Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչպես պետք է հաղթել կորոնավիրուսը. ԱՀԿ ղեկավարի կարևոր հայտարարությունը

analitik.am

 

Նախկինում մենք հաղթահարել ենք բազմաթիվ պանդեմիաներ և ճգնաժամեր: Սա նույնպես կհաղթահարենք: Այս մասին երեկ՝ մարտի 25-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ նշելով, որ հարցն այն է, թե ինչ գնով է դա արվելու։ Համապատասխան հայտարարության տեքստը հրապարակվել է ԱՀԿ պաշտոնական կայքում։

«Մենք արդեն կորցրել ենք ավելի քան 16,000 կյանք, գիտենք, որ ավելին կկորցնենք։ Իսկ թե հետագայում որքան կկորցնենք, կախված է նրանից, թե ինչ որոշումներ կկայացնենք և ինչ գործողություններ կձեռնարկենք հիմա»,-ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար շատ երկրներ ներդրել են աննախադեպ միջոցառումներ՝ փակելով դպրոցներն ու ձեռնարկությունները, չեղյալ հայտարարելով մարզական միջոցառումները և մարդկանց խնդրելով մնալ տանը․ «Մենք հասկանում ենք, որ այդ երկրներն այժմ փորձում են հասկանալ, թե երբ և ինչպես կկարողանան մեղմացնել այդ սահմանափակումները: Պատասխանը կախված է նրանից, թե ինչ են անում այդ երկրներն այն ժամանակ, երբ այդ սահմանափակումները տարածվում են ամբողջ բնակչության վրա»:

Նրա խոսքերով, մարդկանց խնդրելով մնալ տանը և բնակչության շարժը դադարեցնելով, այդ երկրները ժամանակ են շահում և նվազեցնում ծանրաբեռնվածությունն առողջապահական համակարգի վրա․ «Բայց ինքնին այդ միջոցները չեն մարելու պանդեմիան»:

ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ այդ գործողությունների իմաստն առավել ճշգրիտ և նպատակային միջոցներ ձեռնարկելն է, որոնք անհրաժեշտ են վարակի փոխանցումը դադարեցնելու և կյանքերը փրկելու համար․ «Մենք կոչ ենք անում բոլոր այն երկրներին, որոնք նախաձեռնել են, այսպես կոչված, «արգելափակման» միջոցներ, այդ ժամանակն օգտագործել վիրուսի վրա «հարձակման» համար: Դուք ստեղծել եք հնարավորության երկրորդ պատուհան: Հարցն այն է, թե ինչպես կօգտագործեք այն:

Մենք առաջարկում ենք 6 որոշիչ գործողություն.

Նախ՝ ընդլայնել, պատրաստել և օգտագործել ձեր բժշկական և հանրային աշխատուժը

-երկրորդ՝ ներդնել համակարգ, համայնքային մակարդակում յուրաքանչյուր կասկածելի դեպքերը հայտնաբերելու համար։

-Երրորդ՝ ուժեղացնել թեստավորման արտադրությունը, հզորությունը և հասանելիությունը։

-Չորրորդ՝ որոշել, հարմարեցնել և վերազինել այն միջոցները, որոնք դուք կօգտագործեք պացիենտներին բուժելու և մեկուսացնելու համար։

-Հինգերորդ՝ մշակել շփումների կարանտինի հստակ ծրագիր և գործընթաց։

-Վեցերորդ՝ ամբողջ կառավարության ներուժը կենտրոնացնել կորոնավիրուսը ճնշելու և վերահսկելու վրա:

Այս միջոցների ներդնումը համաճարակի ճնշման և դադարեցման լավագույն միջոցներն են, որպեսզի սահմանափակումները չեղարկելու դեպքում վիրուսը «չվերածնվի»»,-ասել է ԱՀԿ ղեկավարը:

 

Նույն շարքից