Առողջապահություն 

«28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին պոլիկլինիկաների միջոցով դեղերը կհատկացվեն անվճար

analitik.am

 

Այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը, նախկին «30.01» միավորի փոխարեն: Արդյունքում՝ այսուհետև «28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար՝ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով:

Նախկին որոշմամբ՝ «30.01» և ավելի միավոր ունեցող շուրջ 200 հազար շահառու օգտվել է անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի հատկացումից:

Որոշման փոփոխությամբ անվճար դեղեր ստանալու իրավունք կունենան ևս 6114 շահառու՝ նվազեցված միավորների շնորհիվ:

Բացի այդ՝ այն շահառուները (21100 անձ), որոնք դեղերը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, այժմ կստանան անվճար: Ընդհանուր շահառուների թիվը կավելանա ևս 27206-ով:

Այսպիսով՝ կունենանք բժշկական օգնության և սպասարկման ավելի հասանելի համակարգ, ինչպես նաև դեղերով անվճար ապահովում բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի համար»:

 

 

Նույն շարքից