Կորոնավիրուս Տեսանյութեր Քաղաքականություն 

ԱԺ պատգամավորներն ամբողջությամբ ընդունեցին այլոց վարակելու մասին օրենքի նախագիծը

analitik.am

 

Մարտի 23-ին Ազգային ժողովը շարունակել է մարտի 20-ին հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Մասնավորապես առաջարկվում է պատասխանատվություն սահմանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար: Նաև առաջարկվում է գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 182.3-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ որպես զանցանք նախատեսելով լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: Օրինագծերի փաթեթով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» և «Քրեական օրենսգրքում» առաջարկվում է սահմանել «մեկուսացում» և «ինքնամեկուսացում» հասկացությունները:

Մեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Ինքնամեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է թիրախավորել երկու օբյեկտ՝ մարդու առողջությունը և բնակչության առողջությունը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 16-րդ գլուխը լրացնել նոր՝ 124.1- ին հոդվածով՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու համար: Ընդ որում՝ եթե արարքը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ անչափահասի նկատմամբ կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ապա դրանք կդիտարկվեն որպես արարքը ծանրացնող հանգամանքները:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը, կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ մարդու առողջության և բնակչության առողջության դեմ ուղղված ոտնձգությունների նկատմամբ համարժեք գնահատական տալու համար: Կարգավորումներն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

Հարակից զեկուցմամբ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նա տեղեկացրել է, որ համատեղ քննարկման արդյունքում ընդունվել են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

 

Նույն շարքից