Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանում ցեմենտի արտադրության անկումը շարունակվում է

analitik.am

 

Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 10%-ով՝ կազմելով 247,3 հազ. տոննա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:


Որպեսզի պարզ լինի, թե Հայաստանում ինչ տեմպերով է անկում ապրել ցեմենտի արատադրությունը, նշենք, որ 2008 թվականի այստեղ արտադրվել է 769,8 հազ. տոննա ցեմենտ, 2009-ի ճգնաժամի պատճառներով  այդ ցուցանիշը հասել է 467,3 հազ. տոննայի, այնուհետև 2010-ին՝ 487,6 հազարի, 2011-ին՝ 422,2 հազ., 2012-ին՝ 437,6 հազ., իսկ 2013-ին՝ 430,9 հազ.:


Տնտեսագետ Արմեն Պողոսյանի խոսքով՝ այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ ցեմենտի արտադրությունը Հայաստանում գրեթե ոչնչացման եզրին է: Ըստ նրա՝ էական նշանակություն ունի գազի գնի բարձրացումը մեր երկրում: «Գնագոյացման մեջ շատ մեծ է գազի արժեքը, դա է պատճառը»,- Analitik.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Ա. Պողոսյանը:


Իսկ տնտեսագետ Զոյա Թադևոսյանի կարծիքով՝ Հայաստանում ցեմենտի արտադրության անկման  գլխավոր պատճառը  ոչ թե գազի գնի թանկացումն է, այլ՝ շինարարության ոլորտում 2008 թվականից գրանցվող զգալի անկումը:


«Ցեմենտի արտադրությունն ուղղակիորեն կապված է շինարարության հետ, այլ խոսքով՝ շինարարությունն է ցեմենտի խոշոր սպառողը: Իսկ այդ ոլորտում 2008 թվականից գրանցվում է էական անկում: Եթե 2005 թվականին շինարարության ծավալների աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 34,2, ապա 2008 թվականին համապատասխան ցուցանիշը ունեցել է 1,7% արժեք: Իսկ 2014 թվականի հունվար-հունիսին գրանցվել է ընդամենը 0.4% աճ: Պարզ չէ, որ նման անկումը պետք է անմիջականորեն անդրադառնար շինանյութերի, այդ թվում՝ ցեմենտի արտադրության վրա»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետը:


Ինչ վերաբերում է գազի թանկացմանը, ապա հայտնի է, որ նոր սակագները գործում են 2014թ. հուլիս ամսից, ըստ որոնց՝ գազի խոշոր սպառողները (10 հազ. խորանարդ մետրից ավելի)՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար նախկին 100 հազ. դրամի փոխարեն կվճարեն 115 հազ. դրամ: Բայց, ըստ Զ. Թադևոսյանի, ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ շինարարության ծավալները մինչև հուլիս ամիսն արդեն կրճատվել են:


«Դա տեղի է ունեցել անկախ գազի թանկացումից: Ինչ խոսք, էներգակիրների թանկացումը բարձրացնում է այն ապրանքների գինը որում դրանք օգտագործվում են, բայց, եթե կոնկրետ ապարանքի նկատմամբ առկա է կայուն պահանջարկ, ապա, դրա թանկացումը չի կարող էապես ազդել արտադրության ծավալների վրա»,- համոզված է նա:


Կան տեսակետներ, որ Հայաստանի ցեմենտի արտադրությունը կարող է «վերածնվել» ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո: Այս տեսակետը բացատրվում է այն բանով, որ հնարավոր է՝ հայկական ցեմենտի արտահանման համար նոր շուկաներ բացվեն, ինչը կարող է զարկ տալ արտադրությանը:


Ըստ Զ. Թադևոսյանի՝ դա կախված է հայկական ցեմենտի նկատմամբ Մաքսային միության անդամ-երկրներում ձևավորված պահանջարկից: Սակայն նա չի կարծում, որ մինչ այժմ ինչ-որ խանգարող հանգամանք կար ցեմենտի արտահանման համար, քանի որ Հայաստանը 1994 թ-ից ԱՊՀ բոլոր երկրների հետ կնքել է ազատ առևտրի համաձայնագրեր և կարող էր օգտվել այդ համաձայնագրերի ընձեռնած հնարավորություններից` այդ երկրների շուկաները ողողեր հայկական ցեմենտով: Դա տեղի չի ունեցել և չի էլ ունենա:


«Մաքսային միությունը տնտեսական հրաշքի տարրեր իր մեջ չի պարունակում: Տնտեսական հրաշքը ենթադրում է տնտեսական խելամիտ քաղաքականություն, որը մեզանում բացակայում է: Ցեմենտի արտադրության վերականգնումը համադարման չէ, համադարմանը օրինակարգ իշխանության ձևավորումն է, իշխանություն, որը կհաստատի օրենքի և օրինականության գերակայություն, հաշվետու կլինի ժողովրդի առջև, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը կամարագրվեն որպես բարձրագույն արժեքներ, բիզնեսի համար կձևավորվի օրինական և հավասար պայմաններ և այդպես շարունակ… »,- նշեց տնտեսագետը:


Սեդա Հերգնյան


Նույն շարքից