Քաղաքականություն 

Հայաստանի իշխանությունները Թրամփի վարչակազմի հետ չեն կարողանում աշխատել. Սուրեն Սարգսյան

analitik.am

 

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագրին տրամադրվող ֆինանսավորումը։ Մասնագետները բազմիցս ներկայացրել են Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքն ԱՄՆ-ում՝ այդ թվում նրանց ծախսած գումարներն ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով:

Analitik.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Արցախին ֆինանսավորման կրճատման համար կային մի քանի հանգամանքներ․ «Առաջինը՝ Թրամփի վարչակազմն օգնությունն ընդհանրապես կրճատել է։ Երկրորդ հանգամանքն այն է, որ ադրբեջանցի և թուրք լոբբիստներն ակտիվ աշխատանք են տանում այս ծրագրի դեմ։ Երրորդ հանգամանքը Հայաստանի պասիվ կեցվածքն է»:

Սարգսյանը նշեց, որ Արցախի օգնության դադարեցումը, որն ի դեպ, ուղղվում էր ականազերծման աշխատանքներին, կարևոր էր ոչ միայն բուն ականազերծման համար: Ըստ նրա, ոչ պակաս կարևոր էր, որ ԱՄՆ-ն չճանաչելով Արցախի անկախությունը Հայաստանից բացի միակ պետությունն էր, որն օգնություն էր տրամադրում Արցախին: ԱՄՆ-ն տրամադրում էր միջինում 1,5 մլն դոլար։

«Այժմ Արցախը սեփական ռեսուրսները պետք է օգտագործի ականազերծման համար: Չնայած հայ լոբբիստները Վաշինգտոնում փորձում են ծրագրի համար այլ ֆինանսավորման մեխանիզմներ գտնել»,-ասաց նա և հավելեց, որ Արցախի ֆինանսավորման դադարեցումը ցույց է տալիս նաև, որ Հայաստանի իշխանությունները Թրամփի վարչակազմի հետ չեն կարողանում աշխատել:

Քաղաքագետը նշեց նաև՝ չի բացառվում, որ առաջիկայում Արցախին ֆինանսավորում տրամադրվի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար․ «Զարմանալին այն է, որ միայն Արցախի ժողովրդին են նախապատրաստելու խաղաղության, իսկ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու համար փող չեն ծախսում»։

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից