Միջազգային 

Մերձավորարևելյան և աֆրիկյան իրավապաշտպանները Թուրքիային կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել Թուրքիայի կառավարությանը` ընդունել այդ պատմական իրադարձությունների փաստը, պատասխանատվություն վերցնել, պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցել հասցված վնասը։


«Մենք կոչ ենք անում նախագահ Էրդողանին և վարչապետ Դավութօղլուին` ճանաչել Թուրքիայի Հանրապետությանը նախորդած իշխանությունների կատարած ցեղասպանությունն ու պատասխանատվություն ստանձնել հայկական համայնքի դեմ կատարված սարսափելի հանցագործությունների համար», – նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված մի շարք կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։


Հայտարարության հեղինակները նշում են, որ Օսմանյան կայսրության առաջնորդների կողմից 100 տարի առաջ կազմակերպված արշավը հանգեցրեց հայ ժողովրդի սպանության և վտարման, իսկ հետագա թուրքական կառավարությունները պատասխանատվություն չստանձնեցին այդ էթնիկ խմբի նպատակաուղղված և համակարգված ոչնչացման համար։


«Սեփական ժողովրդի դեմ կատարված զանգվածային հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների ճանաչմամբ անգամ 100 տարի հետո Թուրքիան կարող է աջակցել տարածաշրջանում բացառիկ փորձի ձևավորմանը, որտեղ քաղաքական հակամարտությունները վերածվել են արյունալի էթնիկ և կրոնական պատերազմների», – նշվում է հաղորդագրության մեջ։


Հայտարարությունը ստորագրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եգիպտական նախաձեռնությունը` հանուն մարդու իրավունքների, Կահիրեի մարդու իրավունքների հարցերի ուսումնասիրման ինստիտուտը, Մարդու իրավունքների մասին արաբական տեղեկատվական ցանցը, Էլ Նադիմի բռնության զոհերի օգնության կենտրոնը, Մարոկկոյում Բերբերական ասոցիացիաների ազգային ֆեդերացիան և ուրիշներ։ 


Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։


Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ 

Նույն շարքից