Հասարակություն 

Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը չի կարողացել թաքցնել իր ցասումը Շուշիի մասով մեկնաբանությունների պատճառով

 

Արդարացիորեն չի հանգստանում Շուշիի պատկանելության շուրջ ծավալվող դիսկուրսը: Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկն այսօր ինձ հետ հեռախոսազրույցում չէր կարողանում թաքցնել իր ցասումը և դժգոհում էր, թե ինչու որևէ մեկը չի պատասխանում այդ սխալ մեկնաբանություններին: Իմ դիտարկմանը, թե արդեն բազմաթիվ նյութեր ու պատմական տվյալներ են հրապարակվել՝ նա իրավացիորեն նկատեց, որ այդ նյութերի մեծ մասը գրվում են սոցիալական ցանցերում և բավարարվում ենք նրանով, որ մենք գրում ենք՝ մենք էլ կարդում:

Շատ կարևոր են ժողովրդագրական ու վիճակագրական տվյալները, որ այս օրերին տարբեր աղբյուրներից մեջբերվում են որպես հակափաստարկ: Բայց միայն դրանով չպիտի բավարարվել. խորքում ավելի մեծ գաղափար է դրված: Շուշին առաջին հերթին Ղարաբաղը միասնական պահելու խորհրդանիշ է (մելիքական Ղարաբաղն առաջին անգամ պառակտվել է Շուշին քոչվորներին տալով և այսօրվա «Փանահ խաները» ավելի լավ են սերտել այդ փաստը), Շուշին Արցախը Հայաստանին միացնող գլխավոր հենակետն է (տեղանքը պատկերացնողները կհասկանան, իսկ համեմատություններ սիրողների համար՝ մեր Գոլանի բարձունքն է) և, վերջապես, Շուշին մեր վերագտած ազգային արժանապատվությունը, հոգևոր- մշակութային հարուստ գանձարանը սնուցող խորհրդանիշներից մեկն է…

Իմ պատկերացմամբ, երեսուն տարվա պետականության պարագայում, երբ ղեկավարը պետք է պատասխանի որևէ հարցի, պատշաճ է, որ նրա համար անհրաժեշտ տեղեկանքներ ու տվյալներ պատրաստվեն օգնականների, խորհրդականների, ինստիտուտների կողմից: Այդ պատասխանատուներից ոչ մեկը համարձակություն չունե՞ր հուշելու, որ Շուշին Արցախի հայկականության առանցքն է, և հենց այդ պատճառով են օտարները համառորեն ձգտում կտրել այն մեզնից:

1992թ. մայիսին Շուշին ազատագրողներին այս խորքային գաղափարները ոչ ոք չի բացատրել, բայց նրանք հավատում էին, որ երկրի ազատագրումն առանց արժեքային հիմքերի անհնարին կլինի: Անիմաստ է պատճառաբանություններ փնտրել Շուշին հանձնելու համար, միևնույն է, հայոց բերդաքաղաքն ազատագրողները երբեք չեն ընդունելու այդ անփառունակ էջը: Այս ու հաջորդ սերունդների համար Շուշին շարժիչ ուժ է ու նպատակ:

լուսանկարը՝ Էդգար Քամալյանի

Աշոտ Ղուլյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից