Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Դատախազությունն ու ԱԱԾ-ն հենց կաբինետում պետք է ձերբակալեն երկրի դավաճանին. Սյունեցի

analitik.am

 

Քաղաքացիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը, պահանջում են ամբողջ կառավարության հրաժարականը, կարծելով, որ երկիրը պետք է կառավարի այն մարդը, ով պատրաստ է լուծել այսօր առկա խնդիրները:

Հիշեցնենք, որ այսօր մինչև ժամը 17:00-ն հայկական ուժերը պետք է դուրս բերվեն այն տարածքներից, որոնք իշխանությունների համաձայնությամբ արդեն համարվում են ադրբեջանական տարածք:

Քաղաքացիները պնդում են, որ այդկերպ թշնամին չափազանց շատ է մոտենում մասնավորապես Կապան քաղաքին ու հնարավոր չի լինի ապահովել մարդկանց անվտանգությունը:

Այսօր ճանապարհ փակած քաղաքացիներից մեկը նշեց, որ ով էլ այսօր գա իշխանության, դժվար գործ է անելու՝ իհարկե քաղաքացիների օգնությամբ. «Սա վերկուսակցական ակցիա է, բոլորիս խնդիրն է, որ ապրենք անվտանգ երկրում, իսկ այսօր մեր երկիրը վտանգված է»:

Քաղաքացին վկայակոչեց Պուտինի խոսքերը, որ զորքերը պետք է լինեն այն դիրքերում, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին, հիմա պետք է աշխատեն մեր դիվանագետները, որպեսզի հետնահանջ չլինի. «Բայց մենք ականատես եղանք, որ մենք չունենք դիվանագիտություն: Այս պատերազմում զինվորը չպարտվեց: Այս սահմաններն արյամբ էր գծված, իսկ հիմա մեկ գրչի հարվածով տալիս են թշնամուն: Ազգովի մատնվել ենք անտերության: Մեզ հաճելի չէ այստեղ ճանապարհ փակելը, կուզենայինք մեր գործերով զբաղվել:

Այսօր ադրբեջանցին ռուսի հետ գալիս է ու սահման է գծում, ո՞ւր են մեր պաշտոնյաները»,-ասաց քաղաքացին՝ հավելելով, որ իրենք պատրաստ են պաշտպանել իրենց հողերը, թող զինեն:

«Այսքանից հետո այս իշխանության մնալն արժեք ունի՞, իհարկե ոչ: Օր առաջ պետք է հրաժարվեն, դատ ու դատաստան պետք է լինի:

Կոչ եմ անում դատախազությանն ու ԱԱԾ-ին, զբաղվել հարցով, երկրի դավաճանին իր կաբինետում պետք է ձերբակալեն: Սա է ժողովրդավար պետության կանոնը»,-ասաց նա՝ կոչ անելով Երևանի ոստիկաններին օրինակ վերցնել Սյունյաց ոստիկաններից:

Եթե երկրի ղեկավարը գրագետ, խելոք, հայրենանվեր, ճիշտ դաստիարակություն ստացած մարդ է, հայրենասիրություն է քարոզում իր երկրի ներսում, իսկ եթե ի ծնե ծախու լրագրող կամ աբիժնիկ է, բնական է, որ պետք է եռապատկի ազգը: Մի՞թե մեր երկրում սև ու սպիտակ կա, բոլորս հայ ենք, չպետք է տարանջատում լինի»,-հավելեց նա:

Նույն շարքից