Կորոնավիրուս Հասարակություն 

Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է

analitik.am

Հայաստանում կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ միակ պացիենտի վիճակը լավ է, նա ջերմություն չունի։ «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն էլ գանգատներ չունեն: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

««Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք հատուկ պայմաններում են բնակվում այս օրերին, նույնպես իրենց լավ են զգում: Հյուրանոցում մեկուսացվածները ևս 12 օր կմնան Ծաղկաձորում, կորոնավիրուսի թեստ կանցնեն երկու անգամ, եթե այդ թեստերն էլ բացասական լինեն, նրանց կճանապարհենք տուն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս պահին փետրվարի 28-ի Թեհրանի չվերթով Երևան եկած քաղաքացին մնում է կորոնավիրուսի միակ վարակակիրը։ «Զվարթնոց» օդանավակայանում խիստ հսկողության տակ են հատկապես Հռոմի և Միլանի չվերթները:

«Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են»,- տեղեկացրեց «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։ Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ շնչառական վարակի նշաններ է ունեցել. - «Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:

Արդյո՞ք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում: Արսեն Թորոսյանը հոսպիտալացված այս ուղևորին առաջարկում է չառանձնացնել. - «Նա միակ քաղաքացին չէ, որ այս պահին գտնվում է մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, բազմաթիվ քաղաքացիներ են գտնվում, որոնք սպասում են իրենց պատասխանին»:

Ըստ նախարարի՝ թեստավորումն ընթացիկ գործ է՝ 135 քաղաքացի արդեն թեստավորվել է, ու մեկ բացառությամբ մյուսների մոտ կորոնավիրուսի վարակը բացառվել է։ Միլան-Երևան չվերթով ժամանածները «Զվարթնոցի» ժամանման սրահ էին մտնում հիմնականում դիմակներով»,-ասված է հրապարակման մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից