Հայաստան 

ԼՂ հակամարտությունը, ըստ ամենայնի կմնա սառեցված. The Economist

analitik.am

Որքա՞ն կարող է շարունակվել Ուկրաինայի արևելքի, այսպես կոչված, «սառած հակամարտությունը»։ Հայաստանի վրա հայացք ձգելը կարող է որոշակի գաղափար տալ։ Ադրբեջանի հետ նրա հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի «վիճելի տարածքների» վերաբերյալ առաջին անգամ բռնկվել է 1988 թվականին և դեռևս ուժգին թափով ընթանում է։ Հայաստանի սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ մինչ օրս փակ են մնում՝ թողնելով նրան մեկուսացած և տնտեսապես լճացած։ Մարտի 19-ին ևս 3 հայ զինվորներ սպանվեցին փոխհրաձգության հետևանքով։ Այս մասին գրում է The Economist-ը։



Սրացման աճող սպառնալիքը պաշտպանության համար տանում է Հայաստանին Ռուսաստանից կախվածության, սակայն հայերն ավելի ու ավելի են հիասթափվում հարաբերություններից։ Նրանք հատկապես դժգոհ են Ադրբեջանին Ռուսաստանի զենք վաճառելուց, որը վերջին 5 տարում այդ երկրի ձեռք բերած սպառազինության 85 տոկոսն է կազմում՝ համաձայն SIPRI-ի նոր զեկույցի։



Հայաստանն այս տարվա սկզբին պաշտոնապես միացավ Եվրասիական տնտեսական միությանը՝ Մոսկվայի գլխավորած մաքսային միությանը։ Սակայն ԵՏՄ-ին միանալու որոշումն ընդունվել է ճնշման ներքո, քանի որ Ռուսաստանը սպառնում էր վերանայել իր դաշինքը, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը։



ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսությանը քիչ կնպաստի՝ ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի։ Երեք այլ անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ ընդհանուր սահմանների բացակայությունը դժվարացնում է առևտուրը։ Անդամակցությունը պահանջում է ներկայացնել բարձր սակագներ, ինչը քայքայում է մրցունակությունը և հետ պահում օտարերկրացի ներդրողներին։ Դա մտավոր սեփականության իրավունքի թույլ պաշտպանվածության հետ կարող է սպառնալ տնտեսության որոշ լուսավոր կետերի, ինչպիսին է, օրինակ, ՏՏ ոլորոտը, որը 2013 թվականին նպաստել է ՀՆԱ-ի աճին 5 տոկոսով։



Ռուսաստանի տնտեսական խնդիրները՝ պայմանավորված նավթի անկող գներով ու միջազգային պատժամիջոցներով, լրացուցիչ վնասի պատճառ են դարձել։ Արտերկրից դրամական փոխանցումները կազմել են 2013-ի Հայաստանի ՀՆԱ 21 տոկոսը։ 2014-ին դրանք նվազել են 7.7 տոկոսով։ Ռուսաստանը հազարավոր հայերի հայրենիք է հետ ուղարկել՝ իբրև թե միգրացիոն օրենքների խախտման համար, դեռ ավելին կարելի է սպասել։



Արտահանումը հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 22 տոկոսով, և Կենտրոնական բանկը 2015-ին խղճուկ աճ է սպասում։



Բոլորին հայտնի հիասթափությունը վրա հասավ հունվարին՝ այն բանից հետո, երբ ռուս զինվորը Գյումրի քաղաքում սպանեց հայ ընտանիքի 6 անդամի։ Զինվորն արագորեն խորհրդավոր կերպով հափշտակվեց՝ Ռուսաստանում դատվելու համար։ Հազարավոր հայեր դուրս եկան փողոցներ՝ բողոքելով և´ Ռուսաստանի հանդգնության, և´ սեփական կառավարության ստորաքարշության դեմ։ Ոստիկանության ծանրաձեռն պատասխանը միայն բարդացրեց իրավիճակը։



Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մեջք թեքել Ռուսաստանից, սակայն կառավարությունը փորձում է ԵՄ-ի հետ նոր Ասոցացման համաձայնագիր մշակել, որը համատեղելի կլինի ԵՏՄ-ին իր անդամակցության հետ։ ԵՄ-ն դեռևս հետաքրքրված է կոմերցիոն լավ կապերով, ինչպես Ամերիկան։ Հունվարին ամերիկյան էներգետիկական ContourGlobal ընկերությունը նշանակալի ներդրում է արել Հայաստանի էներգետիկ ոլորտում։



Եվ չնայած Ռուսաստանի ազդեցության սուր վրդովմունքը կարող է աճել, այն չի թույլացնի կառավարության պահպանումն իշխանության ղեկին։ Մարտի 5-ին կառավարությունը հաղթանակ տոնեց, երբ ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, լքեց իր իսկ հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնը։


Պարոն Ծառուկյանն ընդդիմանում էր նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրությունը բարեփոխելու փորձերին՝ ուղղված երկիրը նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգ տանելուն։ Ընդդիմության առաջնորդը պնդել է, թե այդ քայլը կուժեղացնի իշխող կուսակցությանը, և փորձել է համոզել Ռուսաստանին, որ պարոն Սարգսյանն այլևս հուսալի գործընկեր չէ։ Կառավարությունը պատասխանել է նրան Ազգային անվտանգության խորհրդից վռնդելով և նրա բիզնես շահերում հետաքննություն սկսելով։



Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ իշխող կուսակցության կողմից պետական ռեսուրսների կիրառումը քաղաքական վրեժխնդրության համար Հայաստանի քաղաքականության թուլության օրինակ է։ Էլ ավելի բարոյազրկված ընդդիմության հետ Հայաստանն այժմ մոտ է միակուսակցական պետություն լինելուն։ Պարոն Ծառուկյանին աջակցելուց Մոսկվայի հրաժարվելը ենթադրում է, որ կառավարությունը վայելում է Ռուսաստանի աջակցությունը։ Այժմ կառավարությունը Երևանում, ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարատությունը, ըստ ամենայնի կմնա սառեցված։

Նույն շարքից