Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիայից այսօր 2 ինքնաթիռ կժամանի Հայաստան. օդանավակայանում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ

analitik.am

Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը  հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում «Զվարթնոց» օդանավակայանում։  Ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղեւորները զննում են անցնելու: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հայտարարության մեջ։

 

Նույն շարքից