներ էինք առաջարկում՝ ասում էին հարմար չէր, առաջարկել ենք քաղաքային կաթսայատունը, Մոր և մանկան կենտրոնը, նաև վերջերս պաշտոնական առաջարկ եղավ Տավուշի մարզպետարանի երկրորդ մասնաշենքի առաջին և նկուղային հարկերը տրամադրել Մեկ պատուհանին, սակայն իրենց ուսուսմնասիրությամբ այդ շենքերը չեն համապատասխանում և նրանց ընտրությունը կանգ էր առել Իջևանի պատկերասրահի վրա»,- ասաց նա:

 

Մ. Մելքումյանը նշեց, որ Մեկ պատուհանին պետք էր տարածք, որը մատչելի լինի մարդկանց համար, նաև լինի քաղաքի կենտրոնում և ունենա մեծ մակերես: Իջևանի նախկին քաղաքապետն ավագանու համաձայությամբ արդեն իսկ սոցապնախարարությանը տվել էր շենքի տիրապետման վկայական:

 

«Իրենք էլ էին գիտակցում, որ պատկերասրահ է և ճիշտ կլիներ այլ տարբերակ, սակայն կանգնեցին պատկերասրահի վրա: Շենքը չէր տրվի Մեկ պատուհանին, եթե Իջևանի քաղաքապետը և ավագանին չտային»,- շեշտեց Մ. Մելքումյանը և հավելեց, որ պատկերասրահի առաջին և երրորդ հարկերն այժմ փաստացի հանձնված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ անհատույց օգտագործման, սակայն շենքը համարվում է  համայնքային գույք, սեփականատերը համայնքն է:

 

«Պատկերասրահի կողմից համաձայնությունը կայացել է այն ժամանակ, երբ համայնքը շենքը հանձնել է  տիրապետման: Իջևանի նախկին քաղաքապետը հանդես գալով որպես պատկերասրահի տնօրինող՝ հանձնել է, իսկ պատկերասրահը համայնքապետարանի ենթակա հիմնարկ է, առանց տնօրենի նախկին քաղաքապետը որոշել և իրականացրել է»,- ասաց նա:

 

Նաև հավելեց, երբ առաջարկ էր եղել մարզպետարանի երկրորդ մասնաշենքի առաջին և նկուղային հարկերը տրամադրել սոցապնախարարությանը, Մեկ պատուհանի շրջանակներում փորձագետ էին հրավիրել:  Նա էլ որոշել էր, որ մարզպետարանի երկրորդ մասնաշենքի առաջին և նկուղային հարկերն ուժեղացման կարիք ունեն և հրաժարվել էին մարզպետարանի առաջարկից:

 

Միսակ Մելքումյանի համար մարզպետարանի երկրորդ մասնաշենքի տարածքից Մեկ պատուհանից հրաժարվելը անակնկալ էր: Փաստը մնում է փաստ, որ Մեկ պատուհան ծրագիրը չէր ցանկանում քաղաքի կենտրոնում գտնվող պատկերասրահի շենքից հրաժարվել:

 

Իսկ Գեմաֆին Գասպարյանը գրել էր՝ այլընտրանքային առաջարկներ չէին եղել...

 

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից