Կորոնավիրուս Հասարակություն 

Analitik.am-ի հարցման մասնակից 4 դեղատներից 3-ում բժշկական դիմակներ չկան

analitik.am

Վերջերս քաղաքացիների մոտ խուճապ առաջացրած հայտնի կորոնավիրուսն ակտիվ քննարկումների առիթ է դարձել: Քաղաքացիները տագնապահար ահազանգում են, որ դեղատներում բացակայում են բժշկական դիմակները, իսկ եղածները՝ թանկ են:

Այսօր՝ Analitik.am-ը Երևանի մի քանի դեղատներում հարցում կատարեց, հասկանալու, թե ինչպես կմեկնաբանեն ստեղծված իրավիճակը:

Մեզ հետ զրույցում «Ալֆա-Ֆարմ», «Նատալի ֆարմ» և «36,6» դեղատներից ասացին, որ այս պահին բժշկական դիմակներ չունեն: Նրանք նշեցին, որ դիմակներն արդեն մեկ ամիս է վերջացել են, հստակ չեն կարող ասել, թե երբ են ստանալու նոր խմբաքանակ:

Դեղատներից նաև հայտնեցին, որ բժշկական դիմակների պահանջարկը բավականին մեծացել է, իսկ դրանց բացակայությունը քաղաքացիների մոտ մեծ խուճապ և բողոք է առաջացնում:

Համացանցում լուրեր էին պտտվում, որ կորոնավիրուսի ակտիվացման հետ կապված դեղատներում բժշկական դիմակների գները բարձրացել են: Մեզ հետ զրույցում դեղատներից հերքեցին տեղեկությունները, թե թանկացրել են բժշկական դիմակները:

Մենք խոսեցինք նաև, «Լևոն և Լամար» դեղատան տնօրեն Լևոն Մոսինյանի հետ, ով ասաց, որ իրենց բոլոր դեղատներում բժշկական դիմակներ կան:

Նշենք՝ այսօր լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ ազդեցություն չունեն վիրուսի դեմ պայքարի հարցում: Նա նաև ասաց, որ հատկապես բաց տարածքներում դրանք կրելու իմաստ չկա. «Դրանց ետևից ընկնելու կարիք չկա: Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությունով հիվանդի հետ աշխատելիս: Այդ բժշկական դիմակները հիմնականում բժշկական անձնակազմի համար են՝ առօրյա աշխատանքում: Դրանք, անկախ կորոնավիրուսի տարածումից, կրվում են: Այդպես էլ պետք է լինի: Դրանք փողոցում կրելու կարիք չկա»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից