Տնտեսություն 

7.1 տոկոս տնտեսական աճի պարագայում մարդկանց կենսամակարդակը նվազել է. Պարզաբանում է տնտեսագետը

analitik.am

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է 8.8 տոկոսով, շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5 տոկոս, մինչդեռ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 2.7 տոկոսով։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.6 տոկոսով:

Վիճակագրության համաձայն՝ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 6.5 տոկոսով. արտահանումն ավելացել է 7.25 տոկոսով, ներմուծումը՝ 6.2 տոկոսով:

Analitik.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ 7.1 տոկոս աճը բավականին մեծ թիվ է՝ համեմատելով տարածաշրջանի երկրների տնտեսական աճի հետ, սակայն պետք է դիտարկել աճի որակը․ «Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի տնտեսական աճը որակ չի ապահովում: Այդ աճից չի օգտվել հասարակության մեծ մասը»,-ասաց նա:

Ըստ տնտեսագետի, 7.1 տոկոս տնտեսական աճի 5-6 տոկոսն ապահովել է առևտրի և ծառայության ոլորտը, իսկ այս ոլորտում աճ է ապահովել երկիրը՝ ի հաշիվ ստվերի կրճատման, այնպես չէ, որ գնողունակությունն ավելացել է, ուղղակի ստվերն է կրճատվել:

«Տնտեսական աճի մեջ ավելացել է շահումով խաղերի տեսակարար կշիռը, որը կրկին ոչինչ չի տալիս մեր տնտեսությանը, մեր բյուջեին: Խնդիր ունենք տնտեսական աճի որակի մասով: Մենք կարող էինք ունենալ 4-5 տոկոս տնտեսական աճ, սակայն եթե այդ աճից օգտվեր մեր հասարակության զգալի հատվածը»,-մատնանշեց Պարսյանը և հավելեց, որ Հայաստանում աճել է միջին հավանական աշխատավարձը, սակայն այս տարի գրանցվել է առաջին անհրաժեշտության ապրանքների գների ավելի մեծ աճ. բանջարեղենի դեպքում՝ 9.3 տոկոս, մրգի դեպքում՝ 8.3 տոկոս, հացամթերքի դեպքում 3.2՝ տոկոս և այլն:

«Առաջին անհրաժեշտության ապրանքներն այս տարի բնակչությունը ձեռք է բերում իրենց աշխատավարձի 70 տոկոսը ծախսելու գնով: Մարդիկ իրենց եկամուտները ծախսում են այս թանկ ապրանքների ձեռքբերման համար: Ըստ էության նրանց կենսամակարդակը ոչ թե ավելացել է, այլ նվազել է»,-արձանագրեց Պարսյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից