Հայաստան 

Ավարտվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը

analitik.am

Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան և Բորիս Տարասյուկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։



Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և Արևելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:



Զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Գլխավոր հանձնակատարն, անդրադառնալով հարևանության քաղաքականությանը, նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է գործընկեր լինել Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ ճանաչելով և պաշտպանելով յուրաքանչյուր երկրի ուրույն քաղաքականությունը: Յոհաննես Հանի խոսքով՝ իրենց միակ նպատակը բարեկեցիկ ապագայի կառուցումն է:



Պարոն Հանի բնորոշմամբ՝ ներկայում հարևանության քաղաքականությունը փոփոխվել է, առաջ են եկել մի շարք մարտահրավերներ հարևան երկրներում: Ուստի, հանձնակատարի խոսքով, պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել և գիտակցել, որ յուրաքանչյուր երկիր տարբեր է ոչ միայն մշակույթով, այլև քաղաքական մոտեցումներով և շահերով:



Անդրադառնալով Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությանը՝ Յոհաննես Հանը նշել է, որ ԵՄ-ը պատրաստ է հետագայում ևս համագործակցել Հայաստանի հետ, շարունակել աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների ուղղությամբ: Յոհաննես Հանի խոսքով՝ Հայաստանի հետ քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները և պատրաստ են շարունակել այն: Հանձնակատարը տեղեկացրել է, որ կշարունակեն աջակցել նաև Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:



ՀՀ ԱԺ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջունել է հանձնակատարի մասնակցությունը լիագումար նիստի աշխատանքներին:



Նրա խոսքով՝ բոլոր դիտարկումները, որոնք հնչել են, հաշվի կառնվեն հետագայում, և կշարունակվի Արևելյան գործընկերության ինտեգրմանն ուղղված քաղաքականության մշակումը:Արտակ Զաքարյանի բնորոշմամբ՝ Հայաստանի համար միշտ էլ կարևոր է եղել ԵՄ-ի հետ համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունը: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ի համար հավասարակշռված և բազմավեկտոր քաղաքականությունը շարունակում է մնալ մեր երկրի քաղաքականության կարևոր առանցքը:



Այնուհետև քննարկվել է ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտի վերաբերյալ հարցը: Հիմնական զեկուցողն էր Արևելյան գործընկերության հարևանության, աշխարհագրական համակարգման բաժնի վարիչ Անդրեա Մաթեո Ֆոնտանան: Նա մասնավորապես անդրադարձել է արդարադատության ոլորտին, ծրագրերի շրջանակում բարեփոխումների առաջընթացին:



Պարոն Ֆոնտանան նշել է, որ համագործակցում են Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ արդարադատության ոլորտում: Ըստ նրա՝ արդարադատությունը քաղաքական արժեք է, որն ունի նաև հասարակական և տնտեսական կարևոր նշանակություն: ԵՄ-ն ունի ընթացիկ արդարադատության բարեփոխումների ծրագրեր, որոնք իրականացնում է Եվրանեսթի անդամ բոլոր երկրներում: Ըստ Ֆոնտանայի՝ հիմնական խնդիրներն են կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության, արդարադատության համակարգի թափանցիկության ապահովումը:



Պատգամավորներն այնուհետև քննարկել են Եվրանեսթ ԽՎ-ի և մշտական հանձաժողովների կանոնակարգերում փոփոխությունները և ընդունել են առաջարկներ:



Եվրանեսթ ԽՎ համանախագահ Բորիս Տարասյուկը տեղեկացրել է, որ քանի որ Ուկրաինայի պատվիրակության համանախագահությունն ավարտվում է, միաձայն որոշվել է, որ համանախագահությունը կփոխանցվի Վրաստանը ներկայացնող Վիկտոր Դոլիձեին:



Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան, ինչպես նաև պատգամավորները շնորհակալություն են հայտնել Բորիս Տարասյուկին համանախագահության շրջանակում արդյունավետ աշխատանքի համար:



Եվրանեսթ ԽՎ-ը ավարտել է չորրորդ լիագումար նիստի աշխատանքները:

 

Նույն շարքից