Տնտեսություն 

Այնպիսի տպավորություն է, որ բանկերի նպատակը թանկ վարկեր տալն է. Սերժ Սարգսյան

analitik.am

Ցրտահարության պատճառով գյուղացիական շատ տնտեսություններ լուրջ վնաս են կրել, կառավարությունն աշխատում է նրանց օգնելու ուղղությամբ: Այդ մասին ասելէ  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ ապրիլի 4-ին Կենտրոնական բանկի աշխատակիցների հետ հանդիպմանը:

«Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարություն եւ Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, եւ անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ եւ էլ առավել, աշխատել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի համոզմամբ, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության եւ մարման ժամանակացույցերի մի փոքր ավելի բարենպաստ եւ մեղմ դարձնելուն: «Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին մեր արժույթի, մեր դրամային վարկերով: Դա չափազանց էական նշանակություն ունի նաեւ մարդկանց ապագայի համար, նաեւ իրենց ավելի ապահով զգալու համար: Այս ուղղությամբ էլ մենք կարող ենք անելիքներ ունենալ եւ, իհարկե, պետք է անպայման, շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»,-ընդգծել է նախագահը:

Նրա կարծիքով, եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթեւացնել, անպայման պետք է անել: Նախագահը նշել է, թե մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալն է կամ հնարավորինս փող աշխատելը, եւ որ Կենտրոնական բանկն այս առումով, իբր թե, նպաստում է մասնավոր բանկերի գործունեությանը, եւ վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ խոսքը գերշահույթների մասին է:

Նախագահի խոսքով, տուժած տնտեսությունների դեպքերը թեեւ, իհարկե, մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն է, բայց մյուս կողմից էլ լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերը, ընդհանրապես, ֆինանսական մեր համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ: «Ուստի, ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք եւ այդ մարդկանց հետ շփվեք: Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք եւ, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք: Ես ուզում եմ այստեղ նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա՝ իհարկե, ցանկացած օգնություն, ցանկացած օժանդակություն լավ է, եթե անունը օգնություն է, օժանդակություն է, բայց ցանկալի է, որպեսզի այդ օժանդակությունը, օգնությունը լինի ամբողջական: Ի՞նչ նկատի ունեմ. եթե մի մասին օժանդակում ենք, մի մասին չենք օժանդակում, իհարկե, խոսքս նույն վիճակում գտնված մարդկանց մասին է, այստեղ մենք, միգուցե, ուղղակի կոպիտ սխալ ենք թույլ տալիս: Խոսքս նաեւ ուսումնասիրություններին է վերաբերում: Շատ լավ կլինի, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրություններն ամբողջական անել»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նույն շարքից