Քաղաքականություն 

Եթե ՀՀ գործող վարչապետն ասում է, որ նախկին իշխանությունների ժառանգությունը սա է, թող նախկին իշխանությունները պատասխանեն դրան. Դավիթ Բաբայան

analitik.am

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել վերադարձ անցյալին, այդ թվում՝ սահմանների առումով, դա անընդունելի է, անթույլատրելի, դա հանգեցնելու է աղետի ԱՀ-ի և հայոց պետականության համար։ Դա մենք մշտապես ասել ենք։

Անձամբ ես ունեմ նաև անձնական ներդրում այդ բոլոր գաղափարների մեջ՝ հենց ես եմ առաջարկել և շրջանառության մեջ դրել 1999 թվականին Քարվաճառը, որպես հայության հիդրոդոնոր՝ ջրային դոնոր, գաղափարը, և հենց դա է այսօրվա դրությամբ Քարվաճառը հայկական պահել, ամենակարևոր հիմքերից մեկը, և ես հպարտ եմ այդ ամենի համար, որ մի փոքր կետ մեր ազգային ազատագրական պայքարում, անվտանգության համակարգում, մեր շահերը պաշտպանելու հարցում ներդրել եմ։

Մենք նույնպես ունենք անմիջական ներդրում այս ամենի մեջ, ինչպե՞ս մենք դա կարող ենք անել, և մեզ համար ընդունելի լինի տարածքների հանձնում, և այլն, և այլն։

Եթե ՀՀ գործող վարչապետն ասում է, որ նախկին իշխանությունների ժառանգությունը սա է, թող նախկին իշխանությունները պատասխանեն դրան, քանի որ ես այլ ձևով եմ այդ հարցը դիտարկում։ Ես հասկանում եմ այսպես, որ, եթե գործող վարչապետն ասում է, որ այսպիսին է եղել, ուրեմն անընդունելի է համարում վերադարձն անցյալին, ինչն այդպես է նաև Արցախի ժողովրդի և մեզ բոլորիս համար։

Կրկնում եմ՝ մենք 21 տարի առաջ այդ գաղափարը դրեցինք շրջանառության մեջ, հետևաբար՝ մենք չենք կարող դիտարկել Հայաստանի ապագան՝ առանց Քարվաճառ։ Կարո՞ղ ենք պահել այն, ինչ ունենք, միանշանակ։ Պահելու համար պետք է ձևավորվի խելացի իշխանություն, լեգիտիմ, բանիմաց իշխանություն, որով պետք է լավը պահպանենք, իսկ լավը շատ է եղել, հրաշքներ են կատարվել Արցախում։

Ո՞վ էր պատկերացնում, որ 1991 թվականին Շուշին հայկական է լինելու, ո՞վ էր պատկերացնում, որ Քարվաճառը հայկական է լինելու, Քաշաթաղը։ Ոչ ոք։ Մենք ցանկանում էինք, որպեսզի մեր հայրենիքը վերականգնվի, բայց մենք չէինք պատկերացնում, իսկ հիմա դա այդպես է, պետք է պահպանենք։

Այլ հարց է, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծենք, իսկ դրա համար պետք է լինենք միասնական, պետք է կառուցենք մեր երկիրը, լինենք բանիմաց, մաքուր, կոռուպցիայի դեմ պայքարենք, պահպանենք մեր բնությունը։ Միանշանակ պետք է աշխատենք միասին»:

Նույն շարքից